«Մեր ջրերը գնում են Թուրքիա. Սևանից հավելյալ ջրառը կարող է կոռուպցիայի առիթ լինել». Հրաչ Բերբերյան
Նախորդ շաբաթ Աժ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ընդունվեց Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ Կառավարության որոշումը։ Ըստ այդ որոշման՝ նախորդ 170-ի փոխարեն՝ 240 մլ խմ ջրառ կիրականացվի Սևանից։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս որոշման մեջ, ինչպես Կառավարության շատ որոշումների դեպքում, որևէ հիմնավորում ու տրամաբանություն չկա։
«Եթե իրենք փորձեն այս ամենը հիմնավորել նրանով, որ երաշտ է եղել և այլն, ապա դա իսկապես կլինի շիզոֆրենիայի արդյունք, կամ էլ, հնարավոր է՝ դատարկագլխության արդյունքն է։ Չի բացառվում նաև, որ այս ամենը լինի չար նպատակների արդյունք։
Մեր ջրերը գնում են Թուրքիա՝ Արաքս գետ, դա Ախուրյանի ջրամաբարի հետ էլ է կապված, առհասարակ մեր բոլոր ջրանցքները վերջանում են Արաքս գետով։ Այս ամենի մասին ժամանակին խոսում էր Վլադիմիր Մովսիսյանը, որ Հայաստանը հսկայական ջուր է բաց թողնում դեպի Թուրքիա։ Նա այդ ամենը կանխելու համար նախագիծ էլ էր ներկայացրել, թեպետ այն հսկայական ծախսեր էր պահանջում, որը եթե ներդնեինք, ապա կստեղծեինք ոռոգման կաթիլային համակարգ։ Այնպես որ՝ ռուսը մի լավ խոսք ունի, ասում է՝ ձայն են լսում, բայց չգիտեն՝ որտեղից է»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա, Սևանից նաև հավելյալ ջուր են վերցնում ՀԷԿ-երի համար, քանի որ հիմա դրանցից ամեն մեկն ինչ-որ մեկի սեփականությունն է, որոնք Հայաստանում համարվում են ազդեցիկ դեմքեր։
«Վերցրեք Ախուրյանի ՀԷԿ-ը, որը գտնվում է ջրամբարի վրա, միայն ես այդպիսի 4-5 ջրամբարի տեղ գիտեմ։ Նրանք ջրամբարի ջուրը տարին 12 ամիս վերցնում են, օրինակ, Արփի լճի ջուրը 100 մլ-ի չի հասնում, մշտապես պակաս է, գարուն է եղել, որ 30-40 մլ է եղել, ինչն էլ բացատրում էին, թե իբր դարպասները լավ չեն փակել, ջուրը գնացել է։ Դե, գիտե՞ք ինչ, մեր ջրային տնտեսության ընկերները մեզ շատ են հոգնեցրել, ասում են, թե սառույցը ջուր չի դարձել, դե բոլ եղավ, էլի, այդ մանկական հեքիաթները գնացեք ու ձեր անգրագետ ղեկավարներին պատմեք… Դե, իհարկե, իրենք հասկանում են, որ մասնագետներն այդ ամենը հասկանում են, բայց իրենք մասնագետներին լսո՞ւմ են»,- շեշտեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում գերմանական միջպետական վարկով ՀԷԿ-երի շինարարություն թույլ տվեցին, ու որոշվեց, որ դրանց մի մասը պետք է տեղադրեն ջրամբարների ջրանցքների վրա։
«Հենց այդ օրվանից էլ սկսվել է մեր ջրային տնտեսության դժբախտությունը, որ ջուրը չի բավարարում։ 5-6 տարի առաջ մշակովի հողատարածքներն ավելի շատ էին, ու ջուրը բավարարում էր, հիմա սկսեց չհերիքե՞լ։ Սխալը սխալի վրա՝ գնում ենք։
Սևանից հավելյալ ջրառը կարող է կոռուպցիայի առիթ լինել»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։