Ի՞նչ անկախություն, ո՞ր անկախության մասին է խոսքը, երբ դու պատրաստ ես ամեն ինչ տալ թշնամուն. Մհեր Գարագաշյան

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Հայաստանում ու Սփյուռքում հարյուր-հազարավոր քաղաքացիներ տարբեր գործողություններով փորձեցին աշխարհին պատմել Արցախում կատարվողի մասին, պահանջեցին ՀՀ-ում գործող վարչակազմի հեռացում՝ հանուն Արցախի փրկության:

Կանադայում մի քանի օր շարունակ տարբեր քաղաքներում քայլերթեր, բողոքի հավաքներ են տեղի ունենում:

«Ցանկացած հայի սրտում, ում համար Արցախը հայրենիք է, ոչ թե միայն ցավ, տառապանք կա, այլև ցասում,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը՝ տեղեկացնելով, որ նախօրեին ՀՅԴ Մոնտրեալի կառույցների նախաձեռնմամբ տեղի է ունեցել Արցախի զորակցության ժողովրդական հավաք,- Հանդիպումն այնպես չէր, որ միայն զեկուցում էինք, այլև լսում էինք ժողովրդին: Ահավոր հիասթափված, հուսախաբ, զայրացած, ուղղակիորեն տառապանքի մեջ է Կանադայի սփյուռքյան գաղութը. Արցախի հանձնումի, վաճառքի հետ չի հաշտվել:

Կարդացեք նաև

Բայց նաև կար այն հույսը, որ սա Արցախի վերջին էջը չէր. չնայած Արցախը հայաթափման ընթացքում է այս պահին, բայց մեզ մոտ այդ էջը փակված չէ: Թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մեր զգացումները, թե՞ ընդհանուր առմամբ պարզ մղումներ են, ժամանակը ցույց կտա, բայց այդ բոլորը մեզ մղում են աշխատանքը չկանգնեցնելու»:

Մհեր Գարագաշյանը փոխանցեց նաև, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Օտտավայում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի դեսպանությունների առջև, Տորոնտոյում քայլերթ է կազմակերպվել, շուտով նաև Մոնտրեալում տեղի կունենան ակցիաներ:

«Մենք կանգ առնելու նպատակ չունենք, քանի դեռ կա պաշարումը, էթնիկ զտման, ցեղասպանության վտանգն ու սպառնալիքը, և ադրբեջանական լկտի խաղաղության անունով ձեռքը երկարելու կոչերը:

Ամենաահավորը մեր, այսպես կոչված, իշխանությունների, իրողության մեջ՝ իշխանությունը զավթած վարչախմբի, կեցվածքն է՝ անցնող հոկտեմբերից ի վեր՝ Արցախը վերջնականապես Ադրբեջանի քմայքներին թողնելու, իմանալով հանդերձ, որ պատերազմ պետք է լինի, ոչ մի բան չանելու:

Այս ամենի հանդեպ, ուղղակիորեն՝ առանց խտրականության, քաղաքական բոլոր ուժերը, միությունները, կազմակերպությունները նույն տրամադրություններն ունեն: Հնարավոր է՝ լինեն անհատներ, որոնք դեռ կուրորեն հետևում են այս իշխանությունների սադրանքներին, բայց ընդհանրապես համայնքը տրամադրված է, որ այս իշխանությունները, ուշ կամ շուտ, և հույս ունենք՝ շուտ, կթողնեն ՀՀ ղեկը, կթողնեն, որ մենք մեր ճակատագրի տերը դառնանք»,- հավելեց սփյուռքահայ գործիչը:

Դիտարկմանը, որ Արցախում առկա իրողություններին զուգահեռ՝ Թուրքիան դեռևս կոչերով ու լրատվամիջոցներով նախապատրաստում է «Զանգեզուրի միջանցքը» ստանալու իր ծրագիրը, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են հանրությանը մատուցել  անկախության օրակարգեր՝ Մհեր Գարագաշյանն արձագանքեց. «Եթե իշխանության ստերի շարանը հաշվենք, արդեն միլիոնը կանցնի, և եթե այդ ստերով պետք է օրորվենք…:

Սկզբում՝ «Արցախը Հայաստան էր, և վերջ», հետո՝ 29 հազար 800 քկմ մասին խոսեց. այսպես կոչված՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, բայց հայրենասիրությունն էլ անցան, ու հիմա հանկարծ՝ անկախությունը դարձավ արժեք: Ի՞նչ անկախություն, ո՞ր անկախության մասին է խոսքը, երբ դու պատրաստ ես ամեն ինչ տալ թշնամուն: Ես համոզված եմ՝ այս գործակալական վարչախումբն ամեն ինչ արեց, որ իրագործի թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրը՝ Արևելքի՞, թե՞ Արևմուտքի հովանու տակ՝ այլևս կարևոր չէ:

Իրազեկ ենք, որ Սյունիքը հաջորդ հագրվանն է. եթե մենք իբրև ազգ չհամախմբվենք, մեր տունը չմաքրենք, ու այս իշխանությունից վերջնականապես չձերբազատվենք, իսկապես, Սյունիքը կդառնա հաջորդ թիրախը:

Այսինքն՝ վերջիվերջո, եթե բռնապետ Ալիևի, նրա հովանավոր Էրդողանի համաթուրանական երազանքն իրականության մեջ դրվի այս կամ այն աշխարհաքաղաքական նպատակներով՝ մեզ կմնա 1918 թվականի ելքը. մեր ճակատագիրը մեր ձեռքը առնել: Ուրիշ ելք չկա. աշխարհն անտարբեր դիտեց այս ամենը, բոլորի հաշիվները համընկան, և Արևելքով Արևմուտք՝ Արցախը թողեցին ադրբեջանական կազմի մեջ:

Թուրքը նույն թուրքն է, չի փոխվել. մեզ մնում է խելքի գալ, սովորել մեր սխալներից և ամեն գնով կատարել անկարելին, որպեսզի կարողանանք դիամակայել այս վտանգին, որն իսկապես օրհասի մեջ է դրել հայրենիքը, հայոց աշխարհը, Սփյուռքը: Իսկ առանց հայրենիքի՝ Սփյուռքը վերջնականորեն, ուշ կամ շուտ՝ դատապարտված է ձուլման»:

Տեսանյութեր

Լրահոս