ՄԱԿ-ի ԱԽ կարող ենք դիմել մի ժամում, բայց խնդիրն այն է, թե ի՞նչ որոշում կընդունեն անդամ երկրները. Փաշինյան
Tert.am-ի հարցը Նիկոլ Փաշինյանին՝ վերաբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանի չկատարմանն ու մեր քայլերին:
– Արդարադատության միջազգային դատարանը որոշեց և Ադրբեջանին պարտավորեցրեց բացել Լաչինի միջանցքը, ինչը մինչև այժմ չի արվել: Ավելին, իրավիճակն այս առումով ավելի է սրվել: Իսկ ինչպես գիտենք, Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հարցի ամենաբարձր դատական մարմինն է: Սա նշանակում է, որ այս համակարգում ոչ մի կառույց, ի տարբերություն Ադրբեջանի, չի կարող անտեսել այս որոշումը: Ինչո՞ւ մենք այս հարցով չենք դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ի դեպ, Վարդան Օսկանյանը, նաև խոսելով Հայաստանի անելիքների մասին, նշեց, որ Հայաստանն անպայման պետք է անհապաղ դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին: Հնարավո՞ր է՝ առաջիկայում Հայաստանն այս հարցով դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին:
– Դա մեր հնարավոր գործիքակազմի մեջ է, և հասկանալիորեն մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում և նաև կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական և ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, և մենք գտնվում ենք քննարկումների փուլում: ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա: Կարելի է ուղղակի մի ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Խնդիրն այն է, թե էդ դիմելու արդյունքում որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, և եթե ընդունվի, ի՞նչ որոշում կընդունվի: Որովհետև այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ այն քաղաքական մարմին է, և մանավանդ նման հարցով ԱԽ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք:
Մանրամասները՝ տեսանյութում: