Վրաստանում սուգ է հայտարարվել սողանքի զոհերի հիշատակին
Օգոստոսի 7-ին սուգ է հայտարարվել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի տարածքում սողանքի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Պատվո պահակախումբը տեղական ժամանակով ժամը 00:00-ին խոնարհել է պետական դրոշները Կառավարական տան և Նախագահական պալատի շենքերի վրա։ Դրոշները խոնարհված են նաև բոլոր պետական հիմնարկություններում: Այդ օրը հեռուստաալիքներին արգելված է հեռարձակել ժամանցային և երաժշտական հաղորդումներ։
Black Sea Arena համերգասրահը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքի Շեկվեթիլի առողջարանային ավանում, սգո օրվա կապակցությամբ չեղյալ է հայտարարել արտասահմանցի Nile Rodgers & Chic և FKJ կատարողների համերգները։
Շովիում ողբերգական սողանքը տեղի ունեցել օգոստոսի 3-ին: 18 մարդ զոհվել է, ևս 16-ը համարվում է անհայտ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ հող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա: