Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջադարձի, նրա հայտարարությունները մերժելի են. ՌԴ ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության օրվա առթիվ ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են մեր նախկին եզրակացությունները, որ Արևմուտքից ոգեշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված Հայաստանի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ են կրում», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Փաշինյանը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջվելու գործընթացին։

«Քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, ոչ համոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացության է մատնվում, որ մեր պետությունները բազմաթիվ նմանատիպ շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ երկրների նպատակն է ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածությունը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։

«Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ։ Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն՝ սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Փաշինյանը նախընտրեց լռել»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Տեսանյութեր

Լրահոս