«Այն իրավիճակում, որում ներկայումս հայտնվել է ՀՀ-ն, որևէ տարբերակ բացառել պետք չէ». Արեշև
«Անկանխատեսելի ու բարդ զարգացումներ կարող են լինել Հայաստանի շուրջ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին գրանցված արյունալի իրադարձություններին, ռուս խաղաղապահների դիրքավորմանը, հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ ներքաղաքական զարգացումներին։
Խոսելով, մասնավորապես, սեպտեմբերի 19-ին Արցախում Բաքվի իրականացրած ռազմական գործողության մասին ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում՝ Արեշևն ասաց, որ վերջին տարիների ընթացքում Բաքվից բավականին հստակ բացատրում և հայտարարում էին իրենց գործողությունների հնարավոր հերթականությունը, Բաքվի պահանջները ոչ երեկ, ու ոչ էլ այսօր էին դրվել սեղանին, այլ դեռևս 2020 թվականից։ Ըստ նրա, հասկանալի էր, որ շատ բան որոշված էր հենց այն ժամանակ։
«Բայց, չգիտես՝ ինչու, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ռուսաստանում որոշեցին, որ ստեղծված ստատուս-քվոն կարող է երկար շարունակվել։ Դա, ըստ իս, իրավիճակի բավականին տարօրինակ պատկերացում էր, և եթե որևէ մեկը հույս էր տալիս, ապա դա իսկապես տարօրինակ է ինձ համար։ Որքանով ինձ է հայտնի, նախորդող մի քանի ամիսների ընթացքում ռուսական կողմը բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահ կոնտինգենտի ապագայի շուրջ։
Ներկայումս ակնհայտ է դառնում, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններն այդ ծրագրերը չեղարկեցին։ Կարծում եմ, որ մարդկանց տեղահանությունից կամ էվակուացիայից հետո, ԼՂ-ից հայկական բնակչության դուրս գալուց հետո ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթները Լեռնային Ղարաբաղում կավարտվեն։
Իրավիճակը սրան էր գալիս բավականին երկար ժամանակ, և գուցե ռուսական կողմը պետք է այս մասին ավելի անկեղծ և բաց խոսեր։ Միևնույն ժամանակ պաշտոնական Երևանի, Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության՝ Արցախի հարցում՝ հանձնման քաղաքականությունը, հայտնի էր դեռևս 2018 թվականից, ուստի այստեղ ողջ պատասխանատվությունը դնել ռուսական կողմի վրա, ասել, որ մենք այստեղ ոչ մի հարցում մեղավոր չենք, բացարձակապես սխալ է։
Կցանկանայի ուշադրություն հրավիրել ՌԴ ԱԳՆ հաղորդագրության կտրուկ տոնայնության վրա։ Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, լի է ՀՀ պետականության համար ճգնաժամի վտանգով, քանի որ ինձ մոտ կայուն տպավորություն կա, որ գործող կառավարությունը կարող է նաև սրման գնալ՝ սադրելով քաղաքացիական բախումներ։ Շատ լավ հիշում ենք, որ Փաշինյանի ղեկավարման հինգ տարիների ընթացքում նա երկիրը կիսել է սևերի ու սպիտակների, հեղափոխության պահապանների և հակառակորդների։ Ենթադրել, որ դա չի կարող հանգեցնել կործանարար հետևանքների, հիմարություն կլիներ։
Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին ևս, ավելի փայլուն օրինակ է Ուկրաինան։ Այն, ինչ տեղի է ունենում, խորը տագնապ է հարուցում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Հարցին, թե ՌԴ-ն Արցախում չկարողացա՞վ, թե՞ չցանկացավ պաշտպանել բնակչությանը, Արեշևը պատասխանեց, որ խաղաղապահ կոնտինգենտն Արցախում արել է հնարավորը՝ հումանիտար աղետի մեղմման համար։
«Ռուսական կողմի հնարավորությունները կտրուկ կրճատվել էին 2020 թվականին և ավելի կրճատվեցին 2022թ. Ուկրաինայում ռազմական օպերացիայի մեկնարկից հետո, որը պահանջում է մեծ ուժեր և ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմական և քաղաքական-դիվանագիտական։ Սակայն ռուսական կողմը բանակցություններով փորձել է անել հնարավորը, որպեսզի ԼՂ-ն պահպանի այն սահմաններով, որը եղել է 2020 թվականի պատերազմից հետո՝ փորձելով զսպել Ադրբեջանին ու նրան աջակցող պետությանը։
Ես գիտեմ, թե ինչ թեզեր են շրջանառվում Հայաստանում, որ՝ այս օպերացիան Ռուսաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրականացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար, նման տեղեկություններ տարածողները ելնում են խմբային, այսրոպեական և կասկածելի նպատակներից»,- ասաց նա։
Ավելի լայն կոնտեքստում նա նշեց, որ պետք է խոստովանել՝ հետսովետական տարածքում ՌԴ օբյեկտիվ նահանջն անխուսափելիորեն այլոց մոտ ձգտում է առաջացնում ավելի հիմնավոր մուտք գործել Հարավային Կովկաս, խոսքը թե ռեգիոնալ, թե միջազգային ուժերի մասին է։
«Խոսքն այս դեպքում Թուրքիայի, ինչպես նաև Իրանի ու նրա զորքերի՝ սահմանին մոտեցման մասին է։ Եվ ՀՀ ԶՈՒ օբյեկտիվ թուլությունը սադրում է ավելի ուժեղ հարևաններին թշնամական գործողությունների, որոնք կարող են հանգեցնել ՀՀ տարածքային կորստի։ Սա շատ տագնապային է, քանի որ հետսովետական պատմության ընթացքում նման իրավիճակ երբեք չի եղել Հայաստանի հարավային սահմաններին։ Ներկայումս մենք տեսնում ենք, որ իրադարձություններն արագացվում են և կարող են ունենալ անկանխատեսելի բնույթ։ Ես չեմ կարծում, թե արդարացված են հույսերը, որոնք Երևանը կապում է Բայդենի և եվրոպական առաքելության հետ»,- նշեց Արեշևը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և իշխանամերձ քարոզչամեքենայի պնդումներին, թե փողոցում վերջին օրերին ծավալվող շարժումն ունի ռուսական աջակցություն, Արեշևն ասաց, որ այդ պնդումները լիակատար հիմարություն են։
«ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում էլ հստակ ասվեց, որ ՌԴ-ն նման բաներով չի զբաղվում։ Ի դեպ, գուցեև դա սխալ է, գուցեև ինչ-որ տեսակի թուլություն է դա, սակայն, փաստերը դիտարկելով, մենք հասկանում ենք, որ ՌԴ-ն իսկապես չի զբաղվում նման բաներով։ Այնպիսի նարատիվներ են տարածվում, այդ թվում՝ իբրև թե Հայաստան էին ժամանել մի քանի հազար վագներական ահաբեկիչներ պետական հեղաշրջում կատարելու նպատակով։ Նման տեղեկատվություն տարածել էր մերձիշխանական տելեգրամյան ալիքներից մեկը՝ նույնիսկ չփորձելով որևէ կերպ դա ապացուցել, հետո ծիծաղելի ստացվեց, երբ դա սկսեցին հերքել հենց ՌԴ հակառակորդները։
Իհարկե, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ցանկանում են հրաժարվել պատասխանատվությունից այն ողբալի իրավիճակի համար, որն առաջին հերթին նրանց պատճառով պատել է ՀՀ-ին։ Ես գտնում եմ, որ պետք չէ պատասխանատվությունը գցել մեկ այլ կողմի վրա, դա վերաբերում է նաև Ռուսաստանին»,- ասաց նա՝ կանխատեսելով առաջիկայում հնարավոր բարդ զարգացումներ ներքաղաքական դաշտում։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ Ադրբեջանը թեմային բավականին հիմնավոր է մոտենում, բոլոր մշակումներն արված են։
«Թե արդյոք այդ ամենը կմտնի՞ խաղաղության համաձայնագրի տեքստ, որը քննարկվելու է հոկտեմբերի սկզբին՝ Գրանադայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպման ժամանակ, դժվար է ասել, կամ գուցե դա իրականացվի ա՞յլ եղանակով, բարդ է ասել, բայց ինձ թվում է, որ այն իրավիճակում, որում ներկայումս հայտնվել է ՀՀ-ն, որևէ տարբերակ բացառել պետք չէ։ Կարծում եմ, որ հնարավոր է՝ վերջնագիր դրվի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, այլապես արդեն կսկսվի ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն»,- նման կանխատեսում արեց Անդրեյ Արեշևը։