«Միշել, խիզախությունը դո՛ւք ցուցաբերեք, չե՞ք ամաչում… իսկ Զախարովայի հետ ավելի կոշտ ենք խոսելու, ասելու ենք՝ դու սխալ ես». Բաբայան
Արցախում բոլոր տեսանկյուններից իրավիճակը ծանր է։ Մասնավորապես կենցաղային առումով, օրը մեկ շնչին 200 գրամ հաց է հասնում։ Սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծում հատկապես երեխաների, տարեցների համար, տրանսպորտ առհասարակ չի գործում, դեղամիջոցներ չկան, հիվանդանոցներում դժվար իրավիճակ է։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։
Արցախում նախագահի հրաժարականի ու դրան հաջորդած քաղաքական գործընթացների վերաբերյալ Դավիթ Բաբայանը փոխանցեց, որ ցանկացած քաղաքական գործընթաց, հատկապես նման, բնական է՝ առաջացնում է քաղաքական պայքարի որոշ ձևեր, սակայն ամեն ինչ պետք է ընթանա բացառապես խաղաղ ու նորմալ ճանապարհով։ Ժողովուրդը չպետք է տեղիք տա որևէ պրովոկացիայի։ «Կարծում եմ՝ ժողովուրդը տեղիք չի տա, սադրիչներին նույնպես չի հետևելու և ամեն ինչ պետք է նորմալ ձևով անցկացնենք։ Ծանր վիճակ է, շատ ծանր և այս պահի դրությամբ ցանկացած ցնցում միմիայն կդանակահարի, կխոցի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախին, որից կարող է օգտվել թշնամին։ Հատկապես, որ մենք տեսնում ենք այստեղ ու այնտեղ ինչպիսի կուտակումներ է իրականացնում»,- նշեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է կուտակումների արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, Դ. Բաբայանը նկատեց՝ Ադրբեջանը, որին սատարում է նաև Թուրքիան՝ կարող է ցանկացած պահի դիմել ցանկացած սադրանքի։ Սա աչալրջության ևս մեկ ազդակ պետք է լինի հայությանը, որպեսզի հասկանան՝ պետք է օգտվել ամեն մի հնարավորությունից։
«Արցախը գործոն է, որը չի թողնում աշխարհաքաղաքական վերաֆորմատավորումը և Արցախի ոչնչացումն անվերապահորեն վերաֆորմատավորելու է տարածաշրջանը, որոշ երկրներ այստեղից անմիջականորեն ու վերջնականապես գուցե դուրս են մղվելու, հայոց պետականության՝ Հայաստանի Հանրապետության համար մահացու վտանգ է լինելու և որևէ մեկը թող իլուզիաներով չտառապի։ Վերաֆորմատավորումն ամենաթանկը նստելու է հայոց պետականության, հայ ժողովրդի վրա, սա պետք է շատ լավ հասկանանք։ Բոլորս պետք է կրենք այդ պատասխանատվությունը, սա խաղ ու պար չէ, շոու չէ, սա արյունալի ու սարսափելի մարտահրավեր է, որին պետք է դիմակայենք. որքան հայրենասեր, պրոֆեսիոնալ լինենք, այդքան ավելի լավ ենք դիմակայելու։ Եթե չլինենք այդպիսին, ապա լինելու են արյունալի զարգացումներ»,-հավելեց Արցախին նախկին արտգործնախարարը։
Խոսելով ԱՄՆ կոնգրեսի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնած՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների մասին, Դավիթ Բաբայանն ասաց, որ ցանկացած լսում Արցախի վերաբերյալ դրական են գնահատում և որքան շատ նման միջոցառումներ տեղի ունենան, այնքան լավ։
«Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ խոսքերից ու միջոցառումներից պետք է անցնել քայլերի։ Օրինակ, լսումներ կլինեն, որոշումներ կկայացնեն, բայց եթե քայլեր չձեռնարկեն, ապա դրանից որևէ բան չի փոխվում, ընդհակառակը՝ դա գոտեպնդելու է ագրեսորին, որովհետև ասելու է՝ աշխարհը միայն խոսում է, «տուսովկա» է անում։ Մենք մտել ենք մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ բոլոր այդ զգեստները՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն՝ դեն են նետված։ Պետք է գործել, տարբեր երկրներում կան առողջ ուժեր, որոնք մտահոգ են։ ԱՄՆ-ում ունենք հզոր սփյուռք, մեր քույրերն ու եղբայրները, որոնք ամեն օր ապրում են Արցախի ու Հայաստանի ցավով, ուղղակի ամեն ինչ պետք է անենք, որ պայքարը գործնական լինի։ Մեր սփյուռքը շատ սեղմ ժամկետներում. կարծում եմ՝ պետք է վերափոխի իր գործունեության ռազմավարությունը, մարտավարությունը, որովհետև մենք միշտ շեշտը դրել ենք գաղափարների ու արժեքների վրա, պետք է այլ բան մտածել, որպեսզի ազդեցություն գործի»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանը նաև անդրադարձավ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ ըստ էության նա ասել էր, որ պետք է բացվի և՛ Բերձորի միջանցքը և՛ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ հայկական կողմից ակնկալելով խիզախ լուծումներ։
«Երբեմն զարմանում ես, չգիտես՝ տարակուսես, ինչ անես։ Իսկապես Միշելը խիզախ մարդ է, որ կարողանում է դուրս գալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և առհասարակ օրենքների դեմ։ Ի՞նչ է կատարվում, ի՞նչ կապ ունի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը Բերձորի միջանցքի հետ, եթե նա այդքան «խիզախ» է, թող կանգնի ու ասի՝ Ադրբեջանը պետք է անվերապահորեն բացի Բերձորի միջանցքը, սա միջազգային պայմանագրով նախատեսված դրույթ է։ Ի՞նչ է նշանակում «խիզախություն ցուցաբերեք», խիզախությունը դո՛ւք ցուցաբերեք, կամ հասարակ պարկեշտություն, մարդկայնություն, դատարկ խոսում եք։ Չե՞ք ամաչում, առաջին հերթին պետք է բացվի Բերձորի միջանցքը, այն փակվել է ապօրինի ձևով, բոլոր պայմանավորվությունների ու օրենքներին հակառակ։ Բարի եղեք, պահպանեք գոնե ժողովրդավարության վերջին մնացորդները։ Եթե ստորագրել եք այդ չարաբաստիկ պայմանագիրը, բարի եղեք պահպանեք, սա վերաբերում է ոչ միայն «խիզախ» Միշելին և մնացածին, այլև այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանին, դուք եք ստորագրել, դուք եք «գարանտը» գոնե պահպանեք այն, ինչ կա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության առնչությամբ էլ, թե՝ ադրբեջանական հումանիտար բեռը չպետք է այդքան քաղաքականացնել, Դավիթ Բաբայանն արձագանքեց, որ ռուսական կողմը պարտավորություն է վերցրել իր վրա, որը պետք է կատարի։
«Լավ կլինի՞, որ Մարիա Զախարովան իր ընտանիքով օրը 200 գրամ հաց ուտի, այն էլ չկարողանա գտնել։ Սա քաղաքականացնելու հարց չէ, այլ պարտավորությունների։ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, դրա համար ավելի կոշտ ենք խոսելու Զախարովայի հետ ու ասելու ենք՝ դու սխալ ես, այդ իրավունքն Արցախը վաստակել է մեր պապերով ու նախապապերով, նրանց թափած արյամբ»,- ասաց Դ. Բաբայանը։
Ինչ վերաբերում է Մարիա Զախարովայի մեկ այլ հայտարարության, որ այն պահին, երբ Հայաստանի ղեկավարը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, իրավիճակը կտրուկ փոխվեց նաև ռուս խաղաղապահների համար, Դավիթ Բաբայանը նախ ասաց, որ հայտարարությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, սարսափելի է։
«Նման բան երբեք տեղի չի ունեցել, ո՛չ մեր պատմության, ո՛չ էլ առհասարակ բոլոր երկրների պատմության մեջ։ Սա մի կողմ դնենք, 2020 թվականի պայմանագրում ի՞նչ է գրված, գրված է, որ պետք է նման բաներ լինե՞ն։ Եթե այդպես են անում, սարսափելի հարված են հասցնում Արցախին, բայց կա այդ պայմանագիրը։ Նման ձևով շարունակելը, իրոք, բերելու է նրան, որ Արցախն է վերաֆորմատավորելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզն իր որոշումներով։
Մենք ողջ հայությանը կոչ ենք անում նման բաները՝ Արցախն Ադրբեջանի կազմում, երբեք չընդունել և Արցախից չհրաժարվել։ Արցախին միայնակ թողնելը համահավասար է Արցախի ոչնչացմանը, արցախասպանդին հայությունը չպետք է մասնակցի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում