«Եթե չեք կարողանում հարցը լուծել, չի նշանակում, որ ելք չկա, դուք եք անպիտան». Անաստաս Իսրայելյան

168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը շրջափակված Արցախում այս պահին տիրող իրավիճակի մասին ասաց, որ Արցախում իրավիճակն իսկապես շատ ծանր է, աղետալի։

«Դժվարությունները գրեթե բոլոր ոլորտներում ու համակարգերում են զգացվում՝ պակասության խնդիրներ կան, թե՛ վառելիքի, թե՛ ուտելիքի, ժողովուրդը ծանր ժամանակներ է ապրում։ Հուսով ենք, որ 8 ամիսների այս պայքարը, որ ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման ճանապարհը հստակեցնելու համար, կհասնի իր նպատակին։ Մենք մինչև վերջ կգնանք, որովհետև ուրիշ ընտրություն չունենք։ Իհարկե, ժողովրդի մեջ կան բողոքներ, մեծ դժգոհություններ, բայց միևնույն ժամանակ նրա հետ շփվելով՝ հասկանում եմ, որ մարդիկ գիտակցում են, թե ինչ իրավիճակ ենք ապրում, և այսքանը որ անցնում ենք՝ ինչի համար է։ Ծանր է ժամանակը, բայց պիտի դիմադրենք ու անցնենք»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։

Ինչ վերաբերում է Արամ Առաջին կաթողիկոսի կոչին՝ ուղղված ողջ հայությանը, այդ թվում՝ նաև Սփյուռքում, Անաստաս Իսրայելյանն ասաց, որ երկար ժամանակ աշխատում է սփյուռքի հետ, վերջերս Արցախում բացվել է Արցախ-սփյուռք-Հայաստան համագործակցության կենտրոն։ Սփյուռքից մոտ 80 կազմակերպություններ ներգրավված են այնտեղ։

«Այսօր սփյուռքի մեր հայությունը մեծ մտահոգություններ ունի Արցախի այս իրավիճակի վերաբերյալ։ Նրանք բոլորն իրենց պատրաստակամությունն են հայտնել օգտակար լինել Արցախի հարցին։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր ունենք, որ Հայաստանի իշխանությունն ուրիշ ձև է ձևավորում Արցախի հիմնախնդիրը։ Վերջին ժամանակները Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, նա ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասում։ 2020 թվականից դաժան ժամանակներ էինք ապրում, դրանից հետո արցախահայության համար ավելի ծանր ժամանակաշրջան եկավ։ Նրա մի խոսքից հետո Ադրբեջանն առիթավորվեց, բա դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ստորագրի խաղաղության փաստաթուղթ կոչվածը, արդեն ամբողջ արցախահայությանը մտցնելու է Ադրբեջանի օրինավոր դաշտ, դե պատկերացրեք՝ արդեն ինչ կարող է կատարվել արցախահայության նկատմամբ՝ կիրականացվի ցեղասպանություն։ Արցախի վերաբերյալ խնդիրը ես տեսնում եմ Հայաստանի իշխանության մեջ։ Երբ ես նստացույց էի անում, հայտարարեցի, որ այդ մարդը մեզ տանում է ավելի մեծ անդունդի առաջ, կործանման։ Այդ ժամանակվանից սկսել եմ կոչ անել՝ ժողովուրդ, ոտքի կանգնեք, փրկենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Հիմա, երբ ժողովրդին ոտքի կանգնելու կոչ են անում, իհարկե ես ողջունում եմ, բայց դա մի քիչ ուշացումով է, ավելի շուտ կարելի էր նման կոչերով դիմել հայությանը։

Կարդացեք նաև

Ինչ ասեմ՝ ՀՀ իշխանությունը մեծ ճնշումներ ունի Արցախի իշխանությունների վրա, այստեղ էլ կան մեծ հնարավորություններ, որոնցից կարող ենք օգտվել։ Բայց գիտակցելով, որ Հայաստանի իշխանությունը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանության վրա, այստեղ արդեն երկու երկրների տարաձայնությունները երևում են։ Այն մի կողմն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, այս մյուս կողմը՝ հայտարարություններով ասում է, որ՝ մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու։ Հասկանալի է, չենք լինելու, բայց դրա համար ի՞նչ գործողություններ ենք անում։ Ինչո՞ւ Արցախից չեն արձագանքում, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի Արցախի հարցի շուրջ քննարկումներ անել, Արցախի մասին առհասարակ խոսել, որովհետև նա Արցախի ժողովրդից մանդատ չունի։ Վերջին ժամանակներում են կամաց-կամաց սկսել խոսել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, եթե Հայաստանի ու Արցախի իշխանությունը չեն կարողանում հարցեր լուծել, ապա մի կողմ պետք է գնան և գործը թողնեն տրամաբանող ու խելացի մարդկանց։

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, սակայն, որ ի վերջո տեղի կունենա մարդկանց կոնսոլիդացիա, և նման հույս է իրեն տալիս Դավիթ Իշխանյանի նշանակումն ԱԺ նախագահի պաշտոնում։

«Ես տեսա, որ այդ մարդու մտքերը հեռատես են։ Բոլոր այն ուժերը, որոնք մտահոգված են և ցավով են տանում այսօրվա իրավիճակը, կհամախմբվեն և ուժ կդառնան։ Այդ ուժն է բացելու մեր հաղթանակի ճանապարհը, մնացած առաջարկներն անիմաստ են, հո Արցախը փորձադաշտ չէ՞:

Մեկն ասում է՝ գնանք Ադրբեջանի հետ խոսելու, դու ներկայացրու նախ՝ ինչ փաթեթով ես գնալու խոսես, երբ քո թշնամին ամեն օր ասում է, որ առաջին հերթին դրված է ինտեգրացիոն հասկացությունը, ինչպե՞ս կարելի է նման պրիմիտիվ մոտեցումներ ցուցաբերել այս հարցում։

Մեկ մարդ ու մեկ կուսակցություն չի կարող այս հարցն իր վրա վերցնել, պետք է համահայկական որոշումներ կայացվեն: Բան չունեմ ասելու, դժվար ժամանակներ են, բայց հաղթահարելի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին, Անաստաս Իսրայելյանը նկատեց՝ ի՞նչ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի մասին է խոսքը, երբ կա Բերձորի ճանապարհը։

«Ամբողջ աշխարհը մեր մասին է մտածում, բայց որևէ մեկը չի հարցնում, մենք ի՞նչ ենք ուզում, ո՞ր տարբերակն ենք ընտրում։ Ժողովուրդը Բերձորի ճանապարհն է ուզում, Մայր Հայաստանի հետ կապն է ուզում։ Հիմա Աղդամի ճանապարհն են ուզում, վաղն էլ այլ բան կուզեն, իսկ մենք ինչո՞ւ ենք շեղվում, ինքնորոշված երկիր ենք, ո՞վ է ասել, որ պարտվել ենք, ժողովուրդը չի պարտվել, ղեկավարությունն է պարտվել։ Մենք պիտի դիմադրենք, կրկնում եմ՝ շատ առաջարկներ են անելու, կարող է ասեն՝ ամեն ամիս 1 կգ ոսկի ենք տալու, բայց մենք գիտենք, որ 4-5 ամսից հետո մեզ մորթելու են։ Ում պետք է Աղդամի ճանապարհը, թող գնա օգտվի, մեզ պետք չէ։ Արցախահայությունն է ընտրում իր ճանապարհը, և մենք ընտրել ենք Բերձորի ճանապարհը, մեր փոխարեն պետք չէ որոշում կայացնել։ Արցախը սրբություն է, իսկ սրբությունը չի վաճառվում, չի մանրացվում, նման հարցեր Արցախը չի քննարկում, եթե դուք չեք կարողանում հարցը լուծել, չի նշանակում, որ ելք չկա, դուք եք անպիտան»,- եզրափակեց Անաստաս Իսրայելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս