Անկախությունը Պուտինի կամ մեկ ուրիշի մոտ պոզա ընդունելը չէ. ոչ ոք մեր անկախությանն ու ինքնիշխանությանն այնքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանը. Լևոն Զուրաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ամենաողբերգալի փաստն այն է, որ ադրբեջանական բանակի հարվածների ներքո, ռուսական անտարբերության ու Հայաստանի կողմից լքված լինելու պայմաններում Արցախի անկախությանը վերջ է տրվել:
- Տեղի է ունենում մեծագույն ողբերգություն՝ ցեղասպանության տարրերով: Միակ բանը, որ հայտնի չէ, աղետի ծավալներն են: Մորթվում է արցախյան պետականությունը:
- Ադրբեջանական բանակը գործողության անցավ, երբ հրապարակվեցին Երևանի ավագանու ընտրության արդյունքները: Սա զուգադիպությո՞ւն է… Չեմ կարծում:
- Ադրբեջանը շարունակում է Նիկոլ Փաշինյանին դիտարկել՝ որպես Աստծո կամ Ալլահի մեծագույն նվեր:
- Էս տարածաշրջանում բոլորը՝ Իրան, Պուտին, Էրդողան, Ալիև, բոլորը ստրատեգ են, հաշվարկում են իրենց քայլերը: Իր քայլերի հետևանքները չի հաշվարկում միայն Նիկոլ Փաշինյանը:
- Փաշինյանը հաճախ գիտակցել է, որ իր արածը շահավետ չէ հայ ժողովրդի համար, իմացել է՝ ինչ պիտի աներ, բայց չի արել, որ քֆուրի տակ չընկնի: Իմ խորին համոզմամբ՝ սա դավաճանություն է:
- Նիկոլի շրջապատից ձեզ մի տեղեկություն հայտնեմ: Եթե հիշում եք, Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց, որից հետո առաջին այցը կատարվեց ՌԴ, Պուտինի հետ հանդիպման, որից հետո Պուտինն ասաց՝ լավ է, որ ընտրվել ես, հիմա ժամանակն է ծանր որոշումներ կայացնելու: Դրա տակ թաքնված էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ կոմունիկացիաները բացելու վերաբերյալ, կատարելու պարտավորությունը: Ու Նիկոլը սկզբում սրընթաց գնում էր դրան, և այն աստիճանի, որ դա անհանգստացրեց վրացիներին: Հետո մեկ էլ պարզվեց, որ էդ ամեն ինչը մի կողմ է դրվում ու չի կատարվում: Անունը դրեցին, որ դա խախտում է ՀՀ ինքնիշխանությունը: Ի՞նչ է կատարվել: Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ եղան Խարկովի, Խերսոնի նահանջները, ու տպավորություն էր ստեղծվում, որ ռուսական բանակը գնում է պարտության: Եվ ահա Նիկոլի վարչակազմը ներսում քննարկումներ է անում ու ասում՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք: Ավելին, պետք էր նպաստել այդ թուլացմանը, ու դրա գլխավոր զենքը պետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը: Այդ կերպ ՌԴ-ն ստիպված կլիներ հեռանալ: Սա հիմարագույն հաշվարկ էր, որովհետև չէր կարելի այդ մի քանի պարտությունների հիման վրա գալ այն եզրակացության, որ Ռուսաստանը պարտվում է:
- Նորմալ է անվտանգության բարձիկներ փնտրելը, բայց երբ դու համարում ես, որ Հայաստանում ազդեցության տարբեր լծակներ ունեցող ուժը պարտվել է, ու դու նրա հետ կարող ես անել, ինչ ուզում ես, դա ոչ մի տրամաբանական բացատրության չի ենթարկվում:
- Նիկոլի մեծագույն սխալն էր իր կնոջը Բուչա ուղարկելն ու հակառուսական ակցիային մասնակցելը, գումարած՝ Հռոմի ստատուտը, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, գումարած «Լա Ռեպուբլիկային» տված հարցազրույցը, գումարած՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:
- Կատարվեցին կատաստրոֆիկ սխալներ. Այս մարդիկ չեն հասկանում, որ իրենց գործը հայ ազգի շահերի պաշտպանությունն է: Նիկոլ Փաշինյանն իր ամեն քայլով բերեց այս հանգուցալուծմանը: Նրա ամեն քայլը ռումբ է Հայաստանի, Արցախի անվտանգության շահերի տակ դրած: Ու սա նոր չէ: 5 տարի նա դրանով է զբաղված:
- Դուք Նիկոլի տկարամտությունը դնում եք կասկածի տա՞կ… Ես չեմ դնում: «Հարդ թոքի» ինտերվյուն և Ալիևի հետ Մյունխենյան հանդիպումը բացահայտեցին նրա տգիտությունը:
- Հանուն լայքերի ու իր աթոռի ինքը պատրաստ է կոտորածի մատնել Արցախն ու Հայաստանը: Ակցիաների ժամանակ ինքն իր կողմնակիցներին տանում էր բախման, իսկ իրեն ոչինչ չէր լինում: Ինքը պատրաստ է սեփական ժողովրդին մատնել ցանկացած փորձության ու ներկայանալ որպես զոհ, հետո ասել, որ ինքն ուղղակի մոդերատոր է: Սա իր ոճն է, պատասխանատվությունից խուսափելու ոճը:
- Հիմա Նիկոլի գլխավոր գործունեությունը լինելու է կատարվածի համար պատասխանատվության բաշխումը՝ թաքցնելու համար այն, որ այս ամենի արդյունքը բացահայտ ցինիզմով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր:
- Աշխարհը երբեք արդար չի եղել ու չի լինելու. պետք է պայքարել: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մեր շահերի համար պատասխանատու չեն, իրենք պատասխանատու են իրենց շահերի համար: Նույնը կարելի է ասել Թուրքիայի, Ադրբեջանի մասին:
- Տարօրինակ գովեստի խոսքեր հնչեցին երեկ Ադրբեջանից Նիկոլի հասցեին:
- Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո Զանգեզուրի միջանցքն է: Սա շատ ավելի դժվար է, քան Ղարաբաղի վերջնական նվաճումը: Էս հարցում Իրանը դեմ է լինելու վերաձևմանը: Դեմ են լինելու նաև այլ խաղացողներ՝ իրենց շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվելու են իրենց այդ նպատակից: Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել:
- Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ մենք հասանք այն հանգրվանին, երբ Հայաստանը գործիքազուրկ է Արցախի հետ կապված հարցում: Հիմա մենք ոչինչ չենք կարող անել: Բայց մենք պատասխանատու պիտի լինենք մտածել՝ բա հետո՞…
- Ադրբեջանը փակել է ճանապարհները, ասում է՝ չի լինելու էվակուացիա, լինելու է ինտեգրացիա: Հիմա հարց՝ եթե ես չեմ ուզում դառնալ սիստեմիկ հայատյացությամբ տառապող պետության քաղաքացի… Ուրեմն դու սեպարատիստ ես ու կգնաս բանտ:
- Ես Ալիևից ոչ մի բարեհոգություն չեմ սպասում: Իր հոր մեջ հայատյացություն չկար, ինքը դա ունի: Իրենք ինտեգրացիան այլ կերպ են պատկերացնում. Մեծ մասին բանտերը կլցնեն, մնացածն էլ ճորտի կարգավիճակում կապրի:
- Փաշինյանը ոչ միայն որպես բանակցող է տապալվել, այլև՝ որպես պետության կազմակերպիչ:
- Ադրբեջանը նաև այլ պատճառ ունի արցախցիներին դուրս գալ թույլ չտալու համար: Որովհետև եթե Արցախում հայ չի մնում, իրենք կորցնում են զանգեզուրցի ադրբեջանցիներին վերադարձնելու փաստարկը:
- Ոչ ոք մեր անկախությանն ու ինքնիշխանությանն այնքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանը: Իրեն թվում էր՝ եթե գնում, Պուտինի մոտ պոզա ընդունելով՝ նրան մեղադրում է, դա է անկախությունը: Անկախությունը պոզա չէ ու երբեք չի եղել: Անկախությունը քո բանակի, տնտեսության հզորությունն է, դաշնակիցների ճիշտ ընտրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: