Անջեյ Կասպրշիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու համար։
Շուրջ մեկ ամիս է, ինչ Կոռնիձորի հատվածում Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում Հայաստանի կառավարության ուղարկած բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։ Ավելի ուշ Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էին միացել նաև «Գրանդ քենդի» ընկերության և Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված բեռնատարները։ Բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել, քանի որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքն ու թույլ չի տալիս դրանց մուտքը։
Լրագրողների հետ զրույցում Կասպրշիկն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի սկզբնամաս է այցելել իր ղեկավարի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանձնարարականով։ «Այդ մասին հաղորդագրությունը մամուլում եղել է։ Հանձնարարվել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և զեկուցել իրեն։ Ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախորդ օրերին, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, այստեղ եմ, վերադառնալու եմ, որպեսզի զեկուցեմ իրավիճակի մասին»,- ասաց Կասպրշիկը։
Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 22-ին Երևանում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին օգոստոսի 16-ին հայտնել էր, որ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և իրավիճակի վերաբերյալ իրեն զեկույցներ ներկայացնել։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն ամբողջովին զրկված է սննդի, դեղորայքի, վառելիք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից։