Աղդամը Լաչինի միջանցքը վերաբացելու այլընտրանքը չէ․ Ժոզեպ Բորել
Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և նշում, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
«ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է` դժվարացել է` չնայած այն վերաբացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին», – նշված է հայտարարությունում:
Ժոզեպ Բորելը նշում է այն փաստը, որ առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար, և ընդգծում, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ և ազատ երթևեկությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք:
ԵՄ-ն նաև նշում է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը լրջորեն տուժել է, և կոչ է անում ամբողջապես վերականգնել այն, ներառյալ՝ բժշկական տարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը որևէ դերակատարի կողմից չպետք է քաղաքականացվի», – ասված է հայտարարության մեջ:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշում է, որ Եվրոպական Միությունը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու և Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը խթանելու գործում։
Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները տարբեր պաշտոնական հանդիպումներում հայտարարում են, թե իբր պատրաստ են Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ։ Ստեփանակերտը, սակայն, դեմ է այդ ճանապարհով որևէ մատակարարում ստանալուն․ Լեռնային Ղարաբաղում ցուցարարները բետոնե արգելապատնեշներով փակել են այդ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղում պնդում են, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան շանտաժ ու իրենց ենթարկեցնելու փորձ։