«Նիկոլի ծրագիրը ձախողվեց. նա չքվելու է, տված խոստումներն էլ՝ հետը». Աննա Մկրտչյան

Վերջին օրերին խորհրդարանում իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադառնում էին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե շուտով, երբ կանչը հնչի, կլինի գործողությունների ժամանակը, և, որ կասկած չունի, թե Փաշինյանը կարող է կրակելու հրաման տալ և արյուն թափել։

«Ես հասկանում եմ, որ նիկոլականների անբարոյական ցինիզմը սահմաններ չունի, բայց չի նշանակում, որ մենք էլ այդ ցինիզմի մեջ պետք է տեղավորվենք և իրենց տրամաբանությամբ աշխատենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանականների արձագանքներին:

«Նիկոլ Փաշինյանը կրակել է անցյալ տարի, երբ խաղաղ ցուցարարները խաղաղ քայլում էին իր տան կողքով, որևէ գործողության, կոչի, անգամ այնտեղ շարունակականության՝ բեմահարթակ դնելու և որևէ այլ գործողության, չկար: Իսկ չենք հիշո՞ւմ, թե կառավարական մեկ այլ շենքի դիմաց ինչպես ծեծի ենթարկեցին քաղաքացիներին, ինչպես էին իր կարմիր և տարբեր գույնի գլխարկներ հագնող կենդանիները, իմ խորին համոզմամբ՝ նաև ոչ սթափ վիճակում, երևի այս տարածված թմրանյութերի ազդեցության տակ հարձակվում քաղաքացիների վրա: Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ իր աթոռի համար պատրաստ է ամեն ինչի, նա ապացուցել է, որ իր համար ամենակարևոր բանն իր իշխանության մնալն է: Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, մնում է հետևյալը՝ ապացուցենք, որ մենք էլ մեր հայրենիքի համար ենք պատրաստ ամեն ինչի: Իրենց ջղաձգումները շատ պարզ են, իրենց վախը հասկանալի է, որովհետև էնպես են ապրել էս մի քանի տարին, որ հասարակության մեջ հետագայում հանգիստ քայլելու հնարավորությունից են անգամ իրենց զրկել: Իհարկե, էդ մարդիկ պետք է վախենան»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մեղավորներ է գտնում թուրքից և ադրբեջանցուց դուրս, որովհետև նրանք են իր տերերը. «Մեկ ռուսները մեղավոր կլինեն, մեկ միջազգային դատարանը, նայած, թե որ տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը պետք է իր հերթական սուտը հյուսի, այդ ստի մեջ էլ ինքը կկարողանա իր իշխանությունը պահել: Այդ էվոլյուցիոն անբարոյականության շարունակությունն այն է, որ բոլորը հենվում են մի թեզի վրա՝ մի շնչեք, պատերազմ կլինի: Նիկոլը սկզբից իբր թե խաղաղություն բերելով, բայց այդ խաղաղությունը մորթված հայերն են, հիմա ասում է՝ հանգիստ նստեք տեղներդ, որ հանկարծ պատերազմ չլինի: Ես հիմա հայտարարարում եմ՝ Նիկոլ Փաշինյանը եթե այսօր գնա, պատերազմի հավանականությունը շեշտակի նվազելու է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հետ չքվելու են նվազագույնը մի քանի տասնյակ գործոններ, որոնք պատերազմ են բերելու Հայաստանին»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գործողությունները ռուսերեն մեկ բառակապակցությամբ կարելի է շատ լավ նկարագրել. «Ինքը ուզում է добить окончательно մեր երկիրը, Արցախի պետականությունը, այնպիսի վիճակում թողնել, որ հետո որևէ մեկը որևէ բան ուղղել չկարողանա. իր հանձնարարականն այդպիսին է: Պարզ է, չէ՞, որ դաշնակիցները, աշխարհը, երբ տեսել են գժի թղթով մեկին, կամ իր իսկ խոստովանմամբ՝ իրեն գժի տեղ դնող մեկին, իր հետ ո՛չ բանակցելու են, ո՛չ բարեկամություն են անելու, ո՛չ դաշնակցելու են: Միջազգային հարաբերությունները ենթադրում են պայմանավորվածություններ ու այդ պայմանավորվածությունների գրավոր և բանավոր պայմանավորվածություններ: Երբ, ներողություն բառիս համար, մի կիսագրագետ շուստրի գալիս է և ուզում է քո 100-ամյա դիվանագիտական ապարատների և հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքում քեզ խաբել, հետո մյուսին խաբելու զապիսը տանել՝ էն մյուսին ցուց տալ… Իրեն թվում է, թե ինքն այդպես կարողանալու է իր իշխանության շարունակականությունն ապահովե՞լ»:

Աննա Մկրտչյանը վստահ է՝ ամեն ինչ ծրագրված է, և Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի՝ Հայաստանից ինչն է զիջելու. «Դա պատահականությունների կամ համընկնումների կամ աշխարհաքաղաքական դասավորվածության արդյունք չէ, որ Հայաստանը մեկ օրում սուբյեկտից վերածվել է աշխարհաքաղաքական օբյեկտի, որ տարբեր երկրների ղեկավարներ իրենց խոսույթում սկսում են անթաքույց պաշտոնական հաղորդագրություններում ներառել, որ խոսել են Հայաստանի, Արցախի մասին՝ առանց Հայաստանի ու առանց Արցախի»:

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած փոփոխություններին՝ նա հետևյալն ասաց. «Արցախահայությունը, ամենօրյա պարբերականությամբ, ուղղակի թքում է Նիկոլի և իր նման տականքություն ունեցող բոլոր նրանց երեսին, ովքեր պարբերաբար արցախահայությանը փորձում են համոզել, որ հայերը մոռացել են Արցախի մասին, հայ ժողովրդին հետաքրքիր չէ Արցախը, հետաքրքիր չեն 120 հազար արցախահայերը, և իբր թե մեզ համար մեկ է՝ իրենք այնտեղ սովամահ կլինեն, թե ջարդի զոհ կդառնան: Այն փաստը, որ արցախահայությունն ամեն օր ապացուցում է, որ դա այդպես չէ, ակնհայտ է, որ Նիկոլին գցում է անելանելի վիճակի մեջ, որովհետև գաղտնիք չէ, չէ՞, որ Նիկոլի ստվեր աշխատող Արայիկն էր թուրք-ադրբեջանական պլանի իրագործման առանցքային գործիքներից մեկը: Հիմա Արայիկ Հարությունյան չկա, Նիկոլի խոստովանմամբ իսկ՝ ինքը շատ տխուր է այդ փաստով, ակնհայտ է, որ ինքը չի կարողանում հանդուրժել այն իրավիճակը, որ Ստեփանակերտում այսօր կա, այսինքն՝ հայկական իշխանության ձևավորումը: Դա այնքան է նյարդայնացնում դավաճան Նիկոլին, որ չի կարողանում անգամ ձևական երկու նախադասությամբ շնորհավորանք ուղարկել Արցախի նախագահին»:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է՝ շնորհավորելու բան չկա, ծանր պարտականություն է, նա արձագանքեց. «Ինչի՞, որ ինքը 2021թ. ընտրվում էր, բոլորը շատ լավ գիտեին, որ «դավաճան» պիտակը շարունակում է կրել, էդ որ իրեն շնորհավորում էին, ինչի՞ համար էին շնորհավորում, կարո՞ղ է իր գժի թղթի համար էին շնորհավորում: Ինքը տանել չի կարողանում այն իրականությունն ու իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում: Ի՞նչ պետք է անի. պետք է շարունակի հուսալքել արցախահայությանը՝ բոլոր հնարավոր ձևերով: Իր նպատակն այն է, որ Արցախն այնտեղ չդիմանա, որ Հայաստանն էլ այստեղ չդիմանա: Հիմա իր ծրագրի շրջադարձային ձախողումն այն է եղել, որ չկանխատեսված Արայիկ Հարությունյանը չքվել է. ինքը մտածում է՝ դե լավ, որ Արայիկ Հարությունյանը չքվել է, կարո՞ղ է իմ չքվելու ժամանակն էլ գա, և տրամաբանական է, որ այդպես է մտածում»:

Աննա Մկրտչյանը հավելեց. «Ժամանակը գալուն պես Նիկոլ Փաշինյանը կչքվի մեր իրականությունից այնքան աննկատ և անսպասելի, ինչպես իր իշխանազավթման պայմաններում հայտնվեց: Նրա տված խոստումներն իր հետ չքվելու են այնպես, ինչպես չքվելու է իր անդադար մեզ վախեցնող արտահայտությունները պատերազմի մասին, անդադար մեզ հուսահատեցնող իրականությունը, որ սա է, հնարավոր չէ ոչինչ անել: Հայ ժողովրդին ինքը չէ, որ պետք է ասի՝ ինչքան ծանր է հայրենիք պահելը: Բայց մեզ նիկոլական մակարդակի ստեր և վախեր պետք չեն, մեզ պետք է առողջացած և վերականգնված պետականություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի հնարավորություն՝ ապրելու արժանապատիվ, այլ ոչ թե ամեն օր արթնանալ վախով, թե՝ ուղղակի՞, թե՞ անուղղակի պետք է այսօր թուրքի դեմ կզելը լինի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս