Ալիևի սպասելիքները Սամվել Բաբայանից և Նիկոլ Փաշինյանից. Ադրբեջանի գործողությունների բնույթը կախված է այս 2 անձի «հակաքայլերից»

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ է հրավիրվելու՝ երկրի նախագահի ընտրության հարցով:

«Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին: Եվ այսօր հայտնի դարձավ, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունն էլ Սամվել Բաբայանի թեկնածությունն է առաջադրել: Ավելի ուշ Արցախի ՊԲ նախկին հրամանատարին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել են՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

Ի դեպ, սեպտեմբերի 7-ին «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում Սամվել Բաբայանը նշել է, որ «Արցախում ներդրված խմբի առաջարկած թեկնածուն մեծ խնդրի է հանգեցնելու», և, որ ժողովուրդը պետք է բոյկոտի:

«Ես ինքս թեկնածու չեմ, ինձ ներքին գործերով անձնագրայինը մերժել է, և ես դատական պրոցեսներով-բանով գնում եմ, որ վերականգնեմ էդ իրավունքը: Կվերականգնենք: Ես վստահ եմ, որ այս ընտրությունը չի կայանալու, և լինելու է երկրորդ առաջադրումները, այ էնտեղ կտեսնենք, թե արդեն ինչ է կատարվում»,- ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղարը:

Կարդացեք նաև

Իսկ սեպտեմբերի 4-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում էլ Սամվել Բաբայանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունն ամբողջովին մասնակցելու է նիստին, բայց չի քվեարկելու:

«Արցախը պետք է ուղիղ բանակցությունների միջոցով կարողանանք դուրս բերել ստեղծված վիճակից, այլընտրանք չունենք: Եթե Արցախի հասարակությունն այդ օրը դուրս չգա մի մարդու պես էս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ»,- շեշտել է նա:

Դիտարկմանը՝ ի՞նչ պետք է ժողովուրդը պահանջի, Բաբայանը պատասխանել է, որ ժողովուրդը պետք է պահանջի, որ 3 հոգով չեն որոշում և Արցախի նախագահ նշանակում: Այսինքն, ըստ նրա՝ ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և որոշի, ընտրի իր առաջնորդին:

Հակադարձմանը՝ «ակնհայտ է, որ իշխանության են գալու նախկին ղեկավարները՝ իրենց ներկայացուցիչների միջոցով, ո՞րն է լինելու Ձեր դերը, կհամագործակցե՞ք նրանց հետ՝ հաշվի առնելով նրանց վերաբերմունքը Ձեր հանդեպ», ՊԲ նախկին հրամանատարը բացառել է նախկինների հետ համագործակցությունը, քանի որ խնդրի լուծումը տարբեր ձև են տեսնում, տարբեր ձև հասկանում:

«Արցախի ապագան տարբեր ձև ենք պատկերացնում: Մեկը պատկերացնում է՝ պայքարենք մինչև վերջ, սովից կոտորվենք մինչև վերջ՝ հանուն Երևանում իշխանություն փոխելու, մյուսը մտածում է՝ նստենք երկխոսության, գնանք փոխզիջումների, փոխվստահության և խնդիրները լուծենք: Հնարավո՞ր է, ասում եմ՝ այո: Տեսնենք, թե մեր հասարակությունը ո՞րն է ընտրում»,- շեշտել է ՊԲ նախկին ղեկավարը:

Հարցին՝ ո՞րն ուժերն են Արցախի նախագահի ընտրության օրը հրավիրել հանրահավաք, Սամվել Բաբայանն ասել է, որ բացի Սամվել Սերգեյի Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած քաղաքական ուժերից, մնացած բոլոր ուժերը դուրս են գալու հանրահավաքի: Ավելին, նա ակնարկել է, որ Շահրամանյանին առաջադրած ուժերում ոչ բոլորն են համաձայն նրա թեկնածությանը:

Թե ինչ տեղի կունենա Արցախում վաղը, անհամբեր սպասում է նաև Ադրբեջանը՝ պլանավորելու Արցախի դեմ իր հետագա քայլերը, դրանց բնույթը, մարտավարությունը:

Սեպտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Ֆարխադ Մամեդովը նախ չի անտեսել փաստը, որ Սամվել Բաբայանը պայքարում է նախկին «ղարաբաղյան կլանի» դեմ կամ «ռազմական խունտայի», այնուհետև շարունակել.

«Նա հիմա փորձում է կանգնեցնել այդ «ղարաբաղյան կլանը», ցանկանում է կանգնեցնել այդ պրոցեսը ներսում, նշանակել է միտինգ: Եվ Սամվել Բաբայանն ասում է՝ եթե անգամ դա չհաջողվի, ես ինքս Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության կգնամ: Եվ այս դեպքում մենք կտեսնենք, որ Բաբայանի, Վարդանյանի և «ռազմական խունտայի» կողմնակիցներն ինչ-որ տեղ կբախվեն, եթե այս կայծը տեղի ունենա… Մյուս կողմից՝ այդ ռազմական դիկտատուրայի գործողությունները… պետք չէ, որ այնտեղ կրակեն, նրանց հայտարարությունը բավական է, որ իրականացվի հատուկ գործողություն և «հայկական կամ Հայաստանի զինված խմբերը» զինաթափվեն: Այսինքն, և՛ ներքին կոնֆրոնտացիան կարող է առիթ լինել, և՛ եթե կազմավորվի այդ «ռազմական խունտան»: Եթե դաշնակները և Սամվել Շահրամանյանը չգնան բանակցությունների Ադրբեջանի հետ, ապա մենք թեման կփակենք: Այսինքն, մենք գործողություններ կիրականացնենք, որ նրանց մղենք դրան»,- շարունակել է նա:

Հաղորդավարի հարցին՝ ադրբեջանական զորքը կմտնի Ստեփանակե՞րտ, քաղաքագետը նշել է, որ դա զինվորականների որոշելիքն է:

«Ես կարծում եմ, որ առաջին փուլում դրված է ծանր զինտեխնիկայի, պահեստների և զորանոցների ոչնչացման հարցը, այդ թվում՝ ամրացված շրջանների ուղղությամբ հարվածների: Սա տեղի կունենա մոտ ապագայում: Կարող է լինել ԱՄՆ կողմից  խոստում, թե Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո մեղմացում կլինի, բայց հավատալ դրան, սակայն ամեն ինչ կարող է վերանայվել, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ դադարում է ֆինանսավորել, դիմում եմ Ադրբեջանին, որ բեռները ձևակերպեն, որ դա ճանաչում է Ադրբեջանի տարածք, նաև դիմի բոլոր զինվորականներին՝ վերադառնալ Հայաստան: Փաշինյանը դա կարող է անել, դրա համար էլ Ադրբեջանը դա պահանջում է նրանից»,- եզրափակել է ադրբեջանցի քաղաքագետը:

Ի՞նչ է ստացվում՝ Ադրբեջանն ինչ-որ հույսեր է կապում Սամվել Բաբայանի և Նիկոլ Փաշինյանի հե՞տ: Գուցե: Իսկ այն, որ Ադրբեջանի հիմնական խնդիրն Արցախի ՊԲ-ն կազմաքանդելն է, դա նորություն չէ, դրանով նաև թուլացնում է ՀՀ-ի «թիկունքը»՝ վերջինի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու հեռանկարով:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի՝ նախկինների հետ չհամագործակցելուն, ապա հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին նա կոչով դիմել էր Արցախի և Հայաստանի նախկին նախագահներին, որտեղ, մասնավորապես, ասում էր.

«Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։

Մեզանից յուրաքանչյուրն Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։

Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»:

Ինչո՞ւ հիմա նույնը չի անում Սամվել Բաբայանը՝ փորձելով առաջին հերթին երկխոսության մեջ մտնել «նախկինների» հետ և հանգել ինչ-որ կոնսենսուսի, կարող ենք միայն ենթադրել:

Սպասենք իրադարձությունների զարգացման, կարևորը, որ չհաղթի թուրք-ադրբեջանական տանդեմը, ում ձեռքով էլ դա լինի:

Ի դեպ, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը սոցցանցերում գրառում է կատարել, որ «1987-2000 թվականներին Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած ֆաշիստական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Սամվել Բաբայանը վստա՞հ է, որ ինքը դրա մեջ չէ, թե՞ այս հարցում ևս երկխոսության տեղ կա:

Հավելենք, որ 2023 թվականի փետրվարին Սամվել Բաբայանը հայտարարել էր.
«Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանավորները լավ գիտեն, որ երբ պատասխանատվություն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար։

Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»:

Տեսանյութեր

Լրահոս