Պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս. Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա»-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս»-ին` 350 մլն դրամով:
Ինչպես նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով՝ ՓԲ ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները:
«Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի:
Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ 10 տարվա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015 թվականի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն ԱՄՆ դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։
2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել:
Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս:
Արդյունքում, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի 1050-Ա որոշմամբ լուծվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (գողություն՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: