Իրանի արտգործնախարարը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման մասին տեղեկատվությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը Տոկիոյում հանդիպել է իր ճապոնացի գործընկերոջ հետ, հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների մասին պնդումները՝ միաժամանակ նշելով, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումն է, որը հանգեցնում է հակամարտության խորացման։ Այս մասին նա հայտնել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայի հակամարտության ընթացքում մենք երբեք իրանական անօդաչու թռչող սարքեր կամ զենք չենք մատակարարել Ռուսաստանին: Հենց Եվրոպայի և Ամերիկայի կողմից զենքի մատակարարումներն են, որ հանգեցնում են հետագա ավերածությունների և կոտորածի», – ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբդոլլահիանի խոսքերն են մեջբերել ճապոնական ԶԼՄ-ները։

Դրա հետ մեկտեղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն Իրանի համար «կարևոր հարևան երկիր է»։

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցային հարաբերություններ ունենք տարբեր բնագավառներում, ներառյալ՝ առևտուրը, տնտեսությունը և զբոսաշրջությունը», – ընդգծել է նա։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են այն մեղադրանքները, թե Թեհրանը Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ներ է մատակարարել Ուկրաինայում կիրառելու համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է ապատեղեկատվություն և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է բացառապես հայրենական արտադրության թռչող ապարատներ։ 2022 թվականի նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, բայց փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ:

Տեսանյութեր

Լրահոս