Լոգիկա կա՝ կյանքը կրկես կարող է լինել. ուժային ակրոբատ

Հայաստանում են ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները: Նրանք հանրությանն առավել հայտնի դարձան ռուսական «Փառքի րոպե» մրցույթում հաղթելուց հետո: Առաջիկա ծրագրերի, ակրոբատիկայի, կրկեսի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գևորգ Վարդանյանի հետ:

Գևորգ, այս անգա՞մ ինչն է Վարդանյան եղբայրներին բերել Հայաստան:

– Այս անգամ Հայաստան ոչ միայն հյուր ենք եկել, այլև ներկայացնելու ենք շրջիկ կրկես՝ առանց կենդանիների, որովհետև, ինչպես հայտնի է, վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում՝ ՀՀ-ում արգելված է: Լինելու է բազմաժանր ծրագիր, արտիստները տարբեր երկրներից են. կան կրկեսի, հեռուստաշոուներին մասնակցած դերասաններ:

Երեխաներին հաճախ գրավում են կրկեսի վայրի կենդանիները. դրա բացակայությունը Ձեր ներկայացումներում կխանգարի՞, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

– Ժամանակները փոխվում են, և մարդիկ մի քիչ ուրիշ ձևով են մտածում դրա մասին: Շատ ժամանակ ասում են՝ կրկես չենք գնա, որովհետև կենդանիների հոտը դուր չի գալիս: Մարդիկ էլ կան՝ հակառակը, գալիս են, որ կենդանիներ տեսնեն, ծաղրածուի: Ամեն մարդ իր ճաշակն ունի, բայց չի կարելի ասել, որ առանց կենդանիների հնարավոր չէ:

Կարծեմ ուղտեր ունեք, հանդես գալի՞ս եք նրանց մասնակցությամբ:

– Ոչ, որովհետև հասկանում ենք, որ մեր ճանապարհը կենդանիների հետ չի առնչվելու: Մեզ համար առանց կենդանիների ավելի լավ է:

Ուժային ակրոբատիկայի ոլորտ Ձեզ տարել է Ձեր հորեղբայրը, երբ շատ փոքր եք եղել՝ 4 և 3 տարեկան: Ո՞ր հնարքով գրավեց նա Ձեզ:

– Աթոռների վրա մի համար ուներ, ու միշտ զարմանում էինք, քանի որ գիտեինք՝ աթոռին միայն նստում են, իսկ ինքը շամպայնի շշերով ինչ-որ բուրգ էր սարքում, բարձրանում: Ինձ մոտ չստացվեց իր ժանրը, որովհետև ուժեղ բալանսի հետ է կապված:

– Ձեր ընտանիքի անդամները փայտագործներ են եղել: Միտք չի՞ եղել շարունակել իրենց գործը, կամ տիրապետո՞ւմ եք այդ արհեստին:

– Հորեղբայրս սովորեցրել է, փայտի հետ շատ լավ «ընկերություն» ենք անում ու շատ ժամանակ մեր գործիքներն ինքներս ենք պատրաստում ու, եթե չունենայինք հմտությունը, որը մեզ փոխանցեցին պապիկները, հորեղբայրն ու հայրիկը, պետք է խնդրեինք, որ մեզ համար պատրաստեին: Բայց երբ քո ձեռքով պատրաստում ես գործիք, որով պետք է ելույթ ունենաս, դա ամենալավն է:

– Այսինքն, տան կամ վաճառքի համար չեք պատրաստում, միայն ելույթների՞:

Կարող ենք պատրաստել, որովհետև բոլոր հմտությունները գիտենք: Երբ մեծացա՝ հորեղբորը հարցրեցի, թե ինչպե՞ս ստացվեց իր համարը, ասաց՝ սարքեցի աթոռներ ու որոշեցի հանդես գալ, ու բոլորը զարմացել էին, թե այդ ի՞նչ համար է լինելու աթոռներով:

Ձեզ ու Ձեր եղբորը մարդիկ նայում ու ասում են՝ այս ինչ ուժեղ տղաներ են. կրթություն որևէ տեղ սստացե՞լ եք, թե՞ միայն սպորտով եք զբաղվել:

– Փորձել ենք ոչ միայն կրկեսում, այլև տարբեր ոլորտներից մի բան սովորել: Հիմա որոշել ենք ՀՀ-ում կրկեսը բերել նոր մակարդակի: Բոլոր կազմակերպչական գործերը ես ու եղբայրս ենք անում: Մարդն ինքնուս կարող է առաջ գնալ, եթե ունի ինչ-որ նպատակներ:

– Հնարքներն ո՞ւմ գաղափարն են՝ Ձե՞րը, թե՞ Ձեր եղբայր Անդրանիկինը:

– Ես ավելի հանգիստ եմ, իսկ եղբայրս՝ ոչ: Երբ եկավ, ասաց, որ ուզում է մի հնարք անենք, որ աշխարհում ոչ ոք չի անում՝ համաձայնեցի: Բացատրեց, մի 3 ամիս դիմադրում էի, սակայն համոզեց: Շատ դաժան, ծանր 6 տարիներ էին, մինչև այդ հնարքը կատարեցինք, բայց իր արդյունքը տվեց: Խոսքը թրերով հնարքի մասին է: Եղբայրս միշտ փորձում է ամենադժվար ճանապարհով գնալ, ու միշտ միասին ենք գնում:

Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ կա մի հնարք, որը կատարելուց հետո այլևս նորի մասին չեք մտածի: Կատարե՞լ եք այդ հնարքը:

– Ցավոք, մինչև հիմա պարապում ենք: Դա այնպիսի հնարք է, որ մոտ 7 տարի է՝ պարապում ենք, բայց չի ստացվում: Հուսով եմ, կգա մի օր, որ հպարտորեն կասենք՝ մենք դա արեցինք:

Շատերը, երբ վարժություն են անում, ուզում են, որ այն Դյուցազնագրքում կամ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվի. ունե՞ք նման գաղափար:

– Մեկ անգամ հայտ ներկայացրեցինք, սակայն ՌԴ-ում էինք, ասացին, որ այնտեղ չեն կարող գալ: Եթե հրավիրենք Հայաստան՝ կարծում եմ, կգան:

Արտիստներ կան, որ ասում են՝ կրկեսը հնարավորություն է տալիս շատ երկրներում լինել, շփվել մարդկանց հետ. Ձեզ համար ի՞նչ է կրկեսը:

– Իհարկե, հնարավորություն է տալիս մարդուն շփվել բոլորովին նոր մարդկանց հետ: Ամեն տարի, պատկերացրեք, բնակավայրը 12-13 անգամ փոխեք: Մի ժամանակ կար՝ արթանում էինք ու չէինք հասկանում, թե որտեղ ենք, քանի որ գրաֆիկը ծանր էր:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն արտահայտությանը, որ ասում են՝ «Կյանքը կրկես է»:

Կրկեսում քրտնաջան աշխատանք է պետք կատարել, ու իմ կարծիքով, կարելի է այդպես ասել, որովհետև այս կյանքում պետք է քրտնաջան աշխատես, որ կարողանաս ապրել: Եթե այդպես համեմատենք՝ լոգիկա կա: Դրա մասին չէի մտածել, բայց ինչո՞ւ չէ՝ կյանքը կրկես կարող է լինել:

Դուք նաև ՀՀ-ում ուզում էիք ուժային ակրոբատիկայով զբաղվողների համար դպրոց բացել. գործընթացը ո՞ր փուլում է:

– Հուսով եմ՝ կբացենք մեր կրկեսային դպրոցը, որտեղ կստեղծվեն Եվրոպայի և Ռուսաստանի մակարդակի համարներ, մարդկանց հնարավորություն կտանք բարձր որակի կրկեսային արտիստներ դառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս