Մոլորակի կեսը վտանգի տակ է․ մարդկությանը սպառնո՞ւմ է նոր համաճարակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է Դենգե տենդի համաճարակի սպառնալիքի մասին։ Մոլորակի կեսը վտանգի տակ է, հայտնում է Reuters-ը։

«Այս տարի Դենգե տենդի դեպքերի թիվը կարող է հասնել ռեկորդային մակարդակի։ Սա մասամբ պայմանավորված է գլոբալ տաքացմամբ, որը նպաստում է մոծակների միջոցով հիվանդության տարածմանը: Աշխարհի բնակչության մոտ կեսն այժմ վտանգի տակ է»,- ըստ shantnews-ի՝ ասում է ԱՀԿ-ի արևադարձային հիվանդությունների վերահսկման բաժնի մասնագետ, դոկտոր Ռաման Վելայուդհանը:

Նրա խոսքերով, այս տարի վարակվածների թիվը կարող է աճել ևս 4 միլիոնով, ամենախոցելին Հարավային Ամերիկան ​​է, մասնավորապես՝ Բոլիվիան, Պարագվայը, Պերուն և Արգենտինան։ Արգենտինան, որը բախվել է վերջին տարիների Դեմգեի ամենամեծ բռնկումներից մեկին, ստերիլիզացնում է մոծակները ճառագայթմամբ, որը փոխում է նրանց ԴՆԹ-ն: Այնուամենայնիվ, չկան ցանկալի արդյունքներ՝ դեռ շատ մոծակներ կան։

2023 թվականի սկզբին առաջին անգամ հիվանդությունը գրանցվել է Սուդանի մայրաքաղաք Խարտումում, հունիսին գրանցվել է հիվանդացության աճ Եվրոպայում։ Նաև հունիսի կեսերին Դենգե տենդի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Պերուի շրջանների մեծ մասում։ Թաիլանդում միջատներով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի հատուկ թիմեր են ստեղծվել։

+45 աստիճանի դեպքում մոծակները սատկում են։ Քանի որ ոչ միայն Աֆրիկան, Ասիան և Լատինական Ամերիկան, այլև Եվրոպան տուժում են այս ամառ ծայրահեղ շոգից, մոծակները գաղթում են հյուսիս՝ ավելի հարմարավետ ջերմաստիճան գտնելու համար:

Չորս տարի առաջ ԱՀԿ-ն Դենգե տենդը դասեց մարդկանց առողջությանը սպառնացող տասը հիվանդությունների թվին: Այս հիվանդությունը պայմանավորված է Դենգե վիրուսով (DENV): Վարակված անձը վարակի աղբյուր է, սովորաբար 4-5 օր, առավելագույնը՝ 12 օր: Դասական Դենգե տենդը մարդուն չի սպանում, բայց շատ ծանր է ընթանում։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-41 աստիճան և տևում է 7-10 օր, դժվար է այն իջեցնել ուժեղ դեղամիջոցներով։ Հիվանդության հեմոռագիկ և շոկային ձևը հաճախ հանգեցնում է մահվան՝ ուղեղի կամ թոքերի այտուցվածության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս