Հակարիի կամրջի «ռուսական ռուլետկան». Ինչպե՞ս են ապօրինի անցակետով անցնում հայ ուղևորները

Այսօր հայտնի դարձավ, որ Բերձորի (Լաչին) միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրրբեջանական ապօրինի անցակետում առևանգվել են 3 հայ երիտասարդներ: Հայտնի է նրանցից մեկի անունը՝ Ալեն Սարգսյան՝ ծնված 2001թ.:

Ավելի ուշ պարզվեց, որ առևանգված երիտասարդներն Արցախի Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի անդամներ են: Ադրբեջանցիները նաև տեսանյութ տեղադրեցին, որ հայ երիտասարդներին առևանգել են Ադրբեջանի դրոշն իբր անարգելու համար՝ տեղադրելով տեսանյութ, որում, ըստ իրենց, նշված անձինք են Ադրբեջանի դրոշը տրորողները:

168.am-ի հետ զրույցում Հակարիի «վիճակախաղի» մասնակիցները (որովհետև չգիտես՝ այդ անցակետից Հայաստան կհասնե՞ս, թե՞ ադրբեջանական բանտ) մանրամասներ ներկայացրեցին անցակետ կոչվածում տեղի ունեցող ողջ սարսափի վերաբերյալ:

Այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան ուղևորվող ավտոշարասյան մեքենաներից մեկը Հայաստան է բերել «Դասավանդիր, Հայաստան» կրթական ծրագրի՝ Արցախում տևական ժամանակով գտնվող մասնակիցների խմբին, ովքեր իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելուց հետո չէին կարողանում վերադառնալ Հայաստան:

Կարդացեք նաև

Նախ պետք է նշել, որ Հայաստանից սեփական տրանսպորտային մեքենաներով Արցախ մեկնած ու այնտեղ պաշարման մեջ հայտնված մարդիկ Հայաստան վերադառնալիս Արցախում են թողնում իրենց մեքենաները, որովհետև վերադառնում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, նրանց տրամադրած տրանսպորտով: Ռուս խաղաղապահները անցկացնում են ուղևորներին, սակայն Հայաստանում՝ Գորիսի հատվածում, արդեն նրանք իրենք պետք է հոգան իրենց տեղաշարժի խնդիրների լուծումը:

Առհասարակ մեզ ասացին՝ ապօրինի անցակետում ստուգման ողջ գործընթացը տևում է մոտ 5-6 ժամ: Մասնավորապես ուղևորներին մանրամասն զննում են, վերցնում նրանց անձնագրերը, որոնք ոչ թե տեղում ստուգվում ու վերադարձվում են, այլ մոտ մեկ ժամ ուսումնասիրվում անձնագրերի տերերի աչքից հեռու, որից հետո նոր միայն վերադարձնում են դրանք:

Պատկերացնել է պետք միայն, թե ինչ ապրումներ են ունենում ադրբեջանական անցակետով անցնող ուղևորները, մինչև որ նրանց են վերադարձնում իրենց անձնագրերն ու ասում, որ կարող են գնալ:

Մեզ ասացին՝ իրենք չեն տեսել՝ ինչպես են տարել տղաներին, բայց դեպքի մասին լսել են իրենց ուղեկցող ռուս խաղաղապահներից: Վերջիններս ասել են, որ ավտոշարասյունից հայերի են տարել: Ընդ որում, երևացող անցակետից բացի, կա նաև մեկ չերևացող ադրբեջանական հենակետ: Հենց այդտեղ են տանում «կասկածելի» հայ ուղևորներին: Ենթադրաբար բռնությունն էլ բոլորի աչքից հեռու նույնպես այդտեղ է կիրառվում հայերի նկատմամբ:

Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման, սակայն ինչ էլ որ լինի, ինչպես քիչ առաջ գրել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, «ադրբեջանական իշխանությունների ախորժակը նոր է բացվում», և այն, ինչ տեղի է ունեցել արցախցի ֆուտբոլիստների հետ, վստահաբար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ, քանի դեռ մեր իշխանություններն առաջ են մղում կեղծ խաղաղասիրական թեզերը:

Տեսանյութեր

Լրահոս