Խաղամոլագարը. Նիկոլ Փաշինյանի վերջին խաղադրույքը
Նորանկախ Հայաստանի երեսնամյա պատմության ողջ ընթացքում, միասին վերցրած, պետության ու պետականության կորստի սպառնալիքի մասին չի խոսվել այնքան, որքան քննարկվում է վերջին երեք տարիների ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը որևէ առիթ բաց չի թողնում հայտարարելու համար, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է, որ պետությունը գտնվում է գոյաբանական սպառնալիքների ներքո, և, որ ամենևին բացառելի չէ դրա կորուստը։ Պետականության լինելիությունը կասկածի տակ դնող հերթական հայտարարությունները Փաշինյանն արել է իր վերջին ասուլիսում․
«Հայաստանն ունի պատմական ցիկլ. ունենում ենք պետություն ու հետո կորցնում ենք», «44-օրյա պատերազմից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը», «Այսօր էլ նույն վիճակն է։ Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն ռեժիմում՝ նշանակում է Հայաստանը, ինքնիշխանությունն ու անկախությունը դատապարտել չգոյության։ Ես համոզված եմ սրանում»,- տարբեր հարցերի պատասխանների մեջ իր այս՝ մեծ հավանականությամբ նախապես մտածված ձևակերպումներն է խցկել Նիկոլ Փաշինյանը։
Պետության ու պետականության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի այս վերաբերմունքն ունի բազմաթիվ տեսանելի և լատենտ շերտեր, որոնցից, սակայն, թերևս ամենակարևորը երկուսն են՝ ենթագիտակցական և գիտակցված՝ հաշվարկված շերտերը։ Չնայած բոլոր արդարացումներին, իրադարձությունների, փաստերի մանիպուլյատիվ մեկնաբանություններին, սեփական մեղավորությունն այլոց վրա բարդելու ամենազազրելի փորձերին, Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ, առնվազն ենթագիտակցորեն գիտի, հասկանում է, որ ինքը Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության ողջ ընթացքում պետությանն ու պետականությանն ամենամեծ վնաս հասցրած ղեկավարն է։ Այդ ենթագիտակցական զգացողությունը նրան ստիպում է ցանկացած առիթով, ցանկացած թեմայի մասին խոսելիս անդրադառնալ պետականության ու պետության սպառնալիքներին, անգամ գերագնահատել դրանք՝ ցույց տալու համար, որ ինքը ոչ թե վնասել է պետականությանը, այլ կրծքով պաշտպանել է այն։
Այսինքն՝ ընդունելով պետության ու պետականության թուլացման, լինելիության մակարդակի հասցնելու հարցում սեփական մեղավորությունը, նա միևնույն ժամանակ իրերն այնպես է ներկայացնում, որ հանրությունը դեռ պետք է իրեն շնորհակալություն հայտնի՝ այդքան վտանգված պետականությունը դեռևս պահպանելու համար։ Սա սովորական մոլագարի խորամանկություն է, ով սպանելով երեխային՝ վերջինիս ծնողներից շնորհակալություն է ակնկալում երեխայի կատվին փրկելու համար։
Պետության ու պետականության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, սակայն, ունեն ևս մեկ, ոչ պակաս վտանգավոր շերտ։ Նա՝ շարունակելով պետության թուլացման ու պետականության կորստին տանող քաղաքականությունը, իր համար ապագա ալիբի է ստեղծում։
Աստված մի արասցե, պետականության կորստի դեպքում, Նիկոլ Փաշինյանը հանրությանը հիշեցնելու է իր այս բոլոր հայտարարությունները՝ արդարանալով, որ ինքը նախապես զգուշացնում էր պետության կորստի վտանգների մասին, բայց իրեն լսող ու աջակցող չեղավ, ու չհաջողվեց պահպանել պետականությունը։ Կամ էլ ասելու է՝ ժողովուրդ, դուք եք ինձ այդ մանդատը տվել:
Իսկ լավատեսական սցենարի՝ պետականության պահպանման դեպքում (որը Նիկոլ Փաշինյանի հետ գործնականում կապ չի ունենալու և պայմանավորված է լինելու բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարություններով) նա հայտարարելու է, որ չնայած պետությանն ու պետականությանն ուղղված մարտահրավերներին ու էքզիստենցիալ սպառնալիքներին, ինքն անձնվիրաբար կարողացել է փրկել պետականությունը, ինչի համար արժանի է համազգային երախտիքի, որն իր պատկերացմամբ՝ նույնական է իշխանության հետ։
Նիկոլ Փաշինյանը հայկական իրականության, հայկական ինքնության ու հայկական պետականության հետ վարվում է վերջացած խաղամոլի տրամաբանությամբ։ Նա պատրաստ է խաղասեղանին դնել պետությունն ու պետականությունը՝ սեփական իշխանությունը պահպանելու դիմաց։ Նա նույն տրամաբանությամբ արդեն իսկ տանուլ է տվել նախորդ փուլում իշխանության պահպանման համար կատարած խաղադրույքը՝ Արցախը։
Հերթը Հայաստանինն է։
Հարություն Ավետիսյան