Բնակարանների վարձակալությունից գոյացած եկամտի 10%-ը ենթակա է հարկման, այլապես նախատեսվում է տուգանք. Գրիգորյան

Այս տարվա օգոստոսին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծը:

Նախագծով առաջարկվում է խստացնել ֆիզիկական անձանց կողմից վարձավճարով անշարժ գույքի տրամադրման պայմանները, որ վարձով բնակարան տվողը չկարողանա շրջանցել հարկային պարտավորությունները։

Նշենք, որ գործող օրենքով` վարձակալությամբ բնակարան տրամադրելու դեպքում սեփականատերը պետք է եկամտային հարկ վճարի գործարքի 10 տոկոսի չափով։ Կառավարությունն առաջարկում է հարկերից խուսափողների համար տուգանք սահմանել գույքի շուկայական գնի 5 տոկոսի չափով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «banali.am» անշարժ գույքի հարթակի ղեկավար Սիրարփի Գրիգորյանը Կառավարության առաջարկած փոփոխության մասին ասաց՝ քանի որ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման, այո, վարձով տրվող բնակարանից գոյացած եկամուտը ևս պետք է հարկվի, իհարկե, այս դեպքում կա ռիսկ, որ վարձով բնակարանների գները կարող են թանկանալ, բայց մյուս կողմից, շուկայում առկա են բարձր վարձավճարներ, որոնց դեպքում, այո, պետք է պետբյուջե գումարներ ուղղել։

Կարդացեք նաև

«Օրինակ՝ Ռուսաստանից ռելոկանտների գալով՝ բնակարանների վարձավճարները թանկացան, իսկ նման դեպքեր կարող են միշտ լինել։ Նման դեպքերում, կարևոր է, որ անշարժ գույքի վարձավճարից 10 տոկոսն էլ քաղաքացին վճարի պետությանը՝ որպես հարկ։ Հիմա կան 500-600 հազար դրամ վարձով գույքեր, և պատկերացրեք, որ դրա 10 տոկոսը մտներ բյուջե։ Նշեմ, որ վարձավճարի շուկան ստվերային տնտեսության մեջ մեծ տեսակարար կշիռ ունի։ Ի դեպ, նշեմ, որ մեր անշարժ գույքի հարթակը քաղաքացիներին այս հարցի վերաբերյալ ծառայություններ է մատուցում. դրանք իրավաբանական, հաշվապահական և այլ բնույթ ունեն. մենք մարդկանց բացատրում ենք՝ ինչպես է պետք դա անել, աջակցում ենք հայտարարագրերը ներկայացնելու, հարկայինից ՀՎՀՀ ձեռք բերելու և այլ հարցերում»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս