
Նիգերի զինվորականները հայտարարել են երկրի օդային տարածքը փակելու մասին

Նիգերում հեղաշրջում իրականացրած զինվորականները հայտարարել են երկրի օդային տարածքը փակելու մասին՝ դա պատճառաբանելով Արևմտյան Աֆրիկայի երկրների կողմից «միջամտության սպառնալիքի» առկայությամբ։ Այս մասին հաղորդում է France24 հեռուստաալիքը։
Արևմտյան Աֆրիկայի երկրների միությունն անցյալ շաբաթ վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով, որ գեներալները մինչև օգոստոսի 6-ի գիշերը հրաժարվեն իշխանությունից։
«Բախվելով միջամտության սպառնալիքին, որն ավելի ու ավելի ակներև է դառնում հարևան երկրների նախապատրաստության շնորհիվ, Նիգերի օդային տարածքը փակ է այսօրվանից՝ կիրակիից, բոլոր ինքնաթիռների համար՝ մինչև այդ մասին լրացուցիչ ծանուցում չլինի», – Նիգերի պետական հեռուստատեսությունը մեջբերում է զինվորականների հայտարարությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խռովարարները նախազգուշացրել են, որ օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ կհանդիպի «վճռական ու անհապաղ պատասխանի»։
Միաժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ Փարիզը դադարեցնում է օգնությունը Բուրկինա Ֆասոյին, որն իր աջակցությունն է հայտնել Նիգերի ապստամբներին։
«Ֆրանսիան մինչև հետագա ծանուցումը կասեցնում է Բուրկինա Ֆասոյում զարգացման նպատակներով օգնություն և բյուջետային աջակցություն ցուցաբերելու իր բոլոր գործողությունները»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հեղաշրջում իրականացրած զինվորականներին աջակցություն է հայտնել նաև Մալին։ Բուրկինա Ֆասոն և Մալին համատեղ պաշտոնական պատվիրակություն են ուղարկել Նիգեր՝ իրենց աջակցությունը հայտնելով երկրի ռազմական ղեկավարությանը։