
Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը հեռախոսակապ է հաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:
Երկու կաթողիկոսներն էլ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել: