«Դժվար է, բայց ի՞նչ կարող ենք անել, սա մեր տունն է». Խնկավանի գյուղապետ
252-րդ օրն է՝ արցախահայությունը փորձում է հաղթահարել ադրբեջանական շրջափակման դժվարին հետևանքները՝ զրկված էլեկտրաէներգիայից, գազից ու արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություններից։
Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղի բնակիչները՝ բոլորը մշակում են իրենց տնամերձ հողատարածքները, աճեցնում են վարունգ, կարտոֆիլ, տարբեր տեսակի կանաչի, այդ մթերքով էլ օրվա սնունդն են ապահովում, ճաշ պատրաստում։
168.am–ի հետ զրույցում Խնկավան գյուղի ղեկավար Լորիկ Աբրահամյանն ասաց, որ համեմատած մյուս գյուղերի հետ՝ Խնկավանում իրավիճակն աղետալի չէ։
«Մարդիկ իրենց տնամերձ հողերն են մշակել, հիմա էլ այդ բերքով ապրում են։ Ավելի սուր է դրված հացի խնդիրը, այս տարի ցորեն չենք ցանել, բայց արդեն պետք է սկսենք մտածել նաև ցորեն ցանելու մասին։ Ցորեն որ ցանենք, նախ անասնակեր կունենանք, և, Աստված ոչ անի, եթե այս շրջափակումը շարունակվի, գոնե հաց կունենանք։
Չգիտեմ, բնակիչների հետ խոսում եմ, բոլորն էլ դժվարությունները հաղթահարելով՝ առաջ են գնում, դժվար է, բայց ի՞նչ կարող ենք անել, սա մեր տունն է»,- նշեց Լորիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ գյուղում եղել է ծանր հիվանդ, որին հաջողվել է տեղափոխել Ստեփանակերտ։
«Փառք Աստծո, նման հիվանդներ այս պահին չունենք։
Մեր գյուղի բնակիչներն ուզում են Ստեփանակերտին մթերք ուղարկել, բայց դիզվառելիք չկա, չգիտենք՝ ինչպես կարող ենք հասցնել։
Բնակիչներից ընդամենը երկուսը ձի ունեն, փառք Աստծո, մենք այդ երկուսն ունենք, գյուղ կա, դա էլ չունի»,- եզրափակեց Խնկավանի գյուղապետը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակելով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, և անցակետ տեղադրելով Հակարիի կամրջի մոտ, թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռ մտցնել Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։