ԱԺ-ում ԱԳ նախարարի ասածներին ավելացնելու բան չկա. ԱԳՆ խոսնակ
Սեպտեմբերի 12-ին «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար»։
«ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի լուծումն է։ Մենք շատ անհանգստացած ենք այնտեղ ստեղծված իրավիճակով և կենտրոնացել ենք բոլոր հնարավոր միջոցներով լուծելու այն»,- ասել էր Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ վերջին օրերին ԱՄՆ-ը բանակցություններ է վարել բոլոր մակարդակներով։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե՝ վաշինգտոնյան բանակցություններից հետո գրանցվել էր փոքր առաջընթաց, նախատեսվո՞ւմ է ցանկացած միջնորդությամբ որևէ հանդիպում, ասել էր՝ հանդիպումների և բանակցությունների առաջարկ՝ հիմնականում արդեն եղած ձևաչափերով, գրեթե մշտապես կա։
«Հիմա ես չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված և նախնական պայմանավորվածություններ կան, եղել են։ Այս պահին կարող եմ ասել, որ կոնկրետ որևէ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական հանդիպումներ և քննարկումներ» ։
168.am-ը ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վաշինգտոնյան հարթակում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, հանդիպումների վերաբերյալ կա՞ն նախնական տեղեկություններ։
«Այս պահին որևէ հանդիպում վաշինգտոնյան հարթակում նախատեսված չէ։ Այն, ինչ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դրան ավելացնելու որևէ բան չկա։ Եթե հանդիպման վերաբերյալ լինի որևէ տեղեկատվություն, ապա այն կհրապարակենք»,- եզրափակեց Անի Բադալյանը։