«Ինչպե՞ս կարելի է հայրենիք վաճառել, Արցախը Հայաստանի մի մասն է. Ժողովուրդը պետք է կանգնի ու իր ճակատագրի տերը դառնա, այլ տարբերակ չկա». Ֆրանսահայ տենոր
Եվրոպացիների կողմից «Ոսկե ձայն» կամ «Օրհնված ձայն» տիտղոսին արժանացած ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը Հայաստանում է։ Նա չորս տարվա դադարից հետո ընտանիքով եկել է հայրենիք, նախ հայրենի հողից էներգիա ստանալու և 20-ամյա որդուն Հայաստանին ծանոթացնելու համար, ինչը նաև որդու մեծ ցանկությունն է եղել։
168.am-ը Ռուբեն Էլբակյանի հետ զրուցել է Հայաստան այցի, Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի, առաջիկա ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ։
– Պարոն Էլբակյան, 4 տարի Հայաստանում չեք եղել, ի՞նչ փոփոխություններ եք նկատում, այս անգամ ի՞նչ ծրագրերով եք եկել հայրենիք։
– Իրոք, 4 տարի չէինք կարողացել գալ հայրենիք։ Գալու նպատակն ավելի շատ մեր հող ու ջրից էներգիա ստանալն է, և քանի որ տղաս արդեն 20 տարեկան է, ավելի շատ բաներ է ուզում տեսնել, ճանաչել, անհամբեր սպասում էր, թե երբ ենք գալու Հայաստան։ Հիմա էլ ասում է՝ հայրենիքում մնալու օրերն արդեն ավարտվում են… Գիտեի, որ որդիս հայրենասեր է, բայց որ այդ աստիճան, իհարկե, սա ինձ մի քիչ զարմացնում է և շատ ուրախացնում։
– Հայաստանում հանդիսատեսը ե՞րբ կարող է ներկա լինել Ձեր համերգին։ Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Հայաստանում համերգ չեք տալու այնքան ժամանակ, մինչև «սևերն» ու «սպիտակները» չանհետանան։
– Կարծում եմ՝ «սևերի» ու «սպիտակների» կոնտրաստը սկսում է վերանալ, շատ շերտեր վերագնահատում են իրականությունը։ Հուսամ, ամեն ինչ շատ շուտ ժամանակում իր տեղը կընկնի, և ես կգամ երգելու իմ ժողովրդի համար։ Օրինակ, Պլատոնն ասում է՝ եթե ուզում ես կառավարել ժողովուրդ, կառավարիր նրա լսած երաժշտությունը։ Մեր ժողովուրդը պետք է սնվի իր ազգային գանձերից, որպեսզի հասկանա, թե ինքը որտեղից է և ուր է գնում։
Ես ունեմ «Կոմիտաս» ալբոմ և տարածում եմ Եվրոպայում Կոմիտասի երաժշտությունը և ոչ միայն՝ Կոմիտասի, մնացած բոլորին՝ միջնադարից մինչև Առնո Բաբաջանյան։ Անգամ իմ «Ավե Մարիա» ծրագրով, որով Եվրոպայում շրջագայում եմ, այդ ծրագրում ես ներառել եմ մեկ հայկական գործ՝ Նարեկացի։ Պատկերացրեք, արդյունքը շլացուցիչ է, որովհետև այդ ծրագիրը բացառիկ է, իսկ Նարեկացին դրա թագն է, մարդիկ ամեն համարից հետո ոգևորված ծափահարում, ուրախանում են, որ ինչ-որ նոր բան լսեցին ու սովորեցին։ Բայց երբ Նարեկացի են լսում, ուղղակի ապշած են, որ նման բան գոյություն ունի աշխարհում։ Դա ինձ համար մեծ բերկրանք է, որ ես կարողանում եմ ներկայացնել մեր ազգի գանձերը։
– Դուք միջազգային մամուլի կողմից արժանացել եք «Ոսկե ձայն», «Օրհնված ձայն» տիտղոսին, ինչպես նաև «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» եք, և վերջերս Ֆրանսիայի Սենատում ստացել եք «Ոսկի մեդալ»՝ բարեգործական մենահամերգների համար, սա Ձեզ պարտավորեցնո՞ւմ է։ Առհասարակ ո՞րն է Ձեզ համար ամենալավ կոչումը։
– Իսկապես, դա շատ պարտավորեցնող է։ Ասում են՝ հպարտ չի կարելի լինել, բայց ես հպարտանում եմ, որովհետև ես ներկայացնում եմ իմ ազգը, և եթե ինձ գնահատում են և գնահատում են այդ աստիճան բարձր, դա ինձ համար մեծ պատիվ է։
Բնականաբար, այդ բոլոր կոչումները, տիտղոսները շատ հաճելի են, պատվավոր են, ես ուրախ եմ, որ ինձ արտերկրում բարձր են գնահատում։ Մեծ գնահատականը ունկնդրի խոսքն է, որովհետև եղել են շատ տարբեր ու անսովոր շնորհակալական ձևեր, որոնք շատ հուզիչ են։
– Դուք Ֆրանսիա եք տեղափոխվել երիտասարդ տարիքում, դժվար չէ՞ր հեռավոր Ֆրանսիայում հայ մնալ, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել։
– Դժվար էր այն առումով, որ կարոտը խեղդում էր, բայց իմ բախտը շատ բերեց, որ ես ծանոթացա իմ ապագա կնոջ հետ, նա հայուհի է, իմիջիայլոց, թղթակից է, շատերը ճանաչում են։ Ինձ թվում է, դա ընտանիքի դաստիարակությունից էլ է գալիս, որովհետև իմ հայրական կողմն Էրզրումի, Կարսի ծագում ունեն, Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Գյումրի։
Էրզրումն էներգիայի տեսակետից բավականին հզոր է, մի խոսքով, կարծում եմ, դա գեներից էլ է գալիս, որովհետև ճանաչում եմ հայերի, որոնք գնում ու ձուլվում են, մոռանում են, դավաճանում են, հիմա սա թրենդի մեջ է։
Ես չեմ կարող, առավոտյան պետք է արթնանամ ու տեսնեմ, թե ինչ է տեղի ունեցել այստեղ։ Շատ ակտիվ հետևում եմ, գիտեմ ու ցավում եմ, հիմա մեր հայրենիքը շատ ծանր վիճակում է։ Ժողովուրդն էլ լավ «ֆորմայի» մեջ չէ, քանի որ չգիտի՝ որ կողմ գնա, ցավոք, մեր ժողովրդի լայն շերտեր տեղյակ չեն, թե մենք ով ենք, որտեղից ենք ու ուր ենք գնում։ Վերցրեք ադրբեջանցիներին, նրանք 1920 թվականից սկսած արդեն 5 դասագիրք են փոխել, նրանք հաջողացրեցին ստեղծել մի սերունդ, որը բացարձակ զոմբի է, իսկ մեր ժողովուրդը չգիտի, թե ինքն ով է։
– Այսինքն՝ ինքնաճանաչման խնդիր ունե՞նք։
– Կարծում եմ՝ շատ մեծ, և՛ պատմության, և՛ երաժշտության, խոհարարության, և՛ ամեն ինչի վերաբերյալ։ Վերցնենք լավաշը, այդ բառի ծագումնաբանությունը չգիտեն, բայց մեր հայերն ասում են՝ դե լավ, եթե ուզում եք, վերցրեք ձեզ, բայց այդպես չէ, չի կարելի։ Մենք ունենք, բայց տեր չեք կանգնում, ուրիշները չունեն, մեզանից գողանում են չորս կողմից, բայց մենք նորմալ ենք ընդունում, որովհետև պատմությունը չգիտենք։
– Այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են մեծ խնդիրների առջև, որպես համաշխարահային ճանաչում ունեցող տենոր՝ ինչպե՞ս կարող եք այս խնդիրների մասին տարբեր հարթակներում բարձրաձայնել։
– Պլանավորել եմ գնալ Ցեղասպանության հուշահամալիր և այնտեղից իմ կոչն անել։ Այս ամենը շատ սխալ է տեղի ունենում, Հայաստանի ու հայի արժանապատվությունը հավասարեցված է հողին, ովքեր հային դրսում ճանաչում են, նրանք գիտեն, թե հայերն ովքեր են։ Շատ ժամանակ ես ոչ թե ամաչում եմ, այլ նեղվում եմ, որ իմ հայրենիքն այս վիճակի մեջ է, ե՞րբ պետք է փոխվի այս ամենը։
Եթե մեր ներկա կառավարությունը չի կարող արհեստավարժ կերպով հարթել այս բոլորը, ուրեմն՝ թող գան այն մարդիկ, ովքեր կարող են դա անել։ Մենք թանկ ենք վճարել ու ավելի թանկ էլ կվճարենք, եթե, Աստված չանի, ավելի վատ վիճակում հայտնվի մեր հայրենիքը, բայց ամեն ինչ դրան է տանում, մենք կանգնած ենք եզրին։ Ինչպե՞ս կարելի է սա ընդունել, մենք հիմա կատաստրոֆիկ վիճակի մեջ ենք, Արցախը՝ առավել ևս։ Ես Արցախը Հայաստանից չեմ տարբերում, ինձ համար Արցախը Հայաստանի մի մասն է։ Հաշվեք, թե Արցախից որքան հայտնի հայեր են դուրս եկել, որոնց մենք հպարտությամբ ասում ենք՝ հայ են, այս իրար դեմ լարելը, որը ծրագիր է ու դրսից է եկել…
– Նկատի ունեք բաժանո՞ւմը՝ հայաստանցի ու արցախցի։
– Իհարկե, ասում են՝ իրենք ղարաբաղցի են, արցախցի են, այդ պիտակ կպցնելը… հայը մնում է հայ, որը պետք է ունենա մեկ ազգային ծրագիր և գուցե մեկ ազգային կուսակցություն և ընդդիմություն։ Այսքան կուսակցություններ որ լցվել են աջ ու ձախ, ի՞նչ են անում, անիմաստ եղած էներգիան բաղդատում են։ Այս վիճակը մեզ տանելու է կործանման, եթե հայերը չհասկանան… ի վերջո, մենք ուզո՞ւմ ենք հայ մնալ, Հայաստան ունենալ, սա է խնդիրը։ Գո՞ւցե փողն է կարևոր, բայց ինչպե՞ս կարելի է հայրենիք վաճառել կամ առևտուր անել, ինչ-որ թուրքական այս բարեկամությունը, խաղաղության պայմանագիրը ու ամեն ինչը, չի կարելի այդքան նաիվ լինել՝ թուրքը մնում է թուրք, ադրբեջանցին մնում է ադրբեջանցի։ Համեմատեք իրենց ու մեր պրոպագանդան, մենք ոչ մի բան չենք անում և ուզում ենք ինչ-որ բան փոխվի, չի՛ փոխվելու, մինչև մենք չհասկանանք, որ մեզ պետք է ազգային ծրագիր։ Մեր դիվանագիտությունը շատ է զիջում, մենք կարող ենք հաղթանակներ ունենալ, բայց դիվանագիտական հարթակում, չգիտես՝ ինչու, զիջում ենք։
Ժողովուրդը պետք է կանգնի ու իր ճակատագրի տերը դառնա, այլ տարբերակ չկա։ Եթե մենք չմիավորվենք ազգային գաղափարի շուրջ, կկործանվենք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում