«Տեսեք Արցախի վիճակը, նույնը լինելու է Հայաստանի հետ. առաջացրեք ճգնաժամ օրինական դաշտում, փողոցային պայքարով. բերեք ազգային ուժերի». Սերոբ Գասպարյան
Արդեն 5-րդ օրն է՝ Երևանում ու մարզերում ընթանում են բողոքի ակցիաներ՝ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և արցախահայության անվտանգության ապահովում: Արցախն այսօր միայնակ է մնացել ադրբեջանական ահաբեկչության դեմ։
168.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ռազմահայրենասիրական հ/կ ղեկավար Սերոբ Գասպարյանն ասաց, որ երկիրը փրկելու միակ տարբերակն ամենուր ճգնաժամեր ստեղծելն է՝ փողոցում, կառավարման համակարգում, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր բոլոր պատգամավորները ցրեն խմբակցությունները և ԱԺ-ում ստեղծեն սահմանադրական ճգնաժամ։
«Դեռևս նախորդ տարի, երբ բոլորս դուրս էինք եկել փողոցային պայքարի, ես ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեցի, որպեսզի ցրեն ընդդիմադիր երկու խմբակցությունները կամ վայր դնեն մանդատը, այսինքն՝ գնային այնպիսի քայլի, որպեսզի խորհրդարանում ստեղծվի ճգնաժամ։ Մենք մեկ տարի առաջ կարող էինք ինչ-որ բան փոխեինք։ Եթե գնային այդ քայլին, ապա խորհրդարանը,Կառավարությունը ցրվելու էր, լինելու էին նոր ընտրություններ, ու վստահ եմ, որ այսօրվա չարիքի իշխանությունները չէին վերարտադրվի։ Նույնն էլ հիմա ենք առաջարկում՝ ԱԺ-ում ստեղծեք ճգնաժամ»,- նշեց Սերոբ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ ամեն ձևով պետք է պայքար ծավալվի, թե ԱԺ-ում, թե փողոցում, որպեսզի վաղը հայրենիք չկորցնենք։
«Տեսեք Արցախի վիճակը, նույնը լինելու է Հայաստանի հետ, եթե Նիկոլի իշխանությունը մնա։ Կոչ ենք անում նորից՝ վայր դրեք մանդատները, ցրեք խմբակցությունները, առաջացրեք ճգնաժամ թե՛ օրինական դաշտում, թե՛ փողոցային պայքարով ճգնաժամ, որպեսզի կարողանանք բերել ազգային ուժերի։
Այսօր Հայաստանում կեսն արևմտամետ է, կեսը՝ ռուսամետ, կեսը՝ չգիտեմ ինչ են։ Մարդիկ վերցնում են ուկրաինական, ամերիակական դրոշները ու շրջում են, սա ի՞նչ կապիկություն է, մենք հայամետ ենք, և ով Հայաստանի բարեկամն է, մենք նրա ձեռքը կսեղմենք։ Այսօր մենք այն վիճակում չենք, որ հայհոյենք գերտերություններին, մեր անուղեղները չե՞ն հասկանում։ Մոբիլիզացիա, եթե չենք ուզում, որ մեր երեխաներին ու մայրերին մորթեն, չգնալ կռվի, նշանակում է ինքնասպան լինել»,- շեշտեց Սերոբ Գասպարյանը։
Նա վստահ է, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ բանակին տարան ծրագրված պարտության, այնպես էլ այսօր նույնն է կատարվում՝ ամեն ինչ ծրագրավորել են։
«Այսօր ցանկացած մարդ, ով աշխատանք ունի, մտածում է՝ ճշմարտության մասին չխոսի, որ գոնե իր ընտանիքի հացը չկորցնի, բայց մենք արդեն կորցնում ենք երկիր ու պետություն։ Այդ աշխատանքի համար դողացողին կամ այն ոստիկաններին, որոնք փողոցում բողոքող երեխաներին անխնա ջարդում են, գալու են իրենց ընտանիքներին սպանելու, թող սա բոլորը լավ հիշեն»,- եզրափակեց Սերոբ Գասպարյանը։