Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար․ «Թուրան»
«Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար»։ Այս մասին գրում է «Ազատություն» ռ/կ-ն։
Պաշտոնյաները նշել են, որ Բայդենի վարչակազմն արդեն մի քանի տարի փորձում է գտնել հակամարտության արդարացի, հարատև և կայուն լուծումը, և այդ գործընթացը չի ընդհատվել։
«ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի լուծումն է։ Մենք շատ անհանգստացած ենք այնտեղ ստեղծված իրավիճակով և կենտրոնացել ենք բոլոր հնարավոր միջոցներով լուծելու այն», – ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, նշելով, որ վերջին օրերին ԱՄՆ-ը բանակցություններ է վարել բոլոր մակարդակներով։
Անցած հանգստյան օրերին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Եվրոպայի և Եվրասիայի հարցեով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ամենօրյա կապի մեջ է բոլոր կողմերի հետ և բազմիս այցելել է տարածաշրջան։