«Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը՝ իր ՔՊ-ով, անհամատեղելի են, կա՛մ մեկը պիտի լինի, կա՛մ մյուսը». Շահե Աճեմյան

Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանն այսօր պատրաստվում է Հայաստանի ու Արցախի դեմ նոր պատերազմի, իսկ Հայաստանի իշխանությունը ձեռքերը ծալած սպասում է Ադրբեջանի հետ խաղաղության։

«Հինգ տարի է՝ Փաշինյանը, բացի կորուստից ու վնասից, որևէ օգուտ Հայաստանին ու Արցախին չի բերել և այսպես շարունակում է մեր երկրին ու ազգին վնասներ տալ։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանի իշխանություններն անհոգ նստած են, փոխանակ դիրքերն ամրացնեն, հայ տղամարդուն զինեն, կոպիտ ասած՝ նստած հետևում են, թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում։

Չեմ ուզում ահաբեկել, բայց վստահ եմ, որ Նիկոլը նորից 44-օրյա պատերազմի խաղն է խաղալու մեր գլխին»,- 168.am-ի հետ զրույցում իր մտահոգություններով կիսվեց Շահե Աճեմյանը։

Նա նաև ընդգծեց՝ մի երկիր, որը ղեկավարվում է ծախվածների ու դավաճանների կողմից, բնական է, որ վիճակն ու իրականությունն այնպիսին կլինի, ինչպես այսօր ՀՀ-ում ու Արցախում է։

Կարդացեք նաև

«Այս իշխանությունն իր երեսը թեքել է դեպի Արևմուտք, հետաքրքիր է, ի՞նչ է սպասում այնտեղից, թեպետ 5 տարի առաջ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի խամաճիկն է, արևմտյան մութ ուժերի խամաճիկն է, որը հայրենիքը ծախելու համար է։ Առաջին անգամ ես եմ ասել, որ Նիկոլը Հայաստանը հասցնելու է զրոյական կետի, ինչպես բանակցությունները հասցրեց։ Հիմա նա իր այդ աշխատանքն է անում, ու խոչընդոտող չկա։

Միշտ ասել եմ, այն օրը, երբ ազատվենք Նիկոլի իշխանությունից, մեր ամբողջական ուժը կվերականգնենք ու կկասեցնենք հայրենիքի կորուստը»,- հավելեց Շահե Աճեմյանը։

Շահե Աճեմյանն անդրադարձավ նաև Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի տեղադրած ապօրինի անցակետին ու այդտեղից հայ երիտասարդ ու տարիքն առած տղամարդկանց առևանգումներին.

«Վստահ եմ, որ ադրբեջանական կողմը ցանկ ունի, և գուցե Նիկոլ Փաշինյանի կամ ինտերպոլի ձեռքով մեզ կհանձնեն։ Ինչ ասեմ, երբ ունես պետություն, սակայն այդ պետությունում չկա իշխանություն, ապա իր քաղաքացիներն այս վիճակում կհայտնվեն։ Եվ պարզ է, չէ՞, որ այս պայմաններում Ալիևն իր ուզածը կանի։ Թող մերոնք էլ հազար հոգու անուն տան ինտերպոլին՝ ներկայացնելով, թե հայության դեմ ինչ ջարդեր ու հանցագործություններ են իրականացրել, բայց չի անում։ Ստացվում է, որ թշնամին իր քարոզչությամբ մեզանից ավելի ուժեղ է։ Ամեն օր Ալիևը հարվածում է հայ ազգին, իսկ մենք չենք կարողանում պատասխանել, որովհետև պետություն ունենք, սակայն պետականորեն չենք կարողանում գործել, քանի որ իշխանությունները դավաճանական են։

Կարծեք թե օրինաչափություն են ամեն օր մեկ զոհ ունենալը, թշնամու կրակոցները։ Այսպես ապրել այլևս չի կարելի, հասել ենք մի կետի, որ պետք է ընտրենք՝ կա՛մ աջ պիտի գնանք, կա՛մ ձախ, այսինքն՝ կամ Հայաստանը հանձնում ու ստրուկի կարգավիճակով ապրում ենք, կամ Նիկոլին հեռացնում ենք ու արժանավայել ապրում մեր հայրենիքում։ Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը՝ իր ՔՊ-ով, անհամատեղելի են, կա՛մ մեկը պիտի լինի, կա՛մ մյուսը»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։

Տեսանյութեր

Լրահոս