
«Արցախում կատարվողն ուղղակի անմարդկային է, բայց Արցախի ժողովուրդն ադրբեջանական հումանիտար օգնություն կոչվածը չի՛ ընդունելու». Մետաքսե Հակոբյան

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը: «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում նա միևնույն ժամանակ նշել է, որ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր առաջարկից նույնպես պետք է օգտվել, ոչ այլընտրանք Լաչինին, այլ որպես դրա լրացում»,- ասել է Կլաարը:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Կլաարի հայտարարությունը համարում է Արցախի՝ Ադրբեջանի կազմում ինտերգրման քաղաքականության մաս:
«Նույն հարցազրույցի ժամանակ, երբ իրեն հարցնում են՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերաբերվում դրան, Տոյվո Կլաարը իբրև դա չհասկանալով՝ նշում է, որ իրենց ջանքերն ուղղված են դրան, որպեսզի փոխվստահություն լինի, և այդ պատճառով՝ պետք է և՛ Լաչինի միջանցքը լինի, և՛ Աղդամից եկող հումանիտար բեռները: Ինքը նույնիսկ չէր կարողանում մանևրել: Հարցին՝ եթե Աղդամից գան այդ հումանիտար բեռները, Արցախի բնակիչների մոտ վախ կա, որ դրանք թունավորված կլինեն, Կլաարը կրկին դա շրջանցեց՝ մեջբերելով, որ միևնույն է, պետք է լինի այդ փոխվստահությունը:
Հասկանում ես, որ միջազգային հանրությանը հետաքրքիր է միայն իրենց շահերի իրականացումն այս տարածաշրջանում: Իրենց շահերի իրականացման գլխավոր նպատակներից մեկն Արցախի ինտեգրումն է, որովհետև հենց դրանով պայմանավորված՝ իրենք կկարողանան լուծել իրենց համար մեկ խնդիրը, այն է՝ ՌԴ դուրսբերումը: Արդեն իսկ շահարկում են, որ այդ պարագայում անիմաստ է լինում ՌԴ ներկայացվածությունն այս տարածաշրջանում: Այնպես որ, իրենք շատ ակնհայտ են ասում ամեն ինչ՝ ուղիղ խոսքով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Մետաքսե Հակոբյանը ցավով արձանագրեց, որ ժողովուրդն առանձին է իր դիրքորոշումը հայտնում, իշխանությունը՝ առանձին. «Մեծամասամբ այդ դիրքորոշումները չեն հատվում, չնայած, որ երկու կողմն էլ հայտարարում է նույն նպատակի մասին: Մենք վաղուց հայտարարել ենք մեր կարմիր գծերի մասին, որոնցից մեկն Արցախ-Հայաստան անխափան ճանապարհն է, ստացվեց, որ Ադրբեջանը հատեց այն, ՀՀ իշխանությունները՝ ևս, իրենց գործողություններով ու հայտարարություններով: Եվ այս պարագայում, Արցախի իշխանությունները կարծես լուռ են, որևէ դիրքորոշում չեն հայտնում, երբ հայտարարության մակարդակով է, ասում են կարմիր գծերի մասին, բայց երբ գործողություններ պետք է անեն, որևէ գործողություն չկա այդ առումով, ու ստացվում է պաթոս:
Երեկ այն, ինչ արվեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կողմից, երբ բետոնե պատնեշներ տեղադրվեցին, դա հենց ժողովրդի դիրքորոշումն էր, որովհետև կապ չունի՝ ակցիային քանի հոգի էին մասնակցում, արձագանքները շատ բուռն էին ու դրական: Բոլորն ասում էին, որ դա հենց իրենց ուզածն է: Որևէ մեկը չի օգտվելու, որովհետև դրանով կստացվի, որ Արցախի ժողովուրդը համաձայն է ինտեգրվելուն, ինչն այդպես չէ: Այստեղ այդ թեման չի քննարկվում:
Նույնիսկ առօրյա խոսակցության մեջ մարդիկ մեկը մյուսին ասում են՝ չե՞ք հիշում՝ ինչպիսին էին ադրբեջանցիները, երբ համատեղ էինք ապրում ԽՍՀՄ տարիներին, նրանք ամեն բան օգտագործելու են, որ մեզ դուրս քշեն այստեղից: Նույնիսկ, եթե միջազգային հանրությունը ստիպի, և կարողանան այդ բեռները հասցնել Արցախ, միևնույն է, որևէ մեկն այդ սննդից չի օգտվելու, հասարակ հենց վախից ելնելով: Նույնիսկ այն մարդիկ, որոնք լավ չեն պատկերացնում կարմիր գիծ ասվածը կամ իրականությունը, պարզապես չեն օգտվելու: Այսինքն՝ սրանով որևէ հարց միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունները կամ որևէ մեկը չեն լուծելու: Դա մեր կողմից չի ընդունվելու: Ես հույս ունեմ, որ Արցախի իշխանությունների կողմից ևս, և, որ իրենք նույնիսկ ծայրահեղ իրավիճակում չեն գնա նման քայլի և համաձայնություն չեն տա այդ առումով»:
Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ եթե Արցախի ժողովուրդն ադրբեջանական հումանիտար օգնություն կոչվածն ընդունելու լիներ, վաղուց դա արած կլիներ. «Հատկապես վերջին մի ամսում, եթե տեսնեք՝ ինչ է կատարվում Արցախում, դա ուղղակի անմարդկային է: Արդեն մի քանի օր շատ-շատերն ուղղակի հաց չեն կարողանում գնել, որովհետև հացը եթե նույնիսկ թխվում է, ապա խանութներ հասցնել հնարավոր չէ: Հացի թխման վայրերում մարդիկ գիշերը հերթ են կանգնում, ինչպես 90-ական թվականներին, ժամը 4-5-ից հերթ են կանգնում, որպեսզի կարողանան հաց գնել: Եթե ժողովուրդը նման մտադրություն ունենար, չէր հասնի այս ծայրահեղ վիճակին»:
Ինչ վերաբերում է Արցախի իշխանության անելիքներին, նա նկատեց, որ Արայիկ Հարությունյանի նստացույցն ընդհանրապես ընկալելի չէ. «Դա կարող էր անել քաղհասարակությունը, ընդդիմությունը, բայց ոչ երկրի իշխանությունը, երկրի նախագահը: Երկրի նախագահը այնքան անելիք ունի, որ նստացույցն ընդհանրապես չի դիտվում: Ինձ համար անհասկանալի էր, երբ հունիսի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում Արայիկ Հարությունյանը ինձ պատասխանում էր, որ եկել է անկեղծ զրույցի, բայց մենք քաղաքական օրակարգ ենք իրեն պարտադրում: Դա ամենամեծ զարմանքն էր, որ մենք ապրեցինք, որովհետև երկրի նախագահը կարծես այլ գործառույթ չունի, քան այդ երկրի քաղաքականությունը վարել: Հիմա չգիտեմ՝ ինքը վրանում նստած կարողանո՞ւմ է դա անել, թե՞ ոչ, բայց դա միանշանակ չի ընկալվում: Ժողովրդի մոտ էլ դա ավելի շատ խուճապային տրամադրություն է առաջացնում: Երկրի նախագահը հիմա պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործեր և կարողանար այս խնդրին քաղաքական լուծում տալ, որովհետև մեր խնդիրը հումանիտար չէ, մեր խնդիրը լուրջ քաղաքական խնդիր է:
Առաջին քայլը որ պետք է արվեր, պետք էր հստակ դիրքորոշում հայտնել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ, այնուհետև պահանջներ դնել հենց այդ իշխանության առաջ: Միջազգային հանրությունը կարծես տեսնում է հավաքներ և չի տեսնում այդ հավաքների ժամանակ հակառակություն վարվող քաղաքականությանը: Նույնը նաև ՀՀ-ում, երբ մեր հայրենակիցները տարբեր դեսպանատների առջև են, իրենք առավել քան պետք է վստահ լինեն, և իրենց հիշողությունը պետք է իրենց չդավաճանի, որ ընդամենը երեք տարի առաջ այդ վիճակում էին, և որևէ մեկը դուռ չէր բացում պատերազմի ժամանակ, հիմա ի՞նչ հույսով են գնում, երբ համար մեկ պատասխանատուն հենց Երևանի կենտրոնում է, համար մեկ անձը, ով պարտավոր է իրավիճակ փոխել, Երևանի կենտրոնում է: Եթե նա չի կարողանում, այդ բոլորով պետք է գնան ու իրեն հեռացնեն: Ուրիշ անելիք այսօր չունեն մեր հայրենակիցները»: