Սլովենիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 6-ի
Սլովենիայի Հանրապետության տարածքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին տեղեկանում ենք Սլովենիայի մամուլի գործակալության (STA) հրապարակումից:
Նշվում է, որ Կամնիկի մունիցիպալիտետում մի տղամարդ, որն զբաղվում էր հեղեղումների հետևանքով հասցված վնասի վերացմամբ, ընկել է աղբահորը և մահացել։ Եվս մեկ զոհ է հայտնաբերվել երկրի հարավ-արևելյան Դոլենսկի շրջանում ափերից դուրս եկած Տեմենիցա գետում։
Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհի մասին, որոնց թվում՝ Սլովենիայի երկու քաղաքացի և Նիդերլանդների երկու քաղաքացի։ Վերջիններս, ոստիկանության տվյալներով, մահացել են կայծակի հարվածից։
Օգոստոսի 6-ին Սլովենիայի իշխանությունները որոշել էին դիմել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին՝ օգնելու երկրի արդի պատմության մեջ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած խոշորագույն տարերային աղետի հետևանքները վերացնելու գործում։ Խոսքն աղբահանության և ճանապարհների շահագործման ապահովման տեխնիկայի, առնվազն 5 տոննա բեռնատարողությամբ ռազմական ուղղաթիռների, հավաքովի կամուրջների, ինչպես նաև 200 զինվորականների մասին է, որոնք կօգնեն վերացնել տարերքի հետևանքները։
Օգոստոսի 4-ին հանրապետության շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը վտանգավորության կարմիր մակարդակ էր հայտարարել երկրի հյուսիսարևելյան, հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածներում օգոստոսի 3-ից սկսված հորդառատ անձրևների պատճառով։ Օգոստոսի 5-ին Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը հայտարարել է, որ հեղեղումներից վնասը կգերազանցի 500 միլիոն եվրոն: Նրա խոսքով՝ սա երկրի նորագույն պատմության խոշորագույն բնական աղետն է։