«Արայիկ Հարությունյանի արածը նշանակում է, որ պետությունը վերջանում է». Սերգեյ Մելքոնյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Արցախի 10 հազար քառակուսի կմ տարածքն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի իշխանության վերընտրությունը տոնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ հաղթանակից երկու տարի անց՝ դարձյալ հունիսին, հայտնվեց Արցախի նախագահականի դիմաց տեղադրված վրանում։

Հարությունյանը երեկ տեսաուղերձով հայտարարեց նստացույց սկսելու մասին, քանի որ, ըստ նրա, Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար ու անվտանգային աղետն են իրեն ստիպել դիմել նման ծայրահեղ միջոցի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն Արցախի նախագահի այս որոշումը համարեց պատասխանատվությունն իր վրայից բոլորի՝ Արցախում բողոքի ցույցեր անողների վրա բարդելու առիթ, ինչը, ըստ Մելքոնյանի, ունի նաև վտանգավոր տողատակեր։

Կարդացեք նաև

«Երբ պետության ղեկավարը կամ գերագույն գլխավոր հրամանատարն այսպիսի իրավիճակում միանում է քաղաքական, քաղաքացիական շարժումների և չի իրագործում իր լիազորություններից բխող քայլեր, դա նշանակում է, որ Արցախը՝ պետությունը, վերջանում է, և վերջանում է նաև Գլխավոր հրամանատարի, երկրի ղեկավարի պատասխանատվությունը։ Իր այդ քայլով Արցախի ղեկավարն իր պատասխանատվությունը բաշխում է բողոքի ցույցեր անողների վրա։ Արայիկ Հարությունյանը ցույց է տալիս, որ անկարող է հաստատել կապեր, գտնել գործընկերներ, և փաստացի հրաժարվում է այն առաքելությունից, որը ստանձնել է՝ որպես պետության ղեկավար»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը՝ շեշտելով՝ այստեղ կարևոր է նաև հիշել, որ Արայիկ Հարությունյանն այն պաշտոնյան է, որն առ այս պահը հասցեական որևէ գնահատական չի տվել ՀՀ կառավարության ղեկավարի վարած քաղաքականությանը, չի հայտարարել, որ Հայաստանի ղեկավարն իրավունք չունի բանակցել Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելու հարցով։

«Արցախի նախագահը երբեք չի պահանջել Հայաստանի իշխանությունից դադարեցնել բանակցություններն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, ինչի արդյունքում հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ռուս խաղաղապահներն այսպիսով փաստորեն գտնվում են Ադրբեջանի կազմում»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։

Նա շեշտում է՝ պաշտպանելով Փաշինյանի դիրքորոշումները՝ Արայիկ Հարությունյանը չի պաշտպանել ռուսական կողմի առաջարկը, այն է՝ Արցախի կարգավիճակի հարցի հետաձգումը, ինչը հնարավորություն կտար Արցախին ապագայում բարձրացնել կարգավիճակի հարցը և չլինել Ադրբեջանի կազմում։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս