Նեթանյահուն մտադիր է հասնել Սաուդյան Արաբիայի հետ հաշտության պայմանագրի կնքման

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է հաշտության համաձայնագրի կնքման հասնել, ինչպես նաև զարգացնել տնտեսական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Այդ մասին Նեթանյահուն հայտնել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք կդառնանք պատմական իրադարձության ականատեսներ. հնարավոր է, ես չեմ կարող երաշխավորել, որ դա տեղի կունենա, – ասել է Նեթանյահուն։ – Եթե գոյություն ունի քաղաքական կամք, ապա կգտնվի նաև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման և հաշտության հասնելու քաղաքական ուղի»։

Նեթանյահուն նաև նշել է, որ երկրները կարող են զարգացնել տնտեսական համագործակցությունը նույնիսկ պաշտոնական հաշտության պայմանագրի բացակայության դեպքում։ Նրա կարծիքով՝ կողմերը կարող են ստեղծել տնտեսական միջանցք, որն Ասիայից Եվրոպա անցնի Արաբական թերակղզով:

«Նախևառաջ գոյություն ունի տնտեսական միջանցք` էներգետիկ, տրանսպորտային և հաղորդակցային, որն անցնում է մեր աշխարհագրության միջով՝ Ասիայից Արաբական թերակղզու միջով դեպի Եվրոպա։ Մենք դա կիրականացնենք: Ինձ թվում է, որ մենք կարող ենք դա իրականացնել՝ անկախ այն բանից՝ ունենք արդյոք պաշտոնական հաշտության պայմանագիր թե ոչ», – ընդգծել է նա։

2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ։ Արևմուտքում եռակողմ գործարքն ստացել է «Աբրահամի համաձայնագրեր» անվանումը: Հետագայում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարեցին Սուդանը և Մարոկկոն։ Մինչ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հաշտություն կնքելը, Իսրայելն արաբական երկրներից դիվանագիտական ​​հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ:

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ նախագահը նույնպես ցանկանում է որ Սաուդյան Արաբիան ճանաչի Իսրայելը։ Նաև այս թեման քննարկելու համար էր հուլիսին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնել Սաուդյան Արաբիա։

Տեսանյութեր

Լրահոս