Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը բաց է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, պատրաստ է արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով օրերս Ջիդդայում Ուկրաինայում իրադրության շուրջ տեղի ունեցած հանդիպումը։
«Մենք բարձր ենք գնահատում գլոբալ հարավի երկրների մեր բարեկամների միջնորդական և մարդասիրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են խաղաղության ձեռքբերմանը: Ի տարբերություն Կիևի ռեժիմի, որն ընդհատել և արգելել է բանակցությունները Ռուսաստանի հետ, մենք միշտ բաց ենք եղել ու բաց ենք մնում ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ ենք արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին: Առանց Ռուսաստանի մասնակցության և նրա շահերը հաշվի առնելու, ուկրաինական ճգնաժամի թեմատիկայի շուրջ ոչ մի հանդիպում ոչ մի հավելյալ արժեք չունի», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Զախարովան նաև հայտնել է, որ իրավիճակի «համապարփակ, կայուն և արդար կարգավորում» հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևի վարչակարգը դադարեցնի, իր խոսքով, «ռազմական գործողություններն ու ահաբեկչական հարձակումները», իսկ նրա «արևմտյան հովանավորները դադարեցնեն Ուկրաինայի զինված ուժերին զենքի մատակարարումները»։ Բացի այդ, ըստ Զախարովայի, Ուկրաինան պետք է ունենա չեզոք կարգավիճակ և որևէ դաշինքի անդամ չլինի։
Օգոստոսի 5-ին Ջիդդայում Ուկրաինայի շուրջ բանակցություններ են անցկացվել, որոնց հրավիրվել են շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ, բայց ոչ՝ Ռուսաստանի։ Մեկնաբանելով Ջիդդայում Ուկրաինայի շուրջ բանակցությունները՝ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ քաղաքական մակարդակով որոշումների կայացումն «անհեթեթություն է և անմտություն»։