
ԱԳՆ-ում հանդիպում է եղել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, տեղի են ունենում նաև առանձին հանդիպումներ

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է կազմակերպվել հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների հետ, տեղի են ունենում նաև առանձին հանդիպումներ դեսպանների հետ՝ ներկայացնելու համար իրավիճակը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Անդրադառնալով ԱԳՆ-ից կողմից իրականացվող քայլերին՝ Սաֆարյանն ասաց. «Այսօր ժամը 16:00-ին ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների հետ»:
Ներկայացվել է ընդհանուր իրավիճակը՝ ԱԳՆ հայտարարության լույսի ներքո: Մանրամասների մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:
Փոխնախարարը վստահեցրեց, որ շարունակում են աշխատանքները բոլոր ուղղություններով՝ բոլոր դեսպանությունների, դիվանագիտական առաքելությունների, ներկայացուցչությունների ներգրավմամբ:
«Տեղի են ունենում նաև առանձին հանդիպումներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու իրավիճակը, ձեռնարկելու քայլեր Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով»,-ասաց Սաֆարյանը:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա, նաև 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա: