«Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի». Նիկոլ Փաշինյան
«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծություն, և նաև որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր, որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան էջից ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թեև կապի որոշակի խնդիրների առկայության, Արցախի հետ կապի մեջ են: Ապա փոխանցեց ընդհանուր իրեն հայտնի տեղեկությունները՝ սկզբում ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել Լեռնային Ղարաբաղի տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։
«Այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանը տեղեկատվական ուղեկցում է սկսում գործողությունների։ Մեզ համար տարօրինակ ու տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ-ի մեր գործընկերներից որևէ տեղեկություն չենք ստացել։ Իհարկե, ասել, որ այս դրությունը անսպասելի էր, չի կարելի, որովհետև ինչպես նախորդիվ ասել եմ Կառավարության նիստերում, մենք տեսնում էինք իրադրության լարումը։ Այսօր նաև ԱԳՆ հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր, և փաստորեն դա արդարացվեց։
Իհարկե, մենք անմիջապես Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ ենք հրավիրել, Հանրապետության ու ԱԺ նախագահների մասնակցությամբ, քննարկել ենք իրադրությունը։ Կարող ենք աել, որ այսպիսով ըստ էության Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Եվ ինչպես արդեն նշված է ԱԳՆ հայտարարության մեջ, մենք կարծում ենք, որ առաջին հերթին ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, և երկրորդը՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկվի։ Իհարկե, այս ընթացքում կան մեկնաբանություններ, որոնք, ցավոք, փորձ են անում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ։ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում։
Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն պնդումը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար։ Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է, որովհետև ինչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, «հակակահաբեկչական» գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, պիտի քաղաքացիներին հորդորեին պատսպարվել, մնալ ապաստարաններում, այնպիսի վայրեր, որտեղ կարող են խոցվել»,- շեշտեց Նկոլ Փաշինյանը։
Գնահատելով իրադրությունը Հայաստանի տեսակետից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀՀ սահմանների երկայնքով իրադրությունը կայուն է հարաբերականորեն, իրադրության տեսանելի ու իրական փոփոխություն չկա։ Միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ այս գործողությունների հիմնական և թիրախային նպատակը՝ Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։
«Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։ Նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին ու արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են։ Մենք չպետք է հնարավորություն տանք, որպեսզի որոշ մարդիկ, որոշ ուժեր արտաքին, նաև ներքին ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ։
Ցավոք, պիտի արձանագրեմ, որ ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են, ընդհուպ, Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Ահա Հայաստանի պետականությունը և պետությունը պետք է արձագանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված։ Իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, ժողովրդից, որոնք իմ խորը համոզմամբ՝ պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է։ Պիտի կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է ինձ համար, Անվտանգության խորհրդի անդամների համար, երկրի ղեկավարության համար։ Բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք։ Հասկանում եմ, որ տեղեկատվության պակաս կա, ինչը նաև պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ում հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում