Աղդամից հումանիտար բեռների առաքումը Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը. Կլաար

Հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը, «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր առաջարկից նույնպես պետք է օգտվել, ոչ այլընտրանք Լաչինին, այլ որպես դրա լրացում»,- նշել է Կլաարը:

Եվրոպացի արդեն երկրորդ պաշտոնյան է խոսում Ադրբեջանի տարածքով Արցախ հումանիտար մատակարարումներ իրականացնելու կարևորությունից։ Ադրբեջանի այդ առաջարկը միջազգային դերակատարների բառապաշար մտավ մասնավորապես Փաշինյան-Ալիև վերջին բանակցություններից հետո, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հստակ ասաց, որ թեմային բրյուսելյան հանդիպմանն անդրադարձ եղել է։

Ի՞նչ է պատասխանել վարչապետ Փաշինյանը, արդյոք այդ հարցով համաձայնություն է ձեռք բերվել, փորձել ենք ճշտել նրա աշխատակազմից։ Նաև հետաքրքրվել՝ հնարավո՞ր է Ադղամով ճանապարհի բացումն է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու՝ Ադրբեջանի պահանջը։ Գրավոր հարցմանը պատասխան դեռ չենք ստացել։

Ավելի վաղ ԱԳՆ-ից առանց կոնկրետության ու Աղդամին անդրադառնալու, փոխանցել էին՝ Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև գործընկերների հետ բոլոր քննարկումներում:

Արցախի իշխող՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը պնդում էր՝ Աղդամով հումանիտար բեռների տեղափոխման որևէ համաձայնություն չկա։

«Կա հստակ նշված Լաչինի միջանցքով անխափան երթևեկության պարտավորությունը, որը չի կատարում Ադրբեջանը: Արցախյան կողմից որևէ համաձայնություն այդ ճանապարհն օգտագործելու համար չկա, և մեր դիրքորոշումն այն է, որ կա միջազգայնորեն ստանձնած պարտավորություն Լաչինի միջանցքի անխափան գործունեության մասով, և դա պետք է անհապաղ կատարվի», – նշեց Հարությունյանը:

«Ազատության» հարցին՝ «իսկ Հայաստանի հետ կապի մե՞ջ եք, օրինակ, վերջին բանակցություններից տեղյա՞կ եք», «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավարը պատասխանեց. – «Իհարկե, կապի մեջ ենք: Այո, տեղյակ ենք և մեր դիրքորոշումը ներկայացրել ենք՝ եթե խոսքը վերաբերում է ճանապարհին, որը նշեցիք, այդ ճանապարհի օգտագործմանը, մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք»:

Իսկ առանց արցախյան կողմի դիրքորոշման Հայաստանը կարո՞ղ էր համաձայնություն տալ, Հարությունը նշեց: – «Ոչ: Ոչ պետք է Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը վերականգնվի: Եվրոպացի պաշտոնյաները չգիտես ինչի խոսում են անընդհատ հումանիտար բեռների, այսինքն, ըստ իրենց պատկերացման, եթե Արցախի ժողովուրդը պետք է ապրի, գոյատևի միայն հումանիտար բեռների ներկրմամբ և այդ հարցում այլընտրանքային ինչ-որ լուծումներ են փնտրում, չեմ կարծում, որ դա որևէ արդյունք է տալու»:

Յոթ ամիս Հայաստանի հետ կապից կտրված, իսկ վերջին մեկ ամսվա մեջ լիակատար շրջափակման մեջ հայտնված արցախցիներն ասում են՝ իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Այնուհանդերձ, ուտելիքի, վառելիքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում ապրող արցախցիները երեկ ակցիայով պատասխանեցին հումանիտար օգնություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկին՝ բետոնե արգելապատնեշներ տեղադրելով Ասկերան – Աղդամ ճանապարհին՝ պարզելով «Ճանապարհ դեպի մահ» գրությամբ պաստառներ։

Տեսանյութեր

Լրահոս