«Հորդորում եմ Արցախի իշխանություններին ձևավորել վտարանդի կառավարություն և անցնել գործի՝ պետք է սկսել հիմա». Լարիսա Ալավերդյան
Նրանք, ովքեր հայտարարել են, որ Արցախի Հանրապետության անվտանգությունը կարող է չպաշտպանվել, բայց կարող է պաշտպանվել Հայաստանի անվտանգությունը՝ ստում են։ Բոլորն էլ գիտեին, որ մեր երկրի անվտանգության ռազմավարությունը նախատեսում էր այդ միասնական անվտանգությունը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ ցեղասպանական գործողություն է, նաև նման բնույթ է կրում Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Արցախն ու խաղաղ բնակիչներին շրջափակման մեջ պահելը։ Եվ սա ասել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոն՝ գործողությունը, որը պլանավորել, իրականացրել ու իրականացնում է Ադրբեջանը՝ ցեղասպանություն է։
«Հիմա ես պետք է ցավակցեմ ադրբեջանցիների կողմից սպանված 8-ամյա Նվերի, 10-ամյա Միքայելի և նրանց հոր համար, այդ ամենը տեղի է ունեցել, որովհետև ապաշնորհ ձևով է դրսևորվել մեր պետության քաղաքականությունը։ Մեր պետության քաղաքականությունն օրվա իշխանությունների ձեռքին պարզապես գործիք է՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունն ու գործունեությունը։ Այստեղ այն չէ, որ մարդկանց իրավունքները ոտնահարվել են, նաև այն չէ, որ որոշ սխալներ են գործել. սա նպատակային, միտումնավոր, ժամանակին պլանավորված և այդ ծրագրով դեռ 2018 թվականին եկել են։ Նրանք, ովքեր մտածում են, որ սրանք փողոցով են եկել, ուղղակի արդեն ցավակցում եմ այդ մարդկանց մտավոր ունակությունների համար։ Նրանք այդ ծրագրով են եկել, որը հընթացս կարող է փոփոխվել ու այլ դիզայն ստանալ, բայց էությունը չի փոխում։ Այս թիմը տարիներ շարունակ պատրաստվել է և եկել է զուտ ահա այս միասնական երկու խնդիրը լուծելու համար, նախ՝ Արցախն ամբողջովին բռնակցել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ Ադրբեջանին։
Ես ժամանակին ողջունել եմ մեր լրագրողների ակցիան, որով կոչ էին անում աշխարհին արթնանալու, բայց կներեք՝ Հայաստանը չի արթնացել։ Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով՝ հստակեցնենք, որ ինչպես Օկամպոն է բնութագրել՝ Արցախում տեղի է ունենում ընթացող ցեղասպանություն»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Նա հիշեցրեց, որ այս ամենից հետո տեղի է ունենում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստեր, սակայն որևէ մեկն Արցախում տեղի ունեցող ցեղասպանության մասին չի խոսում, այլ հարցը դիտարկում են՝ զուտ որպես հումանիտար աղետ, ճգնաժամ։
«Ամոթ է, իշխանության մեջ բոլոր նրանք, ովքեր գիտեն, թե ժողովրդին ուր են տանում, իսկ ժողովրդին տանում են պարզապես Դեր Զորի ճանապարհով, այսօր այս մարդիկ գալիս են Բերձորի ճանապարհով։ Նրանք հրաշալի գիտեն՝ ինչ են անում։
Իշխանությունը միշտ երկիմաստ, տասնիմաստ բաներ է ասում, որ հետո ասի՝ չէ, դուք ինձ սխալ եք հասկացել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Երևանում ընթացող բողոքի ակցիաներին և ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն, ձերբակալելուն ու կալանավորելուն, Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ասաց, որ երբեմն ինքն էլ է մասնակցում ակցիաներին և մի անգամ լսել է, թե ինչպես է փոխոստիկաններից մեկը մեկ այլ պաշտոնյայի ասել՝ դե, մի քանի օր է, այսպես կշարունակվի ու կմարի։
«Համոզմունքը, որ հանցագործություն իրականացնող իշխանությունը կմնա, ոգևորում է ոստիկանի շոր հագած, ոստիկանի կոչմանը անարժան անձանց։ Շատերը կարծում են, որ այլ պետության շահերը սպասարկող օրվա իշխանությունը եկել է փողոցով, ոչ, նա փողոցով չի եկել, նա պարզապես փողոցով քողարկվել է։
Ես հորդորում եմ Արցախի իշխանություններին՝ ձևավորել Արցախի վտարանդի կառավարություն և անցնել գործի՝ ամբողջը պետք է սկսել հիմա։ Այն, որ Ադրբեջանի ցեղասպանական հանցագործությունները պետք է հասնեն միջազգային դատարաններ՝ չեմ կասկածում, և ճիշտն այն է, որ այդ ամենն արվի պետական մակարդակով»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում