Հարցվածների 60 տոկոսից ավելին չի հետևել Փաշինյանի ասուլիսին, 67 տոկոսը չի վստահում նրան. հարցում
Հայաստանի բնակիչների համար երկրի առաջնահերթ խնդիրը մնում է անվտանգությունը: «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացնելով հերթական հարցումը՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ «Առաջին չորս խնդիրը, որը բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից, կապված է անվտանգության հետ: 32.4 տոկոսը նշել է, որ դա պատերազմի վտանգն է, 30.7 տոկոսը՝ ԼՂ հիմնախնդիրը, 30.4 տոկոսը՝ անվտանգության հետ կապված խնդիրը, և սահմանների հստակեցման խնդիրներ նշել է 27.8 տոկոսը»:
Արամ Նավասարդյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ հարցումը վերաբերել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին: Ըստ նրա՝ հարցվածների 65 տոկոսը չի հետևել այդ ասուլիսին, իսկ քաղաքացիների ավելի քան 67 տոկոսն ասել է, որ չի վստահում Փաշինյանի կողմից տրված պատասխաններին ու տեղեկություններին:
«16,1 տոկոսը լիովին վստահում է, ավելի շուտ վստահում` 14,5 տոկոսը, ավելի շուտ չի վստահում` 13,1 տոկոսը, և ընդհանրապես չի վստահում 54,4 տոկոսը: Դժվարացել է պատասխանել հարցվածների 1,8 տոկոսը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պատասխաններին չի վստահում ավելի քան 67 տոկոսը, ինչը բավականին մեծ տոկոս է»,- մանրամասնեց նա: