Նիկոլ Փաշինյանի անպարկեշտ առաջարկը դատավորներին
Կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է առաջին ատյանի 206 դատավորների աշխատավարձը բարձրացնել շուրջ 60 տոկոսով։ Նախագիծը կառավարության նիստում գերազանցիկ աշակերտի հանգույն ներկայացնող Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որպես առաջարկվող փոփոխության հիմնավորում, նշել է, որ այս քայլով նպատակ են հետապնդում բարձրացնել դատական համակարգի ամենածանրաբեռնված օղակի՝ առաջին ատյանի գրավչությունը։ Նա նաև ասել է, որ ավելի վաղ կատարված մեկ այլ փոփոխությամբ, այլևս հանվել է առաջին ատյանի դատավոր դառնալու համար պարտադիր մեկ տարվա ուսուցումը, փոխարենը՝ ցանկացողները կհանձնեն «միջազգային ստանդարտների» պարտադիր բարդ քննություն և միանգամից կկարողանան ստանձնել դատավորի պաշտոնը։
Այն, որ դատական համակարգի աշխատակիցների զգալի մասի աշխատավարձը բարձրանալու է, իհարկե դրական է։ Բայց այդ տպավորությունը բացառապես դրական է միայն առաջին հայացքից՝ առանց իշխանության այս քայլի իրական դրդապատճառները հասկանալու։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությամբ հերթական անգամ հարկատուների հաշվին փորձում է լուծել իր իշխանության պահպանման և դրան ուղղված վտանգների չեզոքացման խնդիրը։
Բանն այն է, որ վերջին ամիսներին դատական համակարգում բավական բուռն ներքին գործընթացներ են խմորվում։ Մի կողմից՝ իշխանությունը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի անմիջական մասնակցությամբ, անում է ամեն ինչ՝ դատական համակարգը վերջնականապես հնազանդեցնելու համար, մյուս կողմից՝ դատավորները դեռևս դիմադրություն են ցուցաբերում իշխանության այդ հակաօրինական գործողություններին և ցույց են տալիս, որ չեն հանձնվելու։ Այս պայմաններում, ահա, իշխանությունը հանդես է գալիս դատական համակարգում մեծամասնություն կազմող առաջին ատյանի դատավորների աշխատավարձի զգալի՝ շուրջ 60 տոկոս բարձրացման նախաձեռնությամբ։ Ավելի պարզ ու փոքր-ինչ կոպիտ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է կաշառել կամ գնել դատավորներին։
Ընդ որում, ամենևին պատահական չէ, որ այդ փոփոխությունների մասին օրինագիծը ներկայացնելիս Արդարադատության նախարարը հիշեցրել է դատավոր դառնալու համար պարտադիր ուսուցումը վերացնող նորամուծությունը։ Այս երկու փոփոխությունները մեկ ընդհանուր համատեքստում դիտարկելու դեպքում դժվար չէ նկատել իշխանության իրական մտադրությունները։ Նախ՝ դատական համակարգի ըմբոստացման ֆոնին ներկայացվում է աշխատավարձերի էական բարձրացման նախաձեռնություն։
Բոլոր այն դատավորները, ովքեր ուրախությամբ ընդունում են այդ փոփոխությունը, ակամա, անուղղակիորեն համաձայնում են այսուհետ գործել իշխանության սահմանած խաղի կանոններով, իսկ նրանք, ովքեր իշխանության «առատաձեռնությունից» հետո էլ շարունակում են ընդդիմանալ ապօրինություններին, որևէ պատրվակով հեռացվում են դատական համակարգից (դատավոր Դավիթ Հարությունյանին խայտառակ կերպով լիազորություններից զրկելու օրինակով), և նրանց փոխարեն համակարգը համալրում են իշխանությանը հավատարիմ «մասնագետներն ու փաստաբանները»՝ հանձնելով քննություն, որն ընդունելու է իշխանության կազմավորած որևէ մարմին։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը դատավորներին անում է, մեղմ ասած, անպարկեշտ առաջարկություն, որից շատերը չեն կարող հրաժարվել։ Ինչպե՞ս կպատասխանեն դատավորներն այս առաջարկությանը։ Այդ հարցի պատասխանից է մեծապես կախված՝ ինչպես դատական համակարգի, այնպես էլ, լայն առումով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ճակատագիրը։
Նիկոլ Փաշինյանը՝ զրկվելով հանրային աջակցությունից, այլևս իր իշխանության պահպանումը տեսնում է միայն հանրային ու պետական կառավարման համակարգերի հնազանդեցմամբ, վերջիններիս անվերապահ հավատարմությամբ։ Պատահական չէ, որ տարբեր նախաձեռնություններով նա անընդհատ բարձրացնում է այդ համակարգերի աշխատավարձերի չափը, շռայլորեն պարգևավճարներ է բաժանում։ Դատավորների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ վերջերս էլ մի նախաձեռնությամբ իր անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայության աշխատակիցների համար սահմանվել են հիպոթեքային վարկավորման խիստ արտոնյալ պայմաններ, որոնցով վարկի մի մասը վճարում է պետությունը, այսինքն՝ հարկատուները։
Այն, որ Նիկոլ Փաշինյանն ապավինում է այլևս միայն ուժայիններին ու հիմա էլ փորձում է հասնել դատավորների լոյալությանը, հերթական անգամ վկայում է, որ նա թքած ունի հասարակական կարծիքի վրա։ Ակնհայտ է, որ հանրությունը խիստ բացասաբար է արձագանքելու «կաշառակեր դատավորների» (այս բնորոշումը լայնորեն տարածվում է իշխանական ու մերձիշխանական քարոզչամիջոցների կողմից) աշխատավարձերի բարձրացմանը։ Ահա, եթե Նիկոլ Փաշինյանին մտահոգեր հասարակական կարծիքը, նա նման քայլ չէր կատարի՝ կենսաթոշակներն ընդամենը 3400 դրամով բարձրացնելուց մեկ ամիս հետո։ Եթե անում է, նշանակում է նրա համար միևնույն է հասարակության վերաբերմունքը։ Կարևորը, որ իրեն ծառայողներն ու իր իշխանությունը պաշտպանողները գոհ մնան։
Հարություն Ավետիսյան