Մենք չենք կարող և իրավունք չունենք հրաժարվելու Արցախից, այն մեր ազգի և ինքնության կարևորագույն և անփոխարինելի մասն է․ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ Հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին հատկապես Արցախի խնդրի շուրջ։ Մայր Աթոռը քանիցս հայտարարել է, որ մենք չենք կարող և իրավունք չունենք հրաժարվելու Արցախից, մեր քույրերից ու եղբայրներից, քանի որ Արցախը մեր ազգի և ինքնության կարևորագույն մասերից մեկն է, այն անփոխարինելի է։ Ինչպես մեր մարմնի ցանկացած մաս է անփոխարինելի մեզ համար, որպեսզի գործենք իբրև առողջ օրգանիզմ, այնպես էլ Արցախն է։ Ինչպես ցանկացած մարզ, ցանկացած գյուղ, հայրենի հողի ցանկացած հատված է մեզ համար սուրբ, այնպես էլ Արցախը, առավել ևս, որ այն այս պահին գտնվում է դժվարին իրավիճակում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
«Փառք Աստծու, կան խմբեր, հարթակներ, որոնք փորձում են մեր գիտակցությունն արթուն պահել, բայց եթե երեկոյան Երևանում քայլենք՝ Սարյան փողոց, Հյուսիսային պողոտա, տպավորություն է, որ այս իրականությունը բացարձակ կապ չունի այն իրականության հետ։ Մինչդեռ դա միևնույն իրականության մեկ այլ մասն է, այս գիտակցության պակասը կա։ Մենք չենք ասում ժողովրդին, թե պետք է սգալ, բայց պետք է իրավիճակը սթափ գնահատել, մեր պահվածքը պիտի համարժեք լինի։ Երբ քայլում ես Հյուսիսային պողոտայով, ծայրից ծայր երգուպար է, ոչ միայն հայերեն, այլև արդեն պարսկերեն՝ այնտեղից եկած զբոսաշրջիկների կատարմամբ։ Այս իրականությունները շատ անհամատեղելի են, տպավորություն է, որ մեր հասարակությունը հայտնվել է անտարբերության խոր քնի մեջ, այն դեպքում, երբ Արցախում մարդիկ սովամահ են լինում»,- ասաց թեմակալ առաջնորդը։
«Այս անտարբերությունը գալիս է մեր մեջ բուն դրած եսապաշտությունից, այս վիճակի հիմնական մեղավորը մեր եսասիրությունն է։ Եթե հետ դառնանք, նայենք անցած երեսնամյակին, նաև այսօրվան, մեծագույն մեղքը, որը մեզ հասցրել է այս վիճակին, եսասիրությունն է, ագահությունը, միայն սեփական ցանկություններով ապրելու նեղ մտածողությունը։ Եթե մեր մեջ համայնքի կամ պետականության գաղափարը խոր նստած լիներ, այս վերաբերմունքը չէր լինի։ Բայց մեզ մոտ կա միայն եսը, լավագույն դեպքում՝ ընտանիքը, չկա համայնք, չկա պետականություն։ Երբ այսօր մարդուն ասում են, թե իր համար լավ կլինի, նա պատրաստ է ազգային-հոգևոր արժեքները, հայրենիքը դնել մի կողմ, միայն այն բանի համար, որ իրեն լավ լինի, լավ մեքենա ունենա, լավ ապրի, հաճույքներից օգտվի։ Մեր մեծագույն մեղքը սա է, և քանի որ ես-ով ենք շարժվում, այս մասին այլևս չենք մտածում»,- նշեց Սրբազան հայրը։
Հոգևորականի կարծիքով՝ մինչև մեզ համար հայրենիքը չդառնա գերակա արժեք՝ ավելի բարձր, քան մեր սեփական ընտանիքի անդամները, որևէ բան չի փոխվի, սա է պետական մտածողությունը․ «5-րդ դարի մեր պատմիչ Փավստոս Բուզանդը Մամիկոնյան տան սպարապետներից Մանվելի մասին գրում է․ «Համարձակ մեռե՛ք հանուն աստվածապաշտ հայոց աշխարհի, որովհետև հենց այդ մահն է Աստծու համար, նրա եկեղեցիների և նրա ուխտի, այս աշխարհի և նրա բնիկ տերերի՝ Արշակունիների համար»։ Հայրենիքի համար մահն Աստծու համար մահն է, սա է պետական մտածողությունը, երբ հայրենիքի համար մեռնելը համարվում է հանուն Աստծու նահատակություն։ Հայ եկեղեցին պատմականորեն միակն է աշխարհում, որը հայրենիքի համար նահատակվածներին համարում է Աստծու համար մեռածներ, այսինքն՝ դասում է սրբերին հավասար։ Չի ասում՝ մեռեք եկեղեցու համար, ասում է՝ մեռեք ձեր բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Աստծու համար մեռնելը դնում են պետության համար մեռնելուն հավասար։ Շատերին այս մոտեցումը կարող է եզակի ու հետաքրքիր թվալ, բայց դա մեր մոտեցումն է եղել, դրանով հայ եկեղեցին պետական մտածողություն է զարգացրել ազգի մեջ»:
«Դարեր շարունակ սերմանվել է, որ թագավորի համար մեռնելը հավասար է Աստծու համար մեռնելուն, թագավորը նույնացվել է պետության հետ։ Պետականության այդ ընկալումն այսօր չկա, աշխատում է միայն եսապաշտությունն ու ագահությունը, որ միայն յուրաքանչյուրիս համար լավ լինի։ Հայոց եկեղեցին 5-րդ դարից սկսած՝ քարոզել է, որ հայրենիքի համար մեռնելը հավասար է Աստծու համար մեռնելուն։ Դա մահվան ամենաբարձր տեսակն է, դրա համար հայրենիքի համար մեռածներին դեռևս 4-րդ դարում Վրթանես կաթողիկոսը դասել է սրբերի շարքին։ Ասվել է, որ նրանք մեռան, որպեսզի մենք ապահովենք մեր շարունակությունը։ Դա հավատարմություն է հայրենի հողին, անցյալին ու ապագային։ Եթե կա մի բան, որը մնում է պատմության մեջ, հայրենիքի համար նահատակությունն է»,- ամփոփեց Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։