Այս իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի պարագլուխ Էրդողանին լեգիտիմություն է տվել՝ մասնակցելու հարավկովկասյան խաղին. Ռուբեն Մելքոնյան
Եթե դիտարկենք այս իշխանության տարբեր կերպարների մինչիշխանական հետագիծը, կտեսնենք, որ շատերը եղել են Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ջատագովներ և աշխուժակներ։ Այն ժամանակ՝ դանդաղ, իսկ իշխանության գալով՝ ավելի սրընթաց անում են այն, ինչն իրենց քաղաքական կրեդոն է եղել, հիմա էլ կարծես անգամ էնդշպիլի են հասել, քանի որ գործընթացները շատ արագ են զարգանում։ Վեկտորի փոփոխությունն իրականում Հայաստանն արկածախնդրության ևս մեկ հանգրվանի բերել է նշանակում։ Այն, ինչ սրանք անում են, դիտարկվում է ոչ թե աշխարհաքաղաքական իրողությունների, այլ Հայաստանը կործանելու, վնասելու, վերջին անվտանգային փոքրիկ կռվաններից զրկելու համապատկերում։ Այլ կերպ մեկնաբանել այս ամենն ուղղակի հնարավոր չէ։ Սրանք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած է Հայաստան պետությունը՝ հայ ժողովրդով հանդերձ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Չակերտյալ տղայական հերոսությունները, դաշնակից երկրի պաշտոնյաներին վիրավորելը կամ հոխորտալը, մանավանդ, երբ այդ ամենը շարունակականություն չի ունենում, անլրջության և արկածախնդիր պահվածքի դրսևորումներ են։ Թուրքիան վաղուց ցանկություն ուներ մասնակից դառնալու հարավկովկասյան խաղին։ Հիմա հայաստանյան ապաշնորհ իշխանությունները ոչ միայն նրանց բերել են այդ խաղի մեջ, այլև դրանում առանձնահատուկ դեր են հատկացրել։ Իրենց քայլերով, պահվածքով, ելույթներով սրանք ավելացնում են Էրդողանի՝ խաղի մեջ գտնվելու լեգիտիմությունը։ Օրեր առաջ նույն Էրդողանն ասում էր, թե Հայաստանը սադրիչ գործողություններ է անում, հանդես էր գալիս Հայաստանի հանդեպ տարատեսակ վիրավորական արտահայտություններով։ Ի վերջո, այդ նույն Էրդողանը թուրք-ադրբեջանական տանդեմի պարագլուխն է, իսկ այդ տանդեմի ցանկությունն է Արցախի լիակատար կործանումն ու Հայաստանի վերածումը բուտաֆորիկ պետության»,- ասաց պրոֆեսորը։
«Այս ամենի համատեքստում Էրդողանին և նրա հետ զրույցն անվանել կառուցողական՝ գոնե հայկական ընկալումներին և Հայաստան պետության շահերի շրջանակին որևէ կերպ չի առնչվում։ Նման քաղաքական սեթևեթանքներ և վայրիվերումներ իրեն կարող է թույլ տալ մի պետություն կամ քաղաքական ուժ, որն ունի հստակ այլընտրանքներ։ Դրանք պետք է լինեն ոչ թե մտացածին, երևակայական, խոստումների մակարդակով, անգլիական նավերի՝ կովկասյան լեռներ գալու խոսույթի շրջանակում, այլ իրական։ Այս պարագայում ունե՞նք իրական այլընտրանք Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային զարգացումների հարցում։ Ըստ էության՝ ոչ։ Եթե, իհարկե, այլընտրանք չհամարենք Մակրոնի թվիթերյան գրառումները, որոնք միգուցե հոգու սփոփանք են, բայց իրական քաղաքական նշանակություն չունեն»,- նշեց Մելքոնյանը։
Գիտնականի կարծիքով՝ պետության ղեկավարը նախևառաջ պետք է ձերբազատված լինի արկածախնդիր մոտեցումներից, քանի որ արկածախնդիր ղեկավարը պետությունը տանում է կործանման․ «Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ պետությունը վերացել է, քանի որ իշխանությունը և կոնկրետ անձը դրսևորել են արկածախնդրական մոտեցում։ Բոլորս դժգոհություններ և հնացած ակնկալիքներ ունենք Ռուսաստանից։ Մեր պատկերացմամբ՝ ՌԴ-ի աջակցությունը մեզ պիտի լինի այնպես, ինչպես 1993-ին, երբ ռուս մարշալ Շապոշնիկովն ուղղակի սպառնաց Թուրքիային՝ չներխուժելու Հայաստան։ Իրողությունները փոխվել են, «Շապոշնիկովի համախտանիշը» վաղուց վերացել է, ռուս-թուրքական հարաբերությունները լիովին այլ մակարդակ են թևակոխել։ Միակ բանը, որը չի փոխվել, մեր միամիտ մոտեցումներն են այս իրողություններին։ Ռուսաստանից նման պահվածք ակնկալելը միամտություն է, և այդ ակնկալիքի վրա էլ ձևավորվում են մեր օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհությունները»:
«Աշխարհն ունի իր քաղաքական մոնոպոլիաները՝ ամերիկյան, ռուսական կամ չինական ազդեցության գոտիները։ Եթե մի տարածքից այդ բևեռներից մեկի ազդեցությունը դուրս է գալիս, սուրբ տեղը դատարկ չի մնում, անմիջապես մյուսի ազդեցությունն է փորձում տեղ գտնել։ Ռուսական գործոնի հեռացումն այստեղից ուղղակի նշանակում է արևմտյան գործոնի ներթափանցումը։ Իսկ Արևմուտքն այստեղ ինչպե՞ս է ներկայացված, ո՞վ է իր ներկայացուցիչն այս տարածաշրջանում։ Սկսած 1950-ականներից՝ այդ ներկայացուցիչը Թուրքիան է։ Հետևաբար՝ մտածել, որ ռուս խաղաղապահներին և ռազմակայանը կարելի է փոխարինել եվրոպացի խաղաղապահներով, կամ էլ անգլիական նավերն իբր գալու են կովկասյան լեռներ, միամտություն է։ Ռուսներին փոխարինելու են թուրք խաղաղապահները»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը: