Գյումրիում անցկացվում է ճարտարապետական «MEDS Գյումրի 2023» աշխատարանը
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «MEDS Գյումրի 2023» աշխատարանի բացումը:
Ճարտարապետների «MEDS Գյումրի 2023»-ի ընթացքում ներկայացվելու են 10 ճարտարապետական փոքր ձևեր, որոնք ստեղծելու են 150 մասնակցներն ու նրանց ղեկավարները:
«MEDS Գյումրի 2023»-ի շրջանակներում 2 շաբաթ Գարեգին Նժդեհ փողոցի հարակից տարածքը վերածվելու է մեծ աշխատարանի, որտեղ օրեր շարունակ մասնակիցներն իրականացնելու են տարբեր նախագծեր:
Աշխատանքներից 8-ը լինելու են ֆիզիկական, 2-ը՝ թվային- վիզուալ:
«MEDS»-ը 2010 թվականից գոյություն ունեցող աշխատարան է, որն ամեն տարի իրականացվում է եվրոպական որևէ երկրում: 2019 թվականին անցկացված մրցույթում հաղթել է Հայաստանի թիմը և հենց թիմի կողմից հաջորդ մրցույթի անցկացման վայր ընտրվել է Գյումրին: Ծրագրի նախապատրաստական փուլում անցկացվում է 2 մրցույթ՝ առաջին մրցույթը նախագծերի համար է, իսկ երկրորդը՝ մասնակիցների: Մասնակիցների մրցույթը հաղթահարածները ծրագրի շրջանակներում այնուհետ աշխատանքներ են իրականացնում կազմակերպիչների ընտրած քաղաքում:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն, անդրադառնալով իրականացվող ծրագրին, խոսել է դրա կարևորության մասին: «Անչափ կարևոր են այսօրինակ ծրագրերը, առավել կարևոր՝ ճարտարապետական և մշակութային հարուստ ժառանգություն ունեցող մեր քաղաքի համար։ Մենք համագործակցում ենք թիմի հետ, ունեցել ենք հանդիպում-քննարկումներ և, ի սկզբանե, տվել մեր դրական գնահատականն ու հայտնել աջակցելու պատրաստակամություն: Ունենք կնքված համաձայնագիր. Գյումրի քաղաքի պատմամշակութային առանձնահատկություններն ու ազգային նկարագիրը հաշվի առնելով՝ իրականացնել քաղաքի բրենդավորմանը, զբոսաշրջային գրավչությանը, տեղական արտադրողների արտադրանքի հանրահռչակմանը, քաղաքային մշակույթի զարգացմանը, համայնքային տրանսպորտի կանգառների պայմանների բարելավմանը միտված ծրագրեր՝ կիրառելով այնպիսի գործիքակազմ, որը կարտահայտի կողմերի փոխադարձ կամքը,-ավելացրել է Վարդգես Սամսոնյանը։
«MEDS»-ի փակումը և ցուցադրությունը նախատեսվում է օգոստոսի 19-ին: Փակման արարողությունը տեղի կունենա Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում:
Արմենուհի Մխոյան