Ո՞րն է լինելու հաջորդ քայլը  

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է ավելի հաճախ այցելել մարզեր ու տարբեր բնակավայրեր։ Ցույց տալու համար, որ մարդիկ նախկինի պես ջերմորեն ընդունում են իրեն ու ողջունում իր իրականացրած քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի նկատմամբ արված հայտնի հայտարարություններից ու ատելության խոսքերից հետո՝ այցերն ուղեկցվում են ցուցադրական ներկայացումներով։ Դրանց մասնակցում են բացառապես իշխանությունների հավատարիմները։ Նախապես ընտրվում են բոլոր դերակատարները։

Տեղում լավ գիտեն, թե ովքեր և ինչպես են մասնակցում այդ հանդիպումներին։

Դրանք հիմնականում ՔՊ կուսակցության ու նրանց ընտանիքների անդամներն են։ Մեկը մեկին բոլորին կարելի է նույնականացնել։ Այս հանդիպումների ժամանակ պատահական մարդիկ, առավել ևս՝ ընդդիմադիր հայացքներով, չեն լինում։ Ամեն ինչ նախապես պլանավորված ու համաձայնեցված է, դերերը՝ բաշխված։  Իսկական թատերական ներկայացում։

Այսպիսի ներկայացումներով փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչպիսի ժողովրդականություն է վայելում Նիկոլ Փաշինյանը։ Կարծում են՝ նախկինի նման մարդիկ կուրորեն հավատում են կազմակերպվող բեմականացումներին։ Սակայն համացանցում շատ արագ հայտնվում են տեսանյութեր, թե ինչպես են մարզերում «դավաճան» վերտառությամբ պաստառներով ու վանկարկումներ դիմավորում ու ճանապարհում Նիկոլ Փաշինյանին, ու թե որքան թիկնապահներ են ուղեկցում նրան։

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ անվերապահորեն վստահում էին Նիկոլ Փաշինյանին, մեծ հույսեր էին կապում նրա հետ։ Շատերը դադարել են հավատալ իրենց երբեմնի այդքան սիրելի ժողվարչապետի ստերին ու կեղծիքներին։ Պատահական չէ, որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանի մարզային ուղևորությունները համեմում են տարբեր շինհրապարակներ նրա այցերով, դրանք այլևս այն տպավորությունը չեն թողնում։ Մարդիկ հասկանում են, որ այսօր Հայաստանում ու Արցախում շատ ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու, քան ճանապարհ (որը կարճ ժամանակ անց քանդվում է), դպրոց ու մանկապարտեզ կառուցելն է։ Որքան էլ ճանապարհ, դպրոց ու մանկապարտեզ կառուցելը կարևոր լինի, չի կարող ավելի կարևոր լինել, քան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն է, Արցախի ու արցախահայության ապագան, այն 120 հազար մարդիկ, ովքեր սովի են մատնված։

Ասել, թե Հայաստանի կառավարությունը հսկայական գումարներ է տալիս Արցախին, այնքան, ինչքան երբևէ որևէ իշխանություն չի տվել, աչքակապություն է։ Ամեն ինչ բերել-հասցրել են նրան, որ Արցախի տնտեսությունը կաթվածահար է եղել, ամիսներ շարունակ փակ են արտաքին աշխարհի հետ հաղորդակցության բոլոր հնարավորությունները, բյուջեն ներքին տնտեսությունից գրեթե փող չի ստանում, հազարավոր աշխատատեղեր փակվել են, մարդիկ կորցրել են աշխատանքը։

Եվ այդ ամենը՝ այսօրվա իշխանության անփառունակ քաղաքականության շնորհիվ։

Մարդկանց դրել են տուպիկի մեջ՝ սովամահ են անում ու դեռ մի բան էլ հոխորտում են, թե Հայաստանի բյուջեից փող են տալիս։ Կարծես այդ փողն իրենց սեփական գրպանից են տալիս։ Դրանք հարկատուների փողերն են և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանինը կամ իշխանություններինը, ինչպես փորձում են ներկայացնել։

Դեռ հարց է նաև, թե այդ փողերից որքա՞նն է ձևավորվում նույն Արցախի հաշվին։

Երեսով տալուց ու ատելությամբ լցված հայտարարություններ անելուց առաջ, լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին էլ խոսի։ Շատերը գուցե չգիտեն, թե խոսքն ինչի մասին է, բայց ինքը պետք է որ իմանա, պարտավոր է իմանալ։

Ինչո՞ւ են պարբերաբար հնչեցվում թվեր, թե ինչքան բյուջետային վարկ է տալիս կառավարությունն Արցախին։ Գուցե նրա համար, որ ցույց տան մարդկանց, թե ինչքան անտեղի ծա՞խս են անում Արցախի վրա։ Ու եթե վաղն Արցախն ինտեգրվի Ադրբեջանին, այդ ծախսերն այլևս չեն լինելու, գումարները կմնան Հայաստանում, կծառայեն Հայաստանի բնակչությանը։ Եթե այդքանից հետո այսպիսի անկայունության պայմաններում այսօր են կարողանում այդպիսի բարձր տնտեսական աճեր ապահովել, այդքան դպրոց, մանկապարտեզ կառուցել ու նորոգել, ճանապարհ ասֆալտապատել ու վերաասֆալտապատել, ինչքան կկարողանան անել, եթե ազատվեն Արցախի գլխացավանքից ու խաղաղությունը հաստատեն։

Բայց դա միֆ է։ Չնայած այն Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ու ցուցադրական հանդիպումների միջով կարմիր թելի նման անցնում է։ Պատահական չէ, որ մինչ բազմաթիվ տնտեսական ու անվտանգային խնդիրներ մնում են չլուծված՝ կառավարությունն ամենշաբաթյա նիստերում պետական բյուջեից միլիարդավոր դրամներ է հատկացնում համայնքներում, երբեմն՝ անհասկանալի ու չարդարացված սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու ու մարդկանց աչքին լավամարդ երևալու համար։

Օրերս, իր կամքից անկախ, մի անկեղծ խոստովանություն արեց (նա տեղյակ չէր, որ նիստը ուղիղ հեռարձակվում է) էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, թե կառավարությունը փող չի տալիս նախատեսված ու օրենքով, նաև կառավարության ծրագրերով հաստատված կարևոր տնտեսական միջոցառումների իրականացման համար։ Ընդհանրապես կտրել են գյուղատնտեսության նոր ծրագրերի փողը։ Տնտեսության փոխարեն՝ գումարները գնում են սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։

Անգամ տնտեսությանը հատկացված սուղ գումարները, վերաբաշխումների հետևանքով, ամբողջությամբ չեն ծախսվում, թերակատարվում են ու մնում կիսատ։

Այսօր Հայաստանի տնտեսությունը մեծապես կրում է ռուս-ուկրաինական հակամարտության դրական ազդեցությունը, ինչի արդյունքում տնտեսությունը տարեկան կտրվածքով դեռևս գտնվում է բարձր աճերի տիրույթում։ Այդ նույն գործոնի հաշվին ավելացել են նաև բյուջեի եկամուտները։ Բայց դա հավերժ չէ, այդ աճերը շատ շուտով դադարելու են։

Արդեն նկատվում են առաջին արձագանքները՝ ինչպես տնտեսության աճի, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների վրա։ Երբ ավարտվի արտաքին շոկերի ազդեցությունը, կառավարությունը կանգնելու է խնդրի առաջ՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների, հատկապես՝ ծախսերի առումով։

Ու քանի դեռ այդ ժամանակը չի եկել՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանի տնտեսությունը ծաղկում է։ Առավել ևս՝ կծաղկի, երբ դադարեցվի Արցախին ուղղվող օժանդակությունը և թղթի վրա լուծվի Արցախի խնդիրը։

Լուծումն էլ, որը որդեգրել է այս իշխանությունը, ուղղակի թե անուղղակի՝ Ադրբեջանի հետ ինտեգրումն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս