Կոնֆրոնտացիոն խոսույթից՝ հպատակի մուղամ
Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ ունեցած խայտառակ շնորհավորական ուղերձում (այն ոչ թե շնորհավորանք էր, այլ մահախոսական), Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք հակապետական դրույթների, բացահայտել է նաև իր, իր իշխանության երկակի ու այդ երկակիությամբ՝ ստոր բնույթը։
Կասկածի տակ դնելով Հայաստանի անկախության հռչակագրի ոգին ու տրամաբանությունը, նա իր այդ մոտեցումը հիմնավորում է հետևյալ կերպ․
«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»:
Եթե ավելի պարզ, Փաշինյանի ասածը հանգում է նրան, որ Խորհրդային Միությունը մեզ «արհեստականորեն» թշնամացրել է մեր հարևանների հետ, և այդ բանաձևն էլ մեխանիկորեն դրվել է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում։ Այս թեզը, իհարկե, որևէ քննադատության չի դիմանում, քանի որ նրա ասածից ստացվում է, որ մեր հարևանների հետ թշնամալու որևէ իրական առիթ չի եղել, և տարածաշրջանային միջավայրի հետ մեր «կոնֆրոնտացիոն խոսույթը» պարտադրվել է ԽՍՀՄ-ի կողմից։
Այս տրամաբանությամբ նրա հաջորդ բացահայտումը վերաբերելու է Հայոց ցեղասպանությանը, և մի գեղեցիկ օր, բացառված չէ՝ հենց ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ իրականում 1915թ․ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, դրանք ընդամենը «ողբերգական իրադարձություններ էին Օսմանյան Թուրքիայի տարածքում, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության անհնազանդության պատճառով» (կամ որևէ այլ ձևակերպում, որը բովանդակորեն կրկնում է թուրքական քարոզչությունը)։
Բայց մի պահ ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում ու այդպես է խոսում ոչ թե դավադրաբար, այլ՝ որովհետև մանկուց ատելություն ունի ցանկացած կոնֆրոնտացիոն երևույթի նկատմամբ և անուղղելի խաղաղասեր է, այսինքն՝ պատրաստ է ամեն ինչի՝ տարածաշրջանային խաղաղության, հարևանների հետ հաշտ ապրելու համար։ Այս դեպքում, սակայն, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրությունը տարածվում է միայն թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, և այնպես չէ, որ նա դեմ է բոլոր տեսակի կոնֆրոնտացիաներին։
Փաշինյանն իշխանության է եկել Հայաստանի ներքին կյանքում գերկոնֆրոնտացիոն հռետորաբանությամբ, իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո արել է առավելագույնը՝ հասարակության հնարավորինս շատ շերտերի ու խմբերի բաժանելու, նրանց հակադրելու, կոնֆրոնտացիոն ռեժիմում պահելու համար։
Այդպես նա լուծել է նախ՝ իշխանության գալու, ապա՝ իշխանությունը պահպանելու ու ամրապնդելու խնդիրը։
Սեփական քաղաքական մտքի ու գաղափարախոսության բացակայության պատճառով, Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել ու շարունակում է առաջնորդվել միջին վիճակագրական ավտոկրատի պարզագույն, բայց փորձված բանաձևով՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։ Դրան հետևելով՝ նա հայ հասարակությանը բաժանել է հնարավորինս շատ մասերի՝ կոտրելով միավորվելու հնարավորությունը և այդպիսով պահպանելով իշխանությունը։ Բայց, փաստորեն, դա վերաբերում է նրա միայն ներքին քաղաքականությանը։
Արտաքին հարաբերություններում նա ոչ թե առաջնորդվում է Հայաստանի հետ կոնֆրոնտացիոն ռեժիմում գտնվող երկրները բաժանելու ու տիրելու, այսինքն՝ մեզ համար շահեկան վիճակի հասնելու բանաձևով, այլ ճիշտ հակառակը՝ այդ պետություններին է առաջարկում բաժանել Հայաստանը՝ վերջնականապես տիրելու նպատակով։ Այդ ճանապարհին Փաշինյանն արդեն իսկ լուծված է համարում Արցախի հարցը, որին նրա բաժանման արդյունքում փորձում է տիրել Ադրբեջանը, և հիմա անցել է Հայաստանը նույն սկզբունքով մատուցելու գործին։ Այն դեպքում, երբ երկրի նորմալ ղեկավարը նման հակադրության մեջ պետք է առաջնորդվեր ճիշտ հակառակ սկզբունքով՝ հնարավորինս միավորել, համախմբել հասարակությանը՝ արտաքին թշնամու առաջ չբաժանվելու և հակառակորդ պետությունները հնարավորության դեպքում բաժանելու (բառի գոնե փոխաբերական իմաստով) ու հայկական շահերի դոմինանտությունը հաստատելու, իմա՝ տիրելու սկզբունքով։
Հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն անթաքույց իրականացվող այս քաղաքականությանը կարող է հակադրել միայն նրա իշխանությունը բաժանելու ու Հայաստանին վերատիրանալու բանաձևը։ Ժամանակը շատ քիչ է, և հնարավոր է, որ մինչ հանրության շրջանում դրա անայլընտրանքության գիտակցության հասունացումը, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հասցրած լինի վերջնականորեն բաժանել նաև Հայաստանը՝ «կոնֆրոնտացիոն խոսույթը» փոխարինած լինելով թուրքական որևէ գյալաջիով։ Կամ հպատակի մուղամով։