Իսկ ո՞վ պետք է պատժի կառավարությանը
Երբ առաջին անգամ պետական պաշտոնյան չի կատարում իր վրա դրված պարտավորությունները, աշխատում են ներողամիտ լինել։ Երկրորդ անգամ չկատարելու դեպքում, սովորաբար նկատողություն են հայտարարում, երրորդ անգամ՝ խիստ նկատողություն։ Չորրորդ անգամ կրկնվելու դեպքում հեռացնում են աշխատանքից։
Սա ընդունված նորմ է բոլորի, այդ թվում՝ կառավարության պարագայում։ Բայց կառավարության պարագայում այն ոչ մի կերպ չի գործում։
Տարիներ շարունակ կառավարությունը ձախողում է պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված աշխատանքների կատարումը, սակայն դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում։
Նախատեսել է տարվա առաջին կեսին իրականացնել 1 տրիլիոն 230 մլրդ դրամի ծրագրեր, բայց իրականացրել է 1 տրիլիոն 26 միլիարդինը։ 204 միլիարդի ծախսեր, որոնք պիտի արվեին, չեն արվել։ Ձախողել են։ Ծախսերի ծրագիրը թերի են կատարել գրեթե 17 տոկոսով։
Եթե դա կապված լիներ փող չլինելու հետ, գուցե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Բայց փողի խնդիր չի եղել։
Առաջին կեսի համար նախատեսված եկամուտների ծրագիրը նույնիսկ գերակատարվել է, և այդ մասին մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է։ Իսկ որ ծախսերը չեն կատարել, գերադասում են այդ մասին չխոսել։ Այն դեպքում, երբ որքան կարևոր է բյուջեի եկամուտների հավաքագրումը, նույնքան կարևոր է ծախսերի կատարումը։
Երբ ծախսերը չեն կատարվում, հետաձգվում են նաև դրանց շրջանակներում նախատեսված ծրագրերը, չեն ստացվում ակնկալվող արդյունքները։
Եվ, որ շատ ավելի կարևոր է՝ փողը դուրս է մնում տնտեսությունից, որը կարող էր լրացուցիչ խթան լինել տնտեսության ակտիվության համար։ Հատկապես, երբ խոսքը բավական մեծ գումարների մասին է՝ 204 միլիարդը գրեթե 530 մլն դոլար է, որը փոքր շրջանառություն չէ մեր տնտեսության չափանիշներով։
Այդ գումարը տնտեսության մեջ մտցնելու, նախատեսված ծրագրերն իրականացնելու, տնտեսական արդյունք ապահովելու, սոցիալական խնդիր լուծելու փոխարեն՝ կառավարությունը պահել է բանկերում։ Պարզ է, որ այլ բան չէր էլ կարող անել։ Բայց պետության ու բյուջեի փողերը բանկում ավանդ դնելը չէ կառավարության ֆունկցիան։ Կառավարության խնդիրը դրանք աշխատացնելն է ու պետության համար հավելյալ արդյունք, նաև բյուջետային եկամուտներ ապահովելը։
Կառավարությունն այդ խնդիրը չի կարողացել լուծել ու ոչ առաջին անգամ։
Հինգ տարի է, նույն խնդիրը, երբեմն՝ ավելի մեծ, երբեմն՝ ավելի փոքր ծավալներով, կանգնած է կառավարության առաջ, բայց ոչ մի կերպ լուծում չի ստանում։
Այս տարի խնդիրը նույնիսկ ավելի է սրվել և հատկապես՝ կապիտալ ծախսերի գծով։
Կան ծախսեր, որոնց պակաս կատարումը երբեմն կարող է արդարացվել։ Բայց ծախսեր էլ կան, որոնց չկատարումը ոչ մի արդարացում չի կարող ունենալ։
Եվ այդ ծախսերը կապիտալ ծախսերն են։ Առավել ևս, երբ դրանք կապված են պաշտպանության հետ։
Առաջին կիսամյակի համար պլանավորված կապիտալ ծախսերի կատարողականը կեսից մի փոքր ավելի է։ Պլանավորված է եղել իրականացնել 222 մլրդ դրամի կապիտալ ծախս, արել են ընդամենը 117 միլիարդը։
105 միլիարդի աշխատանքներ, որոնք պետք է անեին, չեն արել։ Կարևոր չէ, թե ինչն է եղել դրա պատճառը։ Եթե չի արվել, արդեն շատ վատ է, ու դա խոսում է կառավարության աշխատանքի որակի և արդյունավետության մասին։
«Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցածր ցուցանիշը պայմանավորված է կապիտալ ծախսերի կատարողականով: Վերջինիս վրա զգալի ազդեցություն է գործել ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի կատարողականը, որոնք կազմել են 78,4 մլրդ դրամ՝ 40,7 տոկով զիջելով ծրագրված ցուցանիշը»,- այսպես են ֆինանսների նախարարությունում մեկնաբանել կապիտալ ծախսերի չկատարումը։
Եթե սա առաջին անգամ լիներ, գուցե կարելի էր հասկանալ։ Բայց միշտ է այդպես։ Այն պարագայում, երբ երկրի համար պաշտպանության ոլորտի ծախսերի կատարումը ենթադրում է անվանգային խնդիրների այս կամ այն չափով լուծում։ Զարմանալի չէ, որ ղարաբաղյան պատերազմից անգամ 3 տարի անց երկրի սահմանները նույնքան խոցելի են մնում։
Բայց նախատեսված ծախսերի չկատարումը միայն պաշտպանական ոլորտին չի վերաբերում։ Գրեթե բոլոր տեղերում է այդպես։
Ոչ միայն կապիտալ, այլև ընթացիկ ծախսերն են նախատեսվածից քիչ կատարվել։
Նախատեսել են, որ առաջին կիսամյակում 95,2 մլրդ դրամի աշխատավարձ պիտի վճարեն, վճարել են 90,1 միլիարդը, նախատեսել են, որ պարտքի տոկոսավճարների դիմաց պիտի վճարեն 129,3 միլիարդ, վճարել են 116,5 միլիարդ, նախատեսել են, որ 142,1 մլրդ դրամի դրամաշնորհներ պիտի տան, տվել են 120,9 միլիարդի, նախատեսել են, որ պիտի վճարեն 334,7 մլրդ դրամի նպաստներ ու կենսաթոշակներ, վճարել են 325,1 միլիարդ։
Ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծրագիրն էլ կատարել են 81,3 տոկոսով։
Այս թերակատարումների մի մասը գուցե պատճառաբանված է, բայց դա էլ արդարացում չէ։ Չեն կարողանում ճիշտ հաշվարկել ու պլանավորել ծախսերը, նույնիսկ ընթացիկ ծախսերը, որոնք, թվում է, թե հստակ են և մեծ շեղումների հավանականություն չունեն։ Բայց այդտեղ էլ կառավարությունն իր «բարձրության» վրա է։
Բյուջեի ծախսերի կատարման խայտառակ վիճակ է նաև արտաքին աղբյուրների և հատկապես վարկերի հաշվին իրականացվող աշխատանքների պարագայում։
Առաջին կիսամյակում ստացվել է 8,9 մլրդ դրամի վարկային միջոց, որը եղել է ծրագրվածի ընդամենը 17,5 տոկոսը։
Հիշեցնենք, որ վարկային միջոցների ստացումն ուղղակիորեն կապված է կատարված աշխատանքների հետ։ Ու դա նշանակում է, որ առաջին կիսամյակի համար վարկային միջոցներով նախատեսված ծրագրերը չեն կատարվել, հետ են մնացել ժամանակացույցից, ինչի պատճառով կառավարությունը պարբերաբար վերանայում է վարկային ծրագրերի ժամկետները՝ ժամանակին չիրացված միջոցների դիմաց վճարելով նաև տույժեր ու տուգանքներ։
Եվ այս ամենի համար կառավարությունը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում։ Մշտապես ձախողում է աշխատանքները, բայց էլի շարունակում է նույնն անել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ