«Ամբողջ սփյուռքը պետք է միաժամանակ կանգնի ոտքի և պահանջի, ցույցերը պետք է շարունակական և ավելի լայնածավալ լինեն». Արման Ղազարյան

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից, ինչ Ադրբեջանը տոտալ բլոկադայի ենթարկեց Արցախի Հանրապետությունը, սփյուռքի հայկական տարբեր գաղթօջախներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Լիբանանից մինչև Վիեննա ու Միացյալ Նահանգներ։ Բոլորի պահանջը մեկն էր՝ բացել արցախահայության կյանքի ճանապարհը։

Սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային զուգահեռ՝ Վիեննայում շարունակվում էին բողոքի ակցիաները՝ տեղի տարբեր պետական կառույցների մոտ։

Բողոքի ակցիայի պահանջի ու արդյունքների վերաբերյալ 168.am զրուցել է բողոքի նախաձեռնողներից Արման Ղազարյանի հետ։

Կարդացեք նաև

– Արման, բողոքի ակցիաները Վիեննայում ի՞նչ արդյունք տվեցին, ընդհանուր ի՞նչ պահանջ էր դրվել։

– Մենք խաղաղ երթ ենք կազմակերպել Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցուց դեպի Վիեննայի պետական օպերա։ Բողոքի ակցիան կազմակերպել էր Ավստրիայի հայ ուսանողական ասոցիացիան (ASV): Այն աջակցվել է նաև Վիեննայի այլ հայկական կազմակերպությունների կողմից։

Խաղաղ երթի հետ կապված մի քանի նպատակ կար.

1) Կոչ անել Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ զոհերի և տեղահանությունների հանգեցրած ռազմական ագրեսիայի համար։

2) Ավստրիայում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

3) Վիեննայում ապրող սփյուռքահայերի մեջ վերածնել պայքարի ոգին:

– Այսօր մեր սփյուռքն ի՞նչ ռեսուրսներ ունի, որոնք կարող է օգտագործել ի շահ Հայաստանի։

– Այսօր սփյուռքը կարող է անել մի քանի կարևոր բան․

Տրամադրել ֆինանսական աջակցություն թե՛ Արցախից տարհանված հայերին, թե՛ մեր երկրի պաշտպանությունով զբաղվող կազմակերպություններին։

Պահանջել իրենց կառավարությունից և այլ կազմակերպություններից, ինչպիսին է Եվրոպական միությունը, պատժամիջոցնել կիրառել Ադրբեջանի դեմ։

Նամակներ ուղարկել հայտնի թերթերին՝ իրազեկելով իրավիճակի մասին և պահանջելով նրանցից նյութեր հրապարակել։

– Այսօր, երբ Արցախը դատարկվում է, այնտեղի բնիկ բնակիչները՝ արցախահայերը, բռնի տեղահանվում են, արդյո՞ք չպետք է փոխվի սփյուռքում իրականացվող բողոքի ակցիաների բովանդակությունը։

– Կարծում ենք՝ պատժամիջոցներ կիրառելը և հնարավոր միջազգային խաղաղապահների հաստատումն Արցախում պետք է լինի մեր առաջնային պահանջը։

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան, կշարունակվե՞ն բողոքի ակցիաները, թե՞ այլ ծրագրեր կան։

– Միանշանակ։ Ցույցերը պետք է լինեն շարունակական և ավելի լայնածավալ։ Ամբողջ սփյուռքը պետք է միաժամանակ կանգնի ոտքի և պահանջի։ Մյուս ցույցը լինելու է կիրակի Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Տեսանյութեր

Լրահոս