«Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը քվեարկությունից հետո նշեց, թե զուտ բարելավող բնույթի օրենքի փոփոխությանն ընդդիմությունը կողմ չքվեարկեց:
Ընդդիմությունից արձագանք եղավ, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց՝ ինչո՞ւ եք խոսում. «Ձեր իրավունքը խոսք խնդրելն է, և երբ ես թույլ կտամ, այդ ժամանակ խոսելն է»:
Ապա Ալեն Սիմոնյանը կոշտ նկատողություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանին, երբ վերջինս, ըստ Սիմոնյանի պնդման, իր հետ «դու»-ով խոսեց:
«Նախ՝ դու-ով հետս չխոսաս, երկրորդ՝ մնա պատգամավորին սահմանած բանի, չափերի մեջ: Նորմալ պահի քեզ»,- ասաց Սիմոնյանը:
Գեղամ Մանուկյանը միջամտեց. «Ձեզ պահեք ԱԺ նախագահի կարգավիճակ ունեցող մարդու դերում, և խնդրում, պահանջում եմ՝ պատգամավորների հետ հարգալից: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ԱԺ ցանկացած պատգամավոր իրավունք ունի քվեարկելու իր խղճի մտոք կողմ, դեմ, ձեռնպահ, և ամեն քվեարկությունից հետո պարբերաբար պարոն Թունյանը թող չփորձի մանիպուլացնել, չփորձի հանրությանը մոլորեցնել: Քվեարկում է «Հայաստան» խմբակցությունը, ինչպես հանձնաժողովներում իր անդամներն ունեցել են դիրքորոշում: Քիչ առաջ օրենքի նախագծի քվեարկել ենք կողմ, որովհետև համարել ենք ճիշտ, հիմա քվեարկել ենք ձեռնպահ, որովհետև համարել ենք ճիշտ»:
Ալեն Սիմոնյանը դիմեց Գեղամ Մանուկյանին. «Իսկ ինչի՞ ա Ձեզ թվում, որ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ, նստած տեղից իրենց թույլ տալ դու-ով խոսել, իրեն թույլ տալ խոսել, և ԱԺ նախագահը չի կարող բնականոն գործունեությունն ապահովել: Ուզում եմ հասկանալ՝ Ձեր հետևում նստած պատգամավորին չեք նկատում, ԱԺ նախագահի արձագանքը նկատո՞ւմ եք»:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ երբ մանիպուլացնում են՝ մարդը նաև բորբոքվում է:
«Հարգելիս, քաղաքական ամբիոն ա, մարդը խոսք ա խնդրել, Դուք դրան ի պատասխան՝ խոսք խնդրեցիք, պատասխանեցիք, դրա համար կա կանոնակարգ-օրենք, վերջացրեք էդ երկակի ստանդարտները»,- ասաց Սիմոնյանը:
Վարման կարգով խոսեց նաև Արծվիկ Մինասյանը՝ նկատելով, որ երբ Սլեն Սիմոնյանը դիտողություն է անում, դրանից պետք է շտկի սխալը. «Ոչ թե Դուք էլ շարունակեք դու-ով խոսել, այլ դուք-ով խոսեք, որ շտկվի այդ սխալը, բայց եթե շարունակվում է այդպես…»:
Ալեն Սիմոնյանն էլ նշեց. «Նախ՝ ուրախ եմ, որ արձանագրեցիք, որ ձեր գործընկերը սխալ արեց, և ես կլսեմ Ձեր հորդորդը և հետագայում կաշխատեմ չկրկնել Ձեր գործընկերների կատարած սխալները»:
Աղվան Վարդանյանի գնահատմամբ էլ՝ սխալ արեց նաև Բաբկեն Թունյանը. «Տասնյակ կամ հարյուրավոր օրենքներ պարոն Թունյանը և ՔՊ-ական ամբողջ կազմը, որոնք բարելավող նշանակություն չունեն, ընդհակառակը՝ հակապետական, քաղաքացիների իրավունքները ոտնահարող օրենքներ են, միաձայն կողմ են քվեարկում: Սրա բացատրությունը դուք ունեք, մեր քվեարկությունների բացատրությունը մենք ունենք, խնդրում եմ՝ մնալ չափի մեջ»:
Ռուբեն Ռուբինյանն էլ խնդրեց ագրեսիվ չտանել քննադատությունները. «Պարոն Վարդանյան, ի՞նչ է նշանակում՝ մնացեք չափերի մեջ: Ձեզ ինչ-որ մեկը վիրավորե՞ց այստեղից, կամ ձեզնից որևէ մեկին, ինչ-որ անտակտ բան ասա՞ց: Սովորեք լսել քննադատություն, թե չէ, եթե մենք ձեր պես լինենք, ստեղ լավ չի լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում