Հայտնի է «Իրավունք ունի՞ դատավորը հիվանդանալ կորոնավիրուսով» հարցի պատասխանի օրը

Ապրիլի 4-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության 3-րդ նիստն էր:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան) քննվել է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործը, որի շրջանակում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին որոշումները, ինչպես նաև նույն ընտրություններում ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին:

ՀՀ վարչական դատարանը 21.12.2021թ. կայացրած և հրապարակված վճռով «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերոնշյալ պահանջով հայցը մերժել է, որպիսի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.01.2022թ. որոշմամբ մերժվել է:

Նույն օրը՝ 07.01.2022թ., ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:

Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ որ դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

Կարևոր է նշել, որ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դանիել Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով:

ԲԴԽ-ում դատավորի ներկայացուցիչը իրավագիտության պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն է: Խորհուրդը նախագահում էր ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը, քանի որ դեռ առաջին նիստին պրոֆեսոր Ղամբարյանը բացարկ էր հայտնել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ինչը բավարարվել էր:

Կարգապահական վարույթի նիստը մեկնարկեց պատասխանող կողմի դիրքորոշումների ներկայացմամբ:

Իր խոսքի սկզբում Արթուր Ղամբարյանն ասաց, որ առաջինը կցանկանար վերլուծել դատական ակտը հրապարակելու ինստիտուտի գործառնական նշանակությունը և սահմանադրական իրավունքի և դատավարական տեսանկյունից, այնուհետև կանդրադառնա այն հարցին, թե արդյոք ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը վերջին հաշվով կազմի նախագահողի համար սահմանում է, ինչպես Արդարադատության նախարարությունն է ասում, անօտարելի պարտականություն, որ ինքն է պարտավոր ընթերցել դատական ակտը, և 3-րդ հարցադրումը կվերաբերի կորոնավիրուսով հիվանդ և ինքնամեկուսացման մեջ գտնվող նախագահողի կողմից նման պարտականության կատարման հնարավորության հարցի քննարկումը իրավական որոշակի աքսիոմաների լույսի ներքո:

Արթուր Ղամբարյանը հանգամանորեն ներկայացրեց, թե ինչու նախագահող դատավորի կողմից դատական ակտի հրապարակումը նրա անօտարելի պարտականությունը չէ՝ բերելով օրինակներ միջազգային պրակտիկայից: Առանձին անդրադարձավ այն թեմային, թե եթե անգամ օրենքով նման պարտականություն դատավորի վրա դրվում է, ինչպե՞ս պետք է դա անի թագավարակով հիվանդ դատավորը:

«Օրենքն ինքնամեկուսացման ուղիղ պարտականություն է դնում թագավարակով վարակված անձի վրա: Ավելին, Քրեական օրենսգրքով՝ պատասխանատվություն է դրվում այն անձի վրա, ով գիտակցաբար վարակում է որևէ մեկի: Այս իրավիճակում պարոն Դանիելյանն ունե՞ր հնարավորություն իր այդ «պարտականությունը» կատարելու»,- հռետորական հարց ուղղեց Արթուր Ղամբարյանը:

Ըստ նրա՝ եթե մասնավորին այդ հանգամանքը չհետաքրքրեր, ինքը կհասկանար, բայց երբ պետական մարմինն է ասում՝ դա մեր գործը չէ, դա իր համար հասկանալի չէ:

«Ի դեպ, Արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ փոխնախարարը, իր միտքը ձևակերպում է այնպես, թե իբր դատավորը, տանը նստած, օրենք է խախտում և հեռախոսով նիստի է մասնակցում: Պարոն փոխնախարար, իրավաբանական վարույթի շրջանակներում Դուք պաշտպանված եք սահմանադրական նորմերով: Ձեր միտքը ձևակերպեք այնպես, որ հասարակության կողմից չստեղծվի տպավորություն, որ այդ խախտման փաստն արդեն վերջնական ճշմարտություն է»,- ասաց Արթուր Ղամբարյանը:

Ամփոփելով խոսքը՝ դատավոր Դանիելյանի ներկայացուցիչը փաստեց՝ Վարչական օրենսգիրքը դատական ակտը հրապարակելու պարտականություն նախագահողի վրա չի դնում. դա ամբողջ կազմի պարտականությունն է:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը դատավոր Դանիելյանին հարցեր ուղղեց, որոնց վերաբերյալ վերջինիս դիրքորոշումն այն էր, որ դրանք վարույթի շրջանակից դուրս են: Նախարարի ներկայացուցիչը որոշեց, որ դատավորը հրաժարվում է հարցերին պատասխանելուց:

«Չի հրաժարվում, ասում է՝ չեմ պատասխանում, որովհետև վարույթի շրջանակից դուրս է: Ասում է՝ շրջանակի մեջ հարցեր տվեք, պատասխանեմ»,- դատավորի պատասխանը մեկնաբանեց նիստը նախագահող ԲԴԽ դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը:

Դատավոր Դանիելյանին հարցեր ունեին նաև ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյան, Մեսրոպ Մակյանն ու Անի Մխիթարյանը:

Դանիել Դանիելյանը Խորհրդի պահանջով ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու վերաբերյալ թեստի դրական պատասխանն ու անաշխատունակության վերաբերյալ թերթիկը:

Վարույթի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը և միջնորդեց բավարարել իրենց միջնորդությունը՝ պնդելով՝ դատավոր Դանիելյանը հեղինակազրկել է դատական իշխանությունը:

Ամփոփիչ խոսք ուներ նաև դատավոր Դանիել Դանիելյանը:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. գործով որոշումը կհրապարակվի ապրիլի 14-ին՝ ժամը 14:55-ին:

Տեսանյութեր

Լրահոս