
Հայկ Ալաբերքյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզական պատվիրակության կազմում փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:
51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել է ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել է բրոնզե մեդալակիր:
Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում բրոնզե մեդալի է արժանացել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 200 մ բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 24․43 արդյունք և սահմանելով ՀՀ նոր ռեկորդ: Վարսենիկ Մանուչարյանը նաև դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։
Նշենք՝ ՀՖԿՍՊԻ ուսանող-մարզիկներն ուժերը չափում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող: