Ոտքին գցած նշաձողը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի արձագանքը` նիկոլական ստերին
Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին` նույնքան աներես են, հակահիգիենիկ, գարշելի, բազմաթիվ և տձև: Հայտնի է, որ տառականների դեմ պայքարը, Նիկոլի ստերի նման, պահանջում է համառություն և հետևողականություն, հակառակ դեպքում նրանք այնքան կշատանան, որ միևնույն վայրում անհամատեղելի կլինեն ցանկացած նորմալ մարդու հետ: Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, հարմար ճեղքից, յուրային ԶԼՄ-ներից:
Այդ գարշանքը պարբերաբար թափվում է մեր գլխին` ոչ միայն, երբ նա բացում է իր փտած երախը, այլև, օրինակ, ընտանեկան թերթի` «ՀԺ»-ի էջերից: Օրերս այդպիսի մի հրապարակման հանդիպեցի, որը նվիրված էր Սերժ Սարգսյանի արձագանքին` Վարդան Օսկանյանի հայտնի առաջարկությանը, և այդ առիթով «բանակցային ժառանգության» չարչրկված մանիպուլյացիաներին: Այդ արտաթորանքի մակարդակը մի քիչ էր «բարձր» թերթի գլխավոր խմբագրի արդեն ֆիրմային դարձած թանգարանային մինի-շորտիկներից և տպավորություն էր թողնում, որ Նիկոլի հիշատակած «սառը ավտոբուսը» մի քանի անգամ անցել է սույն տափակ թեզերի հեղինակի` Փաշինյանի վրայով:
Համաձայնեք, որ կատարյալ անմեղսունակ պետք է լինել Շուշիում Մեհրիբանի հետ մուղամ լսելու պատրաստ անձի թերթում հեգնել այլոց երաժշտական նախասիրությունները, այն էլ հոդվածում կարմիր թելի պես անցնող նման ռազբիս կլկլոցներով:
Նիկոլն անկեղծորեն զարմանում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ աջակցում է Օսկանյանի առաջարկին, ում հետ քաղաքական հարաբերությունները երբեք, մեղմ ասած, մտերմիկ և փայլուն չեն եղել: Իրականում, սակայն, այդտեղ զարմանալու որևէ բան չկա. Փաշինյանն ու իր վարած կործանարար քաղաքականությունը այնպիսի մասշտաբի զուլում են, որ նրա կողքին խամրում են խիղճ և պատիվ ունեցող մարդկանց նախկին տարաձայնությունները: Կարճ ասած` ինչքան ձախողակ և տխմար պետք է լինել, որ քեզնից պրծնելու համար ստիպես համագործակցել այլ պայմաններում իրար հետ անհամատեղելի գործիչներին:
Միանշանակ կարելի է պնդել, որ «լուծող էին, թող լուծեին» վուլգար կռուտիտը Նիկոլի սիրած ստերից է, որն իր պրիմիտիվագույն և տափակագույն ողջ ուժով իջնում է ընթերցողի գլխին: Այդ մանիպուլյացիայի հակաթույնը շատ պարզ է և հասանելի: Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը հյուսված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ, հայկական կողմը երբեք դեստրուկտիվ հայտարարություններով միջազգային հանրության մոտ գիժ չի ընկալվել, հայկական զինված ուժերը մշտապես պատրաստ էին հետ մղել դիվանագիտական ճակատում պարտվող և մարտադաշտում արկածախնդրության դիմող ադրբեջանական ագրեսորներին:
Բանակցային գործընթացը միշտ էլ զիգզագաձև է եղել իր ակտիվացումներով և փակուղիներով` մինչ այն պահը, երբ Փաշինյանը տարավ այն, ինչպես ռուսներն են ասում` под откос:
Իսկ վերջին պատերազմից հետո 3 դիտավորյալ հակահայ ճակատագրական դիրքորոշում որդեգրած Նիկոլը շարունակում է ճամարտակել, թունավոր սողունի պես գալարվել հայ ժողովրդի անխուսափելի վրեժից ժամանակավորապես խուսանավելու համար:
2021 թվականից այս կողմ այդ երեք դավաճանական թեզերը, որոնք խորացրեցին աղետը, հետևյալն են`
1. Ալմա-Աթայի հռչակագրի մեյդան բերելը, որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք:
2. «Նշաձողն իջեցնենք» սրանց սրիկայությունը: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը ոչ թե իջեցրել է նշաձողը, այլ գցել մեր ոտքին: «Նշաձողը իջեցնում ենք, որ հետո բարձրացնելու տեղ ունենանք»,-բարբաջում էր Նիկոլը եթերներից մեկում:
3. Հայ-ադրբեջանական բանակցությունների տարանջատումն արցախյան հարցից, որը, ինչպես խոստովանել էր Արարատ Միրզոյանը, հենց ադրբեջանական առաջարկ էր:
Մեկ այլ լկտիություն է տեղ գտել վերոնշյալ հոդվածում. մեզ ասում են` ո՞նց, դուք ուզում եք նոր կետի՞ց սկսել բանակցությունները, մոռացե՞լ եք, երբ Փաշինյանը նույն բանն ասեց` պատերազմ եկավ մեր գլխին:
Այն վայրում, որտեղ ես հիմա գտնվում եմ, նման անբարոյականություն իրենց թույլ տվող մարդկանց այլ կերպ են կոչում, սակայն ես կխնայեմ ձեր ականջներն ու աչքերը: Ընդամենը երկու բան կընդգծեմ:
Առաջինը, Օսկանյանի առաջարկի հիմքում ոչ թե նոր «սեփական կետն» է, այլ վերադարձ Արցախի հիմնախնդրի բուն էությանը, ակունքին, հիմնաքարին` ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Եվ, երկրորդը, Օսկանյանի առաջարկի կամ ՀԱՅԱՔՎԵ-ի դեպքում այդ ի՞նչ նոր պատերազմի վտանգի մասին եք խոսում դուք, երբ հետևողականորեն և հաճույքով տրվում եք Ադրբեջանին, սակայն անգամ այդ պարագայում խոսում եք նոր պատերազմի վտանգի և էթնիկ զտումների հեռանկարի մասին:
Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ,
«Նուբարաշեն» ՔԿՀ
11.07.2023